Էդվարդ Նալբանդյան. «Հայաստանը շահագրգռված է հայ-հնդկական հարաբերությունների հետագա զարգացմամբ»


Էդվարդ Նալբանդյան. «Հայաստանը շահագրգռված է հայ-հնդկական հարաբերությունների հետագա զարգացմամբ»

  • 01-11-2011 15:06:47   | Հայաստան  |  Քաղաքական

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Հնդկաստանի ԱԳՆ Արեւելքի հարցերով Քարտուղարին: Նոյեմբերի 1-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հնդկաստանի Արեւելքի հարցերով քարտուղար Սանջայ Սինգհին: Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց վերջին շրջանում հայ-հնդկական հարաբերություններում նկատվող ակնհայտ աշխուժացումը՝ ընդգծելով, որ դա երկու կողմից ցուցաբերվող հետեւողականության արդյունք է, եւ Հայաստանը շահագրգռված է հայ-հնդկական ավանդական ջերմ ու բարեկամական հարաբերությունների հետագա զարգացմամբ եւ խորացմամբ։ Սանջայ Սինգհն ընդգծեց, որ Հնդկաստանում առանձնահատուկ ջերմությամբ են վերաբերվում Հայաստանին ու հայ ժողովրդին եւ երկրի իշխանությունները նպատակադրված են ընդլայնել Հայաստանի հետ բարեկամական գործընկերությունն ու համագործակցությունը։ Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրեցին, որ անցյալ տարի ՀՀ ԱԳ նախարարի Հնդկաստան կատարած պաշտոնական այցելության ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններն արդեն ի կատար են ածվում: Էդվարդ Նալբանդյանն ու Սանջայ Սինգհը քննարկեցին հոկտեմբերի 31-ին կայացած տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի եւ այսօր տեղի ունեցած երկու երկրների ԱԳՆ-երի միջեւ խորհրդատվությունների արդյունքները: Հանդիպմանը կողմերն անդրադարձան երկկողմ քաղաքական, տնտեսական, կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների, մշակութային եւ առողջապահության բնագավառներում համագործակցության ընդլայնմանն ուղղված ծրագրերին եւ այդ ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին` մասնավորապես համապատասխան գերատեսչությունների միջեւ խորհրդատվությունների անցկացման, գործարար շրջանակների միջեւ շփումների ակտիվացման ինչպես նաեւ իրավապայմանագրային դաշտի ընդլայնման միջոցով: Ըստ ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչության մամլո հաղորդագրության, զրուցակիցները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային եւ միջազգային մի շարք հարցերի շուրջ: ՀՀ ԱԳՆ ղեկավարը ներկայացրեց Հարավային Կովկասի տարածաշրջանային խնդիրները եւ դրանց կարգավորման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումները: Էդվարդ Նալբանդյանը բարձր գնահատեց Հնդկաստանի հավասարակշռված դիրքորոշումն արցախյան հիմնախնդրի վերաբերյալ:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play