ՀՀ ՊՆ-ում ամփոփվել են 2011թ. գարնանային զորակոչի արդյունքները


ՀՀ ՊՆ-ում ամփոփվել են 2011թ. գարնանային զորակոչի արդյունքները

  • 12-11-2011 19:31:10   | Հայաստան  |  Քաղաքական

Հայաստանի պաշտպանության նախարարությունում նոյեմբերի 12-ին տեղի է ունեցել հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստ, որի ընթացքում ամփոփվել են 2011թ. գարնանային զորակոչի արդյունքները, առաջադրվել են խնդիրներ աշնանային զորակոչի պատշաճ կազմակերպման ու անցկացման համար: Ըստ ՊՆ Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության, խորհրդակցությանը, որը վարում էր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, մասնակցում էին նաեւ պետական կառավարման այլ մարմինների ղեկավարներ, մարզպետներ, հանրապետության տարածքային բոլոր զինկոմներն ու զինկոմիսարիատների բաժանմունքների աշխատակիցները, բուժհանձնաժողովների անդամներ, բարձրաստիճան զինվորականներ եւ զորակոչի անցկացմանն օժանդակող այլ կառույցների ներկայացուցիչներ: Բացելով խորհրդակցությունը՝ Սեյրան Օհանյանը կարեւորել է միջոցառման անհրաժեշտությունը, նշելով, որ զինված ուժերի համար կարեւորագույն գործընթացներից մեկը նրա համալրումն է, որն իրականացվում է զորակոչի շրջանակներում: Կարեւորելով զորակոչը արդարության եւ օրինականության մթնոլորտում կազմակերպելը` պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել գարնանային զորակոչի ընթացքում բարեխիղճ աշխատանք ցուցաբերած զինկոմիսարներին եւ խիստ ցուցումներ տվել այն զինկոմիսարներին, որոնց աշխատանքներում եղել են թերացումներ ու բացթողումներ: Հաշվետու զեկույցով հանդես է եկել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Վալերի Գրիգորյանը: Խոսելով 2011թ. գարնանային զորակոչի արդյունքների եւ առաջիկա զորակոչի խնդիրների մասին` Վ.Գրիգորյանը նշել է զորակոչի թե հաջողությունները եւ թե որոշակի բացթողումները: ՊՆ աշխատակազմի վերահսկիչ վարչության կողմից ստուգումներ են կատարվել զինկոմիսարիատներում: Դրանց արդյունքները ներկայացրել է վարչության պետ, գնդապետ Արմեն Սահակյանը: Մանրակրկիտ ստուգվել են զինակոչիկների փաստաթղթերն ու անձնական գործերը, որոնց մեջ երբեմն առկա են եղել հակասություններ, օրինակ` եղել են դեպքեր, երբ քաղաքացիական բուժհիմնարկների եւ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի հետազոտության տվյալները չեն համապատասխանել: Ըստ այդմ` հանրապետական հավաքակայանից զինակոչիկները ուղարկվել են լրացուցիչ հետազոտության, իսկ մեղավորներն ու գործի նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունք դրսեւորողներն էլ պատժվել են: Ազգային ժողովում իրականացված օրենսդրական փոփոխություններին է անդրադարձել ԱԺ պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը: Նա գոհունակությամբ արձանագրել է, որ հանձնաժողովն ու պաշտպանության նախարարությունը ակտիվորեն համագործակցում են զորակոչը ավելի թափանցիկ ու արդար մթնոլորտում իրականացնելու հարցերում: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ-զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանն իր ելույթում անդրադարձել է գարնանային զորակոչի ընթացքում տեղ գտած իրավախախտումների ու հանցագործությունների, ինչպես նաեւ հարուցված քրեական գործերի վերլուծությանը: Զինդատախազը առանձնահատուկ ընդգծել է բուժհանձնաժողովների թերացումներն ու խախտումները: Նիստի ընթացքում զորակոչային հանձնաժողովի անդամները քննարկել են երիտասարդների կցագրմանը եւ հաշվառմանը, բուժհետազոտությանը, հիվանդության պատճառով բանակից զորացրվածների, զորակոչից խուսափողների նկատմամբ պատժամիջոցների ու վարչական տույժերի կիրառմանը, ինչպես նաեւ գործընթացին առնչվող այլ հարցեր: Նիստի ավարտին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդես է եկել ամփոփիչ ելույթով: Շնորհակալություն հայտնելով ներկաներին համատեղ աշխատանքի համար` նախարարը համոզմունք է հայտնել, որ բոլոր օղակների սերտ համագործակցության արդյունքում հերթական աշնանային զորակոչի աշխատանքները կիրականացվեն առավել արդյունավետ ու բարձր մակարդակով: Նախարարը զորակոչի պատշաճ կազմակերպման ու անցկացման համար տվել է համապատասխան ցուցումներ: Գարնանային զորակոչն արդյունավետ կազմակերպելու եւ անցկացնելու համար զինկոմիսարիատների, իրավապահ մարմինների, բուժհանձնաժողովների եւ այլ կառույցների մի շարք ներկայացուցիչներ պարգեւատրվել են գերատեսչական մեդալներով, պատվոգրերով եւ արժեքավոր նվերներով:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play