Սերժ Սարգսյանն մասնակցել է «Ղարաբաղի վերքերը» ֆիլմաշարի տեսասկավառակների շնորհանդեսին


Սերժ Սարգսյանն մասնակցել է «Ղարաբաղի վերքերը» ֆիլմաշարի տեսասկավառակների շնորհանդեսին

  • 18-11-2011 17:06:45   | Հայաստան  |  Մշակույթ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքի Արմենիա-Մարիոթ հյուրանոցում մասնակցել է բուլղարացի ռեժիսոր Ցվետանա Պասկալեւայի «Ղարաբաղի վերքերը» ֆիլմաշարի տեսասկավառակների շնորհանդեսին: Տեսասկավառակները բաղկացած են արցախյան ազատամարտի վերաբերյալ ռեժիսորի 7 վավերագրական ֆիլմերից, որոնք ձայնագրվել են 6 լեզվով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն եւ բուլղարերեն: Ցվետանա Պասկալեւան շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին՝ համաշխարհային վավերագրության համար կարեւոր ու մեծ այս ծրագրի իրագործմանն աջակցության համար, որի շնորհիվ, ըստ նրա, հնարավոր կլինի ճիշտ պատկերացում կազմել ղարաբաղյան խնդրի մասին: Ցվետանա Պասկալեւան «Ղարաբաղի վերքերը» նախագծի տեսասկավառակների մայր օրինակները` համապատասխան հավաստագրով, միջոցառման ժամանակ հանձնել է Նախագահ Սերժ Սարգսյանին: Հանրապետության ղեկավարը բարձր է գնահատել վավերագրող, ռեժիսոր Ցվետանա Պասկալեւայի կատարած մեծ աշխատանքը, առանց որի, Նախագահի խոսքով, ամբողջական պատկերացում չէր լինի ղարաբաղյան հակամարտության մասին: Նախագահը շնորհակալություն է հայտնել Ցվետանա Պասկալեւային, ով իր երիտասարդ կյանքի մի մեծ հատված եղել է հայ զինվորի, երկրապահի, հայոց հողի պաշտպանի կողքին եւ հավերժացրել այն մարդկանց գործունեությունը, ովքեր կարողացել են պատվով պաշտպանել իրենց հայրենի հողը: Սերժ Սարգսյանի խոսքով, արված աշխատանքը եւ ցուցաբերված աջակցությունը նաեւ հարգանքի տուրք է բոլոր այն մարդկանց, ովքեր մասնակցել են այդ մեծ գործին: Նախագահն ընդգծել է, որ այսօր ոչ պակաս կարեւոր է շարունակել ղարաբաղցիների պայքարի ճշմարտացիությունը աշխարհին հասցնելու գործը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play