Տեղի են ունեցել խորհրդարանական լսումներ` բնապահպանների մասնակցությամբ


Տեղի են ունեցել խորհրդարանական լսումներ` բնապահպանների մասնակցությամբ

  • 02-12-2011 18:45:15   | Հայաստան  |  Հասարակություն

Բնապահպանության նախարարության ռազմավարական ծրագրերի ու մոնիթորինգի բաժնի պետ Ջուլիետա Ղլիչյանը ներկաներին ծանոթացրել է 1995 թ. ընդունված օրենքում առաջարկվող հիմնական փոփոխություններին` դրանք հիմնավորելով կիրառման ընթացքում ի հայտ եկած օրենսդրական բացերը վերացնելու եւ միջազգային չափանիշներին համապատասխան մոտեցումներ ամրագրելու հանգամանքով: Գործող օրենքում, բանախոսի ներկայացմամբ, բացակայում են շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման, ռազմավարական էկոլոգիական գնահատման, անդրսահմանային ազդեցություններին վերաբերող ընթացակարգերը: Ի թիվս նշված ընթացակարգերի ներդրման` կառավարությունը նախագծում նաեւ դասակարգել է փորձաքննության ենթակա գործունեության տեսակները ըստ շրջակա միջավայրի վրա ազդեցության` խմբավորելով դրանք Ա, Բ, Գ կատեգորիաներում եւ դրանց համար նախատեսելով համապատասխանաբար 60, 40 եւ 30 օր: Այսօր գործում է փորձաքննության ժամկետների միասնական կարգ. բոլորի համար այն 120 օր է: Նախարարության ներկայացուցիչը նաեւ տեղեկացրել է, որ գործող օրենքով փորձաքննությունն անց է կացվում նախաձեռնողի ֆինանսավորմամբ, մինչդեռ նախագծի ընդունման պարագայում այն կիրականացվի պետբյուջեի միջոցներով: Բնապահպանների ու նախաձեռնող խմբի անունից շրջանառված փաթեթի վերաբերյալ անհամաձայնություն է ներկայացրել փորձագետ Արման Վերմիշյանը` նշելով, որ իրենց դիտողությունները սկզբունքային են, ինչով պայմանավորված էլ առաջարկում են նախագծերը հետ տանել եւ օրենքի նոր նախագիծ մշակել: Արման Վերմիշյանն առաջարկել է այս նախագծերի փոխարեն շրջանառության մեջ դնել նոր փաթեթ` կից այլ օրենքներում փոփոխություններով ու ենթաօրենսդրական ակտերով: Նաեւ` այն ուղարկել Օրհուսի համապատասխանության կոմիտե` ստանալու փորձագիտական եզրակացություն: Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը լսումների վերջում անհրաժեշտ ու հիմնավորված է համարել օրենքը փոփոխելու` կառավարության նախաձեռնությունը: Անհամաձայնությունների վերաբերյալ նա նկատել է` սպասում են բոլորի առաջարկություններին ու դիտողությունների, որոնք քննարկումից հետո կարտացոլվեն լրամշակված փաթեթում: Նախարարը նկատել է, որ բնապահպանության ոլորտում շատ են մասնագիտացված ՀԿ-ները, որոնց հետ համագործակցության արդյունքում կբարելավվեն նախագծերը:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play