Նոր հաղթանակների մաղթանքով


Նոր հաղթանակների մաղթանքով

  • 21-12-2011 16:32:42   | Հայաստան  |  Սպորտ

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան ի սրտե շնորհավորում է Մարզական լրագրողների հանրապետական ֆեդերացիայի հարցման արդյունքով որոշված՝ 2011թվականի տասը լավագույն մարզիկներին, մաղթում հետագա հաջողություններ ու նորանոր բարձունքների նվաճում՝ ի պատիվ մեր երկրի եւ ի փառս հայկական սպորտի: Միեւնույն ժամանակ մենք մեր զարմանքն ու տարակուսանքն ենք հայտնում առ այն, որ տասնյակում տեղ չի գտել Սամբոյի 2011թ. Եվրոպայի չեմպիոն Վաչիկ Վարդանյանի կամ Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հակոբ Առաքելյանի անունները: Ինքնին հասկանալի է, որ քվեարկությանը մասնակցած մարզական լրագրողները նախապատվությունը տվել են օլիմպիական մարզաձեւերին, սակայն չմոռանանք, որ սամբո մարզաձեւը նույնպես մեծ մասսայականություն է վայելում, հանդիսանում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի անդամ, ֆինանսավորվում է պետական բյուջեից եւ տարվա մարզական արդյունքներն ամփոփելիս էլ՝ հայ մարզիկների նվաճած մեդալների ընդհանուր ցուցակում հաշվառվում են նաեւ սամբիստների՝ աշխարհի եւ եվրոպայի առաջնություններում նվաճված մեդալները, որոնք, գուցե չունեն օլիմպիական մարզաձեւերից ակնկալվող հնչեղությունը, սակայն իրենց հարգով ու փայլով չեն զիջում նմաններին: Տեղեկանքի կարգով նշենք, որ հայ սամբիստները 2011թ. աշխարհի եւ եվրոպայի առաջնություններից վերադարձել են երկու տասնյակ մեդալներով, որը կազմում է ընդհանուրի մոտ 15 տոկոսը: Կարծում ենք, հետայսու, արժե վերանայել մարզաձեւերի հանդեպ «կաղապարված» մոտեցումը, այդպիսով՝ նպաստել բոլոր այն հայ մարզիկներին, ովքեր միջազգային ամենաբարձր ասպարեզներում հնչեցնում են հայոց օրհներգն ու ծածանում հայոց եռագույնը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play