Բակո Սահակյանը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գալա երեկոյին


Բակո Սահակյանը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գալա երեկոյին

  • 22-12-2011 12:15:13   |   |  Հասարակություն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 21-ին Մոսկվա քաղաքում մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գալա երեկոյին եւ երեկոյի ժամանակ հանդես եկել ողջյունի խոսքով. «Սրբազան հայր, Հարգարժան դեսպան, Տիկնայք եւ պարոնայք, Ուրախ եմ ողջունել ձեզ եւ ի դեմս ձեզ` Ռուսաստանում բնակվող մեր բոլոր հայրենակիցներին: Հեռուստամարաթոնի շրջանակներում, ինչպես գիտեք, տեղի են ունեցել շատ հանդիպումներ աշխարհի տարբեր երկրներում: Այսօրվա հանդիպումն ունի առանձնահատուկ նշանակություն` հաշվի առնելով հանդիպման ձեւաչափն ու այն խնդիրները, որոնք մեզ հաջողվել է լուծել միասին երկար տարիների ընթացքում: Առանց չափազանցության կարելի է ասել, որ ձեզնից յուրաքանչյուրը հանդիսանում է այն արժանի հայը, ով իր հնարավորության սահմաններում մասնակցում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության` որպես անկախ պետության կայացման գործին: Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հոգատար վերաբերմունքը Արցախի հանդեպ, հայրենի երկրին ու ժողովրդին ձեր անսահման նվիրվածությունը, ինչը մեզ համար ունի ինչպես նյութական, այնպես էլ բարոյական հսկայական նշանակություն: Այն օգնում է մեզ ավելի արագ կառուցել Արցախ աշխարհը, ստեղծել ժամանակակից պայմաններ տնտեսության զարգացման, մարդկանց նորմալ կենսագործունեության ապահովման ուղղությամբ: Ձեր աջակցությամբ իրականացվել եւ այսօր էլ իրականացվում են շատ ծրագրեր, կառուցվում ու վերանորոգվում են դպրոցներ, մանկապարտեզներ, բուժհիմնարկներ, բնակելի տներ, ճանապարհներ, անց են կացվում ջրատարներ Արցախում ապրող եւ իր ձեռքերով իր ապագան կերտող մեր ժողովրդի համար: Դա ազգանպաստ ու հայրենանվեր առաքելություն է, ինչի համար մենք խորապես երախտապարտ ենք ձեզ բոլորիդ: Թանկագին բարեկամներ, Այս տարիների ընթացքում իրականացված բարեփոխումների արդյունքում Արցախում արդեն ակնառու են դրական տեղաշարժերը, արձանագրվել է կայուն տնտեսական աճ, որը զգալիորեն գերազանցում է նախկին տարիների ցուցանիշը: Առկա է բարենպաստ ներդրումային դաշտ, ինչը հնարավորություն է տալիս փոխշահավետ գործընկերային հարաբերություններ հաստատել միջազգային տարբեր ընկերությունների հետ: Այս ամենի մեջ անգնահատելի է նաեւ ձեր ներդրումը: Եվ այսօր մենք կրկին հավաքվել ենք այստեղ, որպեսզի ձեզ հետ միասին, համատեղ ուժերով շարունակենք լուծել մեր պետության առջեւ ծառացած կարեւորագույն խնդիրները: Այդպիսի խնդիր է այսօր հանդիսանում Արցախի ջրային պաշարների արդյունավետ օգտագործումը եւ դրանց պաշտպանությունը: Մենք նախատեսում ենք այս տարի եւս շարունակել հանրապետության ջրային համակարգի բարելավման գործընթացը, որպեսզի 21-րդ դարում գոնե արցախցին ջրի պակաս չզգա: Ուզում եմ վստահ լինել, որ այս անգամ էլ մենք կկարողանանք միավորել մեր ջանքերը եւ հաջողությամբ իրականացնել հայրենի երկրի համար ռազմավարական կարեւորագույն նշանակություն ունեցող այս ծրագիրը եւս: Միայն այսպես միասնաբար մենք կարող ենք հաղթահարել բոլոր դժվարությունները եւ հաստատուն քայլերով ընթանալ մեր պետականության ամրապնդման, հարազատ ժողովրդի համար արժանավայել կյանք ստեղծելու ճանապարհով: Սիրելի հայրենակիցներ, Օգտվելով առիթից` ուզում եմ շնորհավորել բոլորիդ գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը եւ մաղթել խաղաղություն, քաջառողջություն, երջանկություն ու ամենայն բարիք: Թող Նոր տարին նոր հաջողություններ բերի ձեզ եւ ձեր ընտանիքներին: Շնորհակալություն»: Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը, Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, ԼՂՀ Նախագահի խորհրդական Արմեն Իսագուլովը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, պաշտոնատար այլ անձինք, հայազգի բարերարներ եւ գործարարներ:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play