Հարուցվել է քրեական գործ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի աշխատակիցների կողմից պարտականությունները ոչ պատշաճ կատարելու դեպքի առթիվ


Հարուցվել է քրեական գործ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի աշխատակիցների կողմից պարտականությունները ոչ պատշաճ կատարելու դեպքի առթիվ

  • 24-05-2011 16:20:27   | Հայաստան  |  Հասարակություն
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի աշխատակիցների կողմից պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, դրանց նկատմամբ անփույթ ու անբարեխիղճ վերաբերմունք դրսեւորելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: 2011թ. մայիսի 10-ին եւ 11-ին մամուլում տեղ գտած հրապարակումների հիման վրա Շենգավիթ վարչական շրջանի դատախազի ցուցումով նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2011թ. մայիսի 3-ի ժամը 10:30-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մի խումբ բուժաշխատողներ, ունենալով բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնելու պարտականություններ, դրանք կատարել են ոչ պատշաճ եւ դրսեւորել անփույթ ու անբարեխիղճ վերաբերմունք: Մասնավորապես, վիրահատման ենթակա 2004թ.-ին ծնված, ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի բնակիչ Գ.Մովսիսյանի փոխարեն վիրահատարան են տեղափոխել վիրահատման ոչ ենթակա 2006թ.-ին ծնված, ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան գյուղի բնակիչ Ն.Դարբինյանին: Վերջինիս նկատմամբ բժշկական կենտրոնի աշխատակիցներն անհիմն իրականացրել են բժշկական վիրահատական միջամտություն` Ն.Դարբինյանի առողջությանն անզգուշությամբ պատճառելով միջին ծանրության վնաս` առողջության տեւական քայքայումով: Ըստ ՀՀ դատախազության հանրային կապերի վարչության հաղորդագրության, փաստի առթիվ ՀՀ ոստիկանության Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի հատկանիշներով:
Նոյյան տապան  -   Հասարակություն