Դավիթ Հարությունյան. Մեր խնդիրն է Ընտրական օրենսգրքում առաջարկել այնպիսի մեխանիզմներ, որոնք կունենան կանխարգելիչ նշանակություն եւ կբարձրացնեն հանրային վստահությունը


Դավիթ Հարությունյան. Մեր խնդիրն է Ընտրական օրենսգրքում առաջարկել այնպիսի մեխանիզմներ, որոնք կունենան կանխարգելիչ նշանակություն եւ կբարձրացնեն հանրային վստահությունը

  • 23-05-2011 19:29:53   | Հայաստան  |  Քաղաքական
Մայիսի 23-ին` Ազգային ժողովի գարնանային նստաշրջանի հերթական վերջին քառօրյա նիստերի առաջին օրը, խորհրդարանն երկրորդ ընթերցմամբ քննարկեց ՀՀ ընտրական օրենսգրքի նոր խմբագրությամբ նախագծի եւ հարակից օրենքներում փոփոխությունների քաղաքական կոալիցիայի ներկայացրած փաթեթը: Այն, ըստ ամենայնի, կքվեարկվի մայիսի 24-ին: Օրենսդրական փաթեթի քննարկման հատուկ ընթացակարգի մասին ԱԺ-ի ընդունած որոշման համաձայն, փաթեթը վերջնական` երրորդ, ընթերցմամբ կքննարկվի երկրորդ ընթերցմամբ ընդունվելուց հետո` 24 ժամվա ընթացքում: Ըստ հիմնական զեկուցող, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի, առաջին ընթերցումից հետո տեղի են ունեցել բազմաթիվ քննարկումներ, այդ թվում` միջազգային փորձագետների մասնակցությամբ հանրային լսումներ: Արդյունքում կատարվել են մի շարք էական փոփոխություններ: Նա հայտնեց, որ հեղինակների խորին համոզմամբ, Ընտրական օրենսգիրքը պետք է «պատասխան տա այն թերություններին` առկա կամ ենթադրյալ, որոնք նշմարվել են նախորդ ընտրությունների ժամանակ», հավելելով, որ իրենց խնդիրն է առաջարկել այնպիսի մեխանիզմներ, որոնք կունենան կանխարգելիչ նշանակություն եւ կբարձրացնեն հանրային վստահությունը: «Կանխարգելիչը հույժ կարեւոր է, որովհետեւ, եթե անգամ առկա են անձինք, ովքեր ունեն գայթակղություն գնալու խախտումների, ապա մենք ի սկզբանե պետք է ամրագրենք մեխանիզմներ, որոնք այդ ցանկությունը, գայթակղությունը կամ հնարավոր անպատժելիության շանսը նվազեցնեն: Մենք պարտավոր ենք ապահովել այնպիսի հավասարակշռված մեխանիզմներ, որ, երբ անգամ հանրության շրջանակներում դուք լսեք մեղադրանքներ, քննադատություններ, որ առկա էին այսպիսի խախտումներ, ձեզ մոտ առաջին հերթին ծագի մեկ հարց` արդյո՞ք դա հնարավոր է»,-ասաց Դ.Հարությունյանը: Փետրվարի 28-ից բոյկոտ հայտարարած «Ժառանգություն» խմբակցության բացակայության պայմաններում կոալիցիայի օրենսդրական նախաձեռնության հիմնական ընդդիմախոսի` ՀՅԴ խմբակցության, քննադատությանն ի պատասխան ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը նկատեց. «Մենք կողմ ենք քվեարկելու օրենսգրքին, եւ բնական եմ համարում, որ Սուրբ գիրք չենք ստեղծում` քննադատելու շատ բաներ կլինեն»:
Նոյյան տապան  -   Քաղաքական