ԼՂՀ ԱԳՆ. Ադրբեջանը շահագրգռված չէ շփման գծի միջադեպերի հետաքննությամբ


ԼՂՀ ԱԳՆ. Ադրբեջանը շահագրգռված չէ շփման գծի միջադեպերի հետաքննությամբ

  • 16-01-2012 14:22:55   |   |  Քաղաքական

Դեկտեմբերի 22-ին ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստում ընդունվել է կազմակերպության ընդհանուր բյուջեն: Դրա հետ մեկտեղ քննարկվել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի /ԳՆԱՆ/ գրասենյակի ֆինանսավորման ավելացման հարցապնդումը` պայմանավորված նրանով, որ ԳՆԱՆ գրասենյակի հնարավորություններն անհրաժեշտ է ամրապնդել, որպեսզի աջակցություն ցուցաբերվի Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում հնարավոր միջադեպերի հետաքննության անցկացմանը, այդ թվում` ի կատարումն 1995 թ. փետրվարի 6-ի պայմանավորվածությունների, որոնք ստորագրել են հակամարտության երեք կողմերը /ԼՂՀ, Ադրբեջան եւ Հայաստան/ ԵԱՀԿ Մինսկի կոնֆերանսի համանախագահների միջնորդությամբ: Ինչպես հայտնում է ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվական վարչությունը, ԳՆԱՆ գրասենյակի բյուջեի ավելացման գաղափարը լայն աջակցություն է գտել ԵԱՀԿ անդամ-պետությունների շրջանում: Հատկանշական է, որ կտրականապես դեմ է հանդես եկել միայն Ադրբեջանի պատվիրակությունը, իր դիրքորոշումը բացատրելով նրանով, որ չի կարող հավանություն տալ գրասենյակին հավելյալ միջոցների տրամադրմանը, քանի դեռ ձեռք չի բերվել միջադեպերի հետաքննության մեխանիզմի մանրամասերի շուրջ վերջնական պայմանավորվածություն: « Ցավոք, մենք արդեն առաջին անգամ չենք բախվում նման իրավիճակի, երբ Ադրբեջանի ղեկավարության գործողությունները ամբողջովին հակասում են բարձր մակարդակով արված նախկին հայտարարություններին, մասնավորապես, այն հայտարարությանը, որ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների կողմից հնչեցվել է 2011 թվականի մարտի 5-ին Սոչիում : Սա մեկ անգամ եւս վկայում է, որ Ադրբեջանը շահագրգռված չէ շփման գծի միջադեպերի հետաքննությամբ, քանի որ արդյունքում ի հայտ է գալու, որ հենց ադրբեջանական կողմն է պարբերաբար իրականացնում սադրանքներ, դրանով իսկ խորացնելով հակամարտող կողմերի փոխադարձ թշնամանքն ու անվստահությունը եւ բանակցային գործընթացը կանգնեցնելով փակուղու առաջ»,-ասված է ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվական վարչության մեկնաբանության մեջ:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play