Թավրիզում կայացել է Տեառնընդառաջի արարողություն եւ ավանդական հրավառություն՝


Թավրիզում կայացել է Տեառնընդառաջի արարողություն եւ ավանդական հրավառություն՝

  • 14-02-2012 14:58:30   | Իրան  |  Հասարակություն
Համաձայն մեր օրացոյցի՝ փետրւարի 13-ը նշւում է «Նախատօնակ Տեառնընդառաջի» եւ աւանդական հրավառութեան օր. ուստի՝ երեկոյեան ժամը 6-ից սկսեալ՝ բազմամարդ էր Թաւրիզի Ս. Սարգիս եկեղեցին, ուր Ատրպատականի հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ Տ. Գրիգոր ծ. վրդ. Չիֆթճեանը կատարեց եկեղեցական արարողութիւնը, իսկ արարողութեան շարականների երգեցողութիւնը կատարեց Թաւրիզի եկեղեցիների «Կոմիտաս» երգչախումբը՝ ղեկավարութեամբ Վարդան Վահրամեանի: Արարողութեան ընթացքում յաւուր պատշաճի քարոզ խօսեց Տ. Գրիգոր ծ. վրդ. Չիֆթճեանը: Հայր Սուրբն անդրադարձաւ մեր Տիրոջ՝ Յիսուս Քրիստոսի տաճար ընծայմանը: Նա իր խօսքում յատուկ մատնանշմամբ անդրադարձաւ ծնողների եւ ընտանիքի աւագների միջոցով մեր սերունդներին տրւելիք ազգային ու քրիստոնէական դաստիարակութեան կարեւորութեանը՝ մասնաւորելով մայրիկների ու տատիկների մեծ դերակատարութիւնը, որպէսզի մեր հասարակութեան մէջ ընտանիքները լինեն կայուն ու հաստատուն: Ի նշան Յիսուս Քրիստոսի տաճար ընծայման՝ եկեղեցի էին բերւել մեծ թւով մանուկներ: Հայր Սուրբը շեշտեց, որ միշտ պէտք է այս մանուկները եկեղեցի բերւեն: Մանուկների անմեղ աչքերի մէջ կարելի է տեսնել Աստծուն... Տ. Գրիգոր ծ. վրդ. Չիֆթճեանը առնելով եկեղեցի բերւած նորածին մանկանը մէկ շրջան կատարեց խորանի շուրջ, ապա հերթականօրէն եկեղեցի բերւած բոլոր փոքրիկներին դարձրեց խորանի շուրջ: Տէրունական աղօթքի երգեցողութիւնից յետոյ «Կոմիտաս» երգչախմբի միջոցով հնչող «Կիլիկիա» երգի կատարման ժամանակ Հայր Սուրբը Ս. Սարգիս եկեղեցու խորանից վառած մոմով ուղեւորւեց եկեղեցու բակում հրավառութեան համար նկատի առնւած խարոյկի փայտերին ու վառեց աւանդական կրակը, որի վրայից սկսեցին ցատկել երիտասարդները եւ եկեղեցու բակում կրակի շուրջ ստեղծւեց խանդավառ մթնոլորտ: Քիչ անց եկեղեցուց տուն դարձող հաւատացեալները իրենց հետ տանում էին եկեղեցում վառած մոմերը: Թղթակից (Թաւրիզ) «ԱԼԻՔ» օրաթերթ
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play