Ցվետանա Պասկալևա. Ղարաբաղցու հոգու ուժի դրսևորումն անհնար է կոտրել


Ցվետանա Պասկալևա. Ղարաբաղցու հոգու ուժի դրսևորումն անհնար է կոտրել

  • 23-02-2012 21:15:45   | Հունաստան  |  Հարցազրույցներ

Աթենքում հրատարակվող «Հայաստան» շաբաթաթերթը հարցազրույց է վարել բուլղարացի հայտնի հեռուստալրագրող, ղարաբաղյան ազատամարտի մասին վավերագրական ֆիլմերի հեղինակ Ցվետանա Պասկալեւայի հետ: Ստորեւ ներկայացնում ենք այն ամբողջությամբ. - Թեկուզ Ձեր մասին գիտեն` ինչպես Հայաստանում, նույնպես եւ Սփյուռքում, սակայն կուզենայինք Ձեզ ներկայացնեիք մեր նոր սերնդին: - Նոր սերունդը ծնվել է Արցախյան ողբերգական իրադարձություններից հետո. նրանք երեւի չեն էլ հիշում կատարվածը, բայց կան այդ փաստագրական կադրերը` 7 ֆիլմեր, որոնք ես նկարել եմ Ղարաբաղի ողբերգության մասին, «Ղարաբաղյան պատերազմի քրոնիկներ», դա հիշեցումն է եկող սերունդներին, որոնք պետք է իմանան այդ տարածքի պատմությունը, հայոց պատմությունը, այդ հերոսների պատմությունը, որոնք իրականացրեցին անհնարինը, այս դեպքում իրենց անկախությունը պահելու եւ իրենց հողի վրա ապրելու ցանկությունն ու իրավունքը: Նրանք` այն հերոսներն են, որոնք կմնան ձեր հուշերում եւ կոգեշնչեն: Այդ` մի ամբողջ ժողովրդի հերոսական սխրանքն է: Երեխաները եւ կանայք ապրեցին եւ դիմացան մինչեւ վերջնական հաղթանակ: Վերջապես սա իրական վավերագրություն է, որը ոչ միայն հայկական պատմություն է այլ մի պատերազմի պատմություն, որ մտավ համաշխարհային վավերագրության մեջ: Իմ կարծիքով, բոլոր հայերը իրենց տներում պետք է ունենան այս ֆիլմերը որ փոխանցեն իրենց սերունդներին, ինչպես հիմա կարդում են 1915թ. ցեղասպանության մասին եւ դիտում նրան վերաբերող լուսանկարները: Ես կարծում եմ որ նման հոգատար վերաբերմունք պետք է ցուցաբերել նաեւ այս ֆիլմերի նկատմամբ, որովհետեւ դա այն չուղղված պատմությունն է` այն ողբերգությունն է որին հայ ժողովուրդը դիմացավ, դա այն անմարդկային պայմաններն էին որոնց միջով անցան, որ վերջապես մնան իրենց հողի վրա, ներկա այս կյանքի համար որ ունեք հիմա: Հայկական հաղթանակը իրավունք է տալիս ձեզ հպարտանալու: Չնայած աննկարագրելի անհավասարությանը, հակառակորդի թե՛ թվային, թե՛ տեխնիկական առավելությանը դուք ձեր ուժով եւ հավատքով հաղթեցիք եւ ապացուցեցիք այս հողի վրա ապրելու իրավունքը: Եւ դա է այն, որ եկող սերունդը պետք է իմանա: - Ի՞նչը ձեզ` մի երիտասարդ կնոջ, մղեց դիմել նման հանդուգն քայլի եւ մեկնել Արցախ: - Այն ժամանակ ես արդեն ստացել էի իմ առաջին բարձրագույն կրթությունը եւ ուսանում էի Կինեմատոգրաֆիայի համամիութենական ինստիտուտի ասպիրանտուրայում: 1990 թվին ես տեսա Վրաստանի եւ Հարավային Օսեթիայի առաջին պատերազմը եւ հասցրեցի մի քանի ռեպորտաժներ ու նաեւ մի վավերագրական ֆիլմ նկարել, բայց այդ պատերազմը շուտ ավարտվեց: Եվ հետո, երբ Մոսկվայում լսեցի Ղարաբաղյան հակամարտության, Գետաշենի եւ Մարտունաշենի բնակչության տեղահանման մասին, որոնց մասին այդ ժամանակ Մոսկվայում ոչինչ չէին ասում եւ հաղորդում, բացարձակապես ոչ մի տեղեկատվություն չկար Գորբաչովյան ժամանակաշրջանի «գլաստնոստի եւ պերեստրոյկայի» ժամանակ, իմ համար շատ տարօրինակ թվաց դա, որ մարդիկ իրար ականջի փսփսում էին՝ «ինչ որ սարսափելի բան է կատարվել»: Որպես վավերագրող ցանկացա գնալ եւ իմանալ թե ի՞նչ է այդ իրականությունը: Հասցրեցի լինել Գետաշենում, որ շատ դժվար էր, քանի որ ժողովրդի տեղահանումից հետո տարածաշրջանի վերահսկողությունը ադրբեջանական «օմոն»-ի եւ Սովետական զորքերի ձեռքում էր: Եւ այդ կադրերը որոնք նկարեցի հայկական Գետաշենի վերջին էջերն էին, որովհետեւ արդեն ադրբեջանական 600 ընտանիք էին վերաբնակեցնում այնտեղ: Եվ նրանք անընդհատ ինձ «ուղղում» էին, որ այդ գյուղի անունը Չայքենդ է, ոչ թե Գետաշեն: Եվ փաստորեն իմ այդ առաջին ֆիլմում տեսնում եք թե ինչպես են այդ թալանված եւ քանդված տներում վերաբնակեցվում նոր տերերը: Ինձ հաջողվեց մեկ ամիս հետո ներկա լինել Շահումյանում իրականացված «Կոլցո» օպերացիային, որտեղ ես նկարեցի անժխտելի փաստեր, որոնք ես եթեր ուղարկեցի ռուսական «Վեստի» հեռուստակայանով եւ միջազգային այլ լրատվամիջոցներով, թե ինչպես է Սովետական բանակը դրամի համար իրականացնում Էրքեջ գյուղի տեղահանումը: Ես մնացի հուսահատ 23 պաշտպանվողների եւ տեղահանվող ժողովրդի մեջ: Իմ համար չլսված հերոսություն էր այդ 23 մարտիկների դիմադրությունը՝ Ջիվանի հրամանատարությամբ եւ երեւի Աստված էլ մեզ հետ էր, որ կարողացանք անվնաս դուրս գալ այս շրջափակումից: Այդ ռեպորտաժը դարձավ եւս մեկ պայթյուն Սովետական լրատվական դաշտում, որ ինչ է անում Սովետական բանակը: Ինձ համար պարզ դարձավ, որ այդ կայսրությունը ուժգին ճոճվում է եւ արդեն, դեկտեմբեր ամսին Սովետական Միությունը դադարեց գոյություն ունենալուց: Ես տեսա, որ Շահումյանում ոչ մեկը չի նկարահանում եւ աշխարհը անտեղյակ է տեղի ունեցածից: Դա ինձ համար դարձավ մասնագիտական մարտահրավեր: Ես թողեցի ուսումս Մոսկվայի ասպիրանտուրայում, որպեսզի վավերագրեմ կատարվող դեպքերը: Ես չէի կարծում այդ պատերազմը այդքան երկար կտեւի, ինձ թվում էր թե Հարավային Օսեթիայի նման արագ կկոնսերվացնեն: Ինձ թվում էր թե վերեւներում ինչ-որ որոշում կընդունվի Ղարաբաղի հարցով, բայց ես մնում էի եւ մնում էի եւ այնպես ստացվեց, որ 1991-ից մինչեւ 1994 թվականի հաղթական մայիսը մնացի Արցախում: Երբ, զինադատարի պայմանագրից հետո, Ղարաբաղը որեւէ իրավական կարգավիճակ չստացավ, ես որոշեցի մնալ Հայաստանում, որպեսի հետեւեմ թե ինչ է տեղի ունենալու հետագայում, որովհետեւ ես մեծ ջանք էի ներդրել իրականությունը ցույց տալու համար, ես աշխատում էի եւ տանջվում էի այն սպանված երեխաների, կանանց եւ ծերերի համար, ես միշտ լաց էի լինում, երբ վիրակապում էի վիրավորներին, տալիս էի իմ արյունը որովհետեւ հազվագյուտ արյան խումբ ունեմ 4-րդ կարգ բացասական, ղարաբաղցիներից շատերը իրենց արյան խումբը չգիտեին: Պատերազմի դաշտում ադրբեջանցիներին էլ էի փրկում, մարտից հետո գերի ընկածների հետ չէի թողնում հաշվեհարդար տեսնեն, որ կրքերը շատ չբորբոքվեն, մարդասիրություն ցուցաբերեն, որովհետեւ ղարաբաղցիների համար էլ շատ կարեւոր էր կենդանի գերի ունենալը: Ադրբեջանցիները շատ ժամանակ մեկ հայ գերու դիմաց 15 ադրբեջանցի էին պահանջում, այս հարցում մեր զինվորները կատակում էին, որ «Ցվետանա ադրբեջանցիները քեզ մահվան դատավճռի փոխարեն պետք է հուշարձան կանգնեցնեն, եթե իմանան թե քանի ադրբեջանցու կյանք ես փրկել»: Ես միակ անզեն մարդն էի մարտի դաշտում, զենքս իմ կամերան էր, որ միշտ ինձ հետ էր: - Պատերազմի ժամանակ դուք միշտ թեժ կետերում եք եղել: Պատմեք Ձեր դժվար եւ ուրախ պահերի մասին: Ի՞նչ ապրումներ եք ունեցել: - Ողբերգական եւ ցավալի վիճակներ շատ են եղել, հիմա էլ հազարավոր անգամներ իմ դիտած կադրերը նայելիս զգում եմ այդ ողբերգության հոտը: Առանձնապես հիշում եմ 11 տարեկան մի աղջկա, որը որովայնից վիրավորված էր եւ 3 անգամ վիրահատվելուց հետո արյունահոսությունը դեռ շարունակվում էր եւ նրա փրկության համար բժիշկները ինձանից արյուն խնդրեցին, ես իհարկե չմերժեցի: Հաջորդ օրը, առավոտյան, ինձ ասացին, որ աղջնակը ուզում է ինձ տեսնել, ես գնացի նրա մոտ, նա բացեց խոշոր մեծ աչքերը եւ դժվարությամբ շնորհակալություն հայտնեց, ասելով գիտի որ ես ուժեղ կին եմ եւ իմ արյունը կօգնի իրեն ոտքի կանգնելու եւ ինքը երբեք չի մահանա, նրա կողքին երիտասարդ ծնողներն էին, որոնք նույնպես հավատով եւ հույսով ինձ էին նայում: Հաջորդ առավոտյան գնացի փոքրիկ աղջկան տեսնելու բայց նրա անկողինը դատարկ գտա, բուժքույրն ասաց, որ մահացել է: Չնայած դժբախտությանը երիտասարդ ծնողները մի քանի ժամ սպասել էին ինձ շնորհակալություն հայտնելու: Հասկացեք, որ սա Ղարաբաղցու հոգու ուժի դրսեւորումն է, որ նրանց կոտրել անհնարին է: Իսկ ուրախը` որ մարտերի միջեւ ընկած ընդմիջմանը ես օգտվում էի միշտ օծանելիքներից, որ ամիսներով խրամատներում չլողացած զինորները հիշեն, որ իրենք մարդ են, երբ որ ես անցնում էի անշուտահոտություն տարածելով զինորները կատակելով ասում էին, որ ես իրենց արքայադուստրն եմ: Ես ուզում էի որ իրենց մի պայծառ բան թողնել ու նրանք չընկճվեն: Իմ անունով 1991թ.-ին Շահումյանում մի աղջկա մկրտեցին: 1993թ երբ Ղարաբաղի հիվանդանոցում էի ապրում ինձ մոտեցան մի տատիկ եւ մի երիտասարդ կին փոքրիկ աղջկա հետ ասելով, որ աղջկան անվանել են Ցվետանա: Ներկայիս այդ աղջիկը` Ցվետանա Հայրապետյանը ապրում է Ստեփանակերտում եւ ուսանում համալսարանի քաղաքագիտության բաժնում: լավ իմանալով, որ իր մասնագիտությունը հետագայում ինչին է ծառայեցնելու: - Արդյո՞ք դիմել եք Ադրբեջանական կողմի եւ ժողովրդի կարծիքը եւ մոտեցումը իմանլու: - Պատերազմի սկզբում չորս անգամ անցել եմ Ադրբեջանական կողմը. փնտրելու հայկական հեռուստատեսության լրագրող Վահագն Հովհաննիսյանին, որին գտա Գանձակի բանտում: Շատ եմ խոսել ադրբեջանցի գերիների եւ վարձկանների հետ, բայց քանի որ Ադրբեջանում ինձ մահվան էին դատապարտել պարզ էր, որ ես չէի կարող անցնել Ադրբեջան: - Ադրբեջանական կողմը փորձում է «Խոջալուի» դեպքերը, հայերի դեմ պրոպականդայի վերածել: Վերջերս Արցախում եւ Հայաստանում հրապարակված եռալեզու` հայերեն, ռուսերեւն եւ անգլերեն գրքույկը ապացուցում է, որ ադրբեջանական կայքերում ներկայացված «Խոջալուի զոհերի» նկարները մեծավմասամբ պատկանում են Թուքիայի եւ Հարավսլավյաի բնական աղետների եւ ազգամիջյան բախումներին, որոնց տարիներ ազերիները ներկայացնում էին, որպես խոջալուի զոհեր. Ի՞նչ գիտեք այս մասին: - Խոջալուի դեպքերի ժամանակ Ղարաբաղում չէի, բայց գիտեի որ Խոջալուն օղակի նման սեղմել էր Ստեփանակերտը եւ մշտապես հարձակումներ եւ կրակոցներ էր լինում այդ կողմից եւ հարակվոր էր այդ օղակը բացել: Հետագայում ինչքան տեղեկացել եմ, զոհվածները ադրբեջանցի զինվորների կողմից գնդակահարված մարդիկ են եղել: Գիտեմ որ հայերը միջանցք էին թողել խաղաղ բնակչությանը հեռանալու համար: Բայց ադրբեջանցիները ամեն ինչ անում էին փաստերը խեղաթյուրելու համար: Նույն սպանվածը տարբեր վիճակներում նկարված էր, մի անգամ շորերով, մի անգամ առանց շորերի եւ բազմաթիվ այդպիսի փաստեր: - Ի՞նչ պատգամ կուղղեք Հայությանը: - Ցանկանում եմ միասնություն, քանի որ տեսել եմ երբ հայ ժողովուրդը միասնական է ինչի կարող է հասնել: Միասնական եք` ուժեղ եք եւ հաղթող: Նորից եմ ասում Ձեր ուժը միասնության մեջ է... Սփյուռքը մեծ ներուժ է: Հարցազրույցը վարեց` «Հայաստան» շաբաթաթերթի խմբագիր` Այվազյան Դավիթը «Հայաստան» լրատու ցանց. Աթենք, 23.02.2012:
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ