ArmNet Awards 2010-ի մասնակից բոլոր 640 կայքերը կանցնեն երկրորդ փուլ


ArmNet Awards 2010-ի մասնակից բոլոր 640 կայքերը կանցնեն երկրորդ փուլ

  • 01-12-2010 15:47:11   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Նոյեմբերի 30-ին ժամը 23:59:59 ավարտվեց ArmNet Awards 2010 համահայկական վեբ-մրցույթի հանրային քվեարկության փուլը: Մրցույթին մասնակցեցին 640 կայքեր Հայաստանից եւ Սփյուռքից: Քվեարկության փակման պահին կայքում գրանցվել է 121,421 քվե: Հարկ է նշել, որ բազմաթիվ կայքեր հանրային քվեարկության ընթացքում քարոզչական եւ խրախուսական միջոցառումներ են իրականացրել սոցիալական ցանցերում եւ իրենց կայք-էջերում` նպաստելով իրենց օգտին քվեարկողների ձայների կտրուկ բարձրացմանը: Այսօրինակ քարոզչական արշավները շատ ուրախալի են եւ ցույց են տալիս, որ մրցույթը կարճ ժամանակում մեծ ժողովրդականություն է ձեռք բերել եւ կտրուկ ակտիվացրել է հայաստանյան ինտերնետ միջավայրը: Սակայն քվեարկության ընթացքում գրանցվել են դեպքեր, երբ խախտվել է քվեարկության հիմնական կանոնը, որի համաձայն նույն անձը (օգտագործողը) մեկ կայքի օգտին մեկից ավելի անգամ չի կարող քվեարկել: Ինտերնետի հնարքներին տիրապետող որոշ մասնակից կայքեր, կիրառելով այս կամ այն մեթոդը, կարողացել են շրջանցել արգելքը եւ թույլ են տվել չարաշահումներ: Միեւնույն ժամանակ համակարգը լիարժեք հնարավորություն չի տվել քվեարկել նրանց, ովքեր աշխատում են այնպիսի կազմակերպություններում, որտեղ ինտերնետի ելքն իրականացվում է մեկ IP-ով: Հաշվի առնելով վերը նշվածը եւ առաջնորդվելով մրցույթն արդար եւ անաչառ անցկացնելու ցանկությամբ` կազմակերպիչները որոշում են կայացրել երկրորդ փուլում ժյուրիի դատին հանձնել ոչ միայն հանրային քվեարկությամբ առաջին 75 տեղերը զբաղեցրած կայքերը, այլ մրցույթին մասնակցած բոլոր կայքերը: Միաժամանակ կազմակերպիչները հայցում են այն մասնակից կայքերի ներողամտությունը, որոնք ազնվորեն են մասնակցել մրցույթին, ինչպես նաեւ` բոլոր քվեարկողների, ովքեր իրենց քվեն են տվել սիրելի կայքի օգտին: Ցանկանալով բացառել անարդար ընտրությունը` կազմակերպիչները վստահություն են հայտնում, որ պրոֆեսիոնալ ժյուրին ճիշտ կգնահատի յուրաքանչյուր կայքի արժանիքները եւ կբացահայտի լավագույններին: Հաղթողների անունները հայտնի կդառնան դեկտեմբերի 4-ին` պաշտոնական մրցանակաբաշխության արարողություն ժամանակ: Հիշեցնենք նաեւ, որ մրցանակաբաշխության օրը տեղի կունենա Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը նվիրված “Աութսորսինգից մինչեւ նորարարություն” կոնֆերանս, որին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել facebook սոցիալական ցանցում: ArmNet Awards ամենամյա մրցույթը, որն այս տարի անց է կացվում առաջին անգամ, տրվում է ինտերնետի հայկական սեգմենտի զարգացման մեջ զգալի ներդրումների համար: Մրցույթը կազմակերպված է SPMS ընկերության, Circle.am կայքի եւ Orange Armenia ընկերությունների կողմից, ՀՀ Էկոնոմիկայի Նախարարի բարձր հովանու ներքո:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն