Երեւանում կանցկացվի էլեկտրոնային բովանդակության համահայկական 5-րդ մրցույթը` նվիրված հայոց տպագրության 500-ամյակին


Երեւանում կանցկացվի էլեկտրոնային բովանդակության համահայկական 5-րդ մրցույթը` նվիրված հայոց տպագրության 500-ամյակին

  • 25-11-2010 17:08:04   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 25-ը Երեւանում կանցկացվի հայոց տպագրության 500-ամյակին նվիրված էլեկտրոնային բովանդակության համահայկական 5-րդ մրցույթը: Մրցույթի նպատակն է բացահայտել հայկական էլեկտրոնային բովանդակության ոլորտի 2009-2010 թվականների նվաճումները: Միջոցառումը կարող է միջազգային ասպարեզում ներկայանալու հրաշալի հարթակ լինել ոլորտի արտադրողների համար: 2010-ի մրցույթն արդեն թվով հինգերորդն է: Էլեկտրոնային բովանդակության համահայկական անդրանիկ մրցույթը կազմակերպվել է մաշտոցյան գրերի գյուտի 1600 ամյակի առիթով, 2003 թ. եւ կրել «Մաշտոց 1600» խորագիրը: Նախորդ չորս մրցույթին ներկայացվել է ավելի քան 800 մուլտիմեդիա աշխատանք: Հաղթողները հնարավորություն են ստացել ներկայանալու Ժնեւում (2003 թ), Թունիսում, (2005 թ.), եւ Դելիում (2007թ) կայացած Համաշխարհային գագաթաժողովի մրցանակաբաշխություններին (WSA-WORLD SUMMIT AWARD), որտեղից Հայաստանի մասնակիցները տուն են վերադարձել միջազգային երեք մրցանակով: «Հայաստանի առաջատար բջջային օպերատորի համար առաջնահերթություն է մեր երկրի տնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերին աջակցելը: Զարգացած երկրների փորձը ցույց է տալիս, որ որակյալ էլեկտրոնային բովանդակություն ստեղծելը կարող է մրցակցային առավելություն հանդիսանալ: Համաշխարհային զարգացումներին համընթաց քայլելու համար, անհրաժեշտ է խրախուսել էլեկտրոնային բովանդակության ստեղծումը եւ մեր հաջողությունները ներկայացնել աշխարհին: Այս կերպ Հայաստանը կարող է ճանաչվել որպես բարձր տեխնոլոգիաներ ունեցող երկիր, որն ի վիճակի է համաքայլ գնալ միջազգային միտումներին»,- վստահ է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս մրցույթում նախատեսված է Համաշխարհային գագաթաժողովի մրցանակաբաշխության (ՀԳՄ/WSA) կանոնակարգով սահմանված ութ անվանակարգ` էլ.ուսուցում, էլ.առողջապահություն, էլ.գիտություն, էլ.մշակույթ, էլ.ժամանց, էլ.բիզնես, էլ.կառավարում եւ էլ.ներգրավում: Մրցույթում հաղթող կճանաչվեն ոչ միայն բացարձակ ցուցանիշով ամենաբարձր միավորներ հավաքած լավագույն տասնվեց աշխատանքները, այլեւ յուրաքանչյուր անվանակարգում լավագույնը ճանաչված երկու աշխատանք: Լավագույն 16-ը կարժանանան դրամական պարգեւի, իսկ մրցույթի անվանակարգային հաղթողները կստանան համաշխարհային ամենահեղինակավոր մրցույթին մասնակցելու ուղեգրեր: Ինչպես եւ անցյալ մրցույթներում, այս տարի նույնպես հաղթողները կարժանանան խոշոր դրամական պարգեւների: Էլեկտրոնային բովանդակության համահայկական մրցույթի մրցանակային ֆոնդը հաստատված է մրցույթի հովանավորների կողմից եւ կազմում է մոտավորապես 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Դրամական մրցանակ է սահմանված (300,000-ական դրամ) նաեւ ամենաբարձր գնահատված 8 աշխատանքի համար: Հաջորդ ութ տեղերը գրաված աշխատանքներից յուրաքանչյուրի համար սահմանված դրամական մրցանակը կազմում է 150,000-ական դրամ: Նման մրցույթի կազմակերպումն ու դրա շարունակականության ապահովումը կարեւոր է համարվում ՏՏ ոլոտում մեր երկրի առկա ներուժը գնահատելու առումով: Մրցույթի կազմակերպիչներն են Հայաստանի Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամը եւ Էլ.բովանդակության ասոցիացիան (ԷԼԲԱ): Հովանավորներն են` ՀՀ կառավարությունը, Հայաստան համահայկական հիմնադրամը եւ «Այքան քոմունիքեյշնս» ընկերությունը: Միջոցառման գլխավոր հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը: Միջոցառմանը մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել մրցույթի պաշտոնական վեբկայքում` www.econtentaward.am: Գրանցման վերջնաժամկետն է դեկտեմբերի 15-ը: Մրցույթի արդյունքները կամփոփվեն դեկտեմբերի 25-ին:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն