Պետական գույքի կառավարումը կդառնա բուհական կրթության բաղադրիչ


Պետական գույքի կառավարումը կդառնա բուհական կրթության բաղադրիչ

  • 06-03-2012 13:13:40   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության եւ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի միջեւ սկսվել է երկարաժամկետ գործակցության ծրագիր, որի մեկնարկը տրվել է այսօր. համագործակցության պայմանագիրը ստորագրել են ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանն ու Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը: Ըստ փաստաթղթի, մասնավորապես, առաջին անգամ Հայաստանում պետական գույքի կառավարումը՝ որպես մասնագիտություն, կդառնա բուհական կրթության բաղադրիչ, ինչը թույլ կտա երկկողմանի ջանքերով ոլորտի բարձրակարգ մասնագետներ պատրաստել, մասնակցել վերապատրաստման պարբերական գործընթացին եւ աջակցել համալսարանի շրջանավարտներին՝ մասնագիտական աշխատանքով ապահովելու հարցում: «Մենք կարեւորում ենք ՀՀ ԿԱ Պետական գույքի կառավարման վարչության եւ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հետ պայմանագրի ստորագրումը եւ սրանով սկիզբ առնող համագործակցությունը: Վստահ եմ, որ այն երկարատեւ եւ փոխարդյունավետ է լինելու: Առաջին անգամ Հայաստանում պետական գույքի կառավարումը՝ որպես մասնագիտություն, կդառնա բուհական կրթության բաղադրիչ եւ դա՝ ձեր համալսարանում: Պետական գույքի կառավարման վարչությունը սկսել է համարձակ բարեփոխումների շրջան եւ հատկապես այս փուլից սկսած, մեզ անհրաժեշտ է մեր մասնագետների, պրոֆեսիոնալ կադրերի բազան շարունակել համալրել հատկապես Տնտեսագիտական համալսարանի հետ գործակցության շնորհիվ». հայտարարել է Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը: Համալսարանում կներդրվի մագիստրոսական կրթական ծրագիր՝ «Պետական գույքի կառավարում?» մասնագիտացմամբ: Կողմերը համատեղ կքննարկեն ուսումնական պլանները, առարկայական ծրագրերը եւ մագիստրոսական թեզերի թեմաները: Վարչության փորձառու աշխատակիցները եւս Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի հետ կներգրավվեն կրթական ծրագրում: Ըստ ՀՀ ԿԱ ՊԳԿ վարչության մամուլի քարտուղարի մամլո հաղորդագրության, համատեղ կհրատարակվեն դասագրքեր եւ այլ ուսումնամեթոդական նյութեր, կկազմակերպվեն եւ կանցկացվեն համատեղ գիտաժողովներ, սեմինարներ եւ քննարկումներ: Պետական գույքի կառավարման վարչությունը որոշակի ժամանակացույցով բուհի ուսանողների եւ պրոֆեսորադասախոսական կազմի համար կկազմակերպի բաց դռների օր` Վարչության գործառույթները եւ համակարգի բարեփոխումները ներկայացնելու նպատակով: Դրանք հիմնականում ուղղված են պետական գույքի կառավարման արդյունավետության մեծացմանը: Ուսանողները նաեւ պրակտիկայի հնարավորություն կունենան ՊԳԿ համակարգում: Թեեւ համաշխարհային տնտեսությունն առավելապես մասնավոր սեփականության եւ դրա իրավունքի վրա է կառուցված, պետական սեփականության դերը դրանից չի նվազում: Զարգացող երկրների շարքում` Հայաստանում եւս մասնավորեցման զանգվածային գործընթացներ են տեղի ունեցել, իսկ ետմասնավորեցման շրջանում ոլորտի մարտահրավերները պետական գույքի արդյունավետ կառավարման դաշտում են: Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը նաեւ շատ պետությունների ստիպել է վերանայել մոտեցումները պետական ու մասնավոր սեփականության հարցերում: Պետական գույքի կառավարման որակյալ մասնագետների պատրաստումը թույլ կտա համակարգում ավելի ճկուն լուծումներ մշակել եւ պետական գույքն առավելագույնս ծառայեցնել հասարակության շահերին:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play