Հայաստանի վարչապետի մրցանակներով կխրախուսվեն լավագույն կին գործարարները և լավագույն համայնքապետերը


Հայաստանի վարչապետի մրցանակներով կխրախուսվեն լավագույն կին գործարարները և լավագույն համայնքապետերը

  • 07-03-2012 20:55:19   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Կառավարությունում, վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, տեղի է ունեցել վարչապետին կից կանանց հարցերով խորհրդի հերթական նիստը։ Մինչ օրակարգի հարցերին անդրադառնալը վարչապետը շնորհավորել է խորհրդի կին անդամներին. «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ անձամբ իմ անունից սրտանց ցանկանում եմ շնորհավորել ձեզ մարտի 8-ի առթիվ, մաղթել այնպիսի սեր, որը կփայփայի, կխնայի ձեզ եւ կերկարացնի ձեր կյանքը: Այսօր դուք մեր հասարակության ամենակարող ուժն եք, կանգնած եք տղամարդկանց կողքին, օգնում եք մեզ հաղթահարելու բոլոր դժվարությունները եւ այն հաջողությունները, որ ունի Հայաստանի Հանրապետությունը, մեծապես պայմանավորված են ձեզանով»: Օրակարգի առաջին հարցով ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը զեկուցել է «Լավագույն կին-գործարար» ՀՀ վարչապետի մրցանակաբաշխության հայեցակարգի մասին: Նա նշել է, որ մեր երկրի տնտեսական զարգացման բնագավառում կանանց ձեռնարկատիրական նախաձեռնողականության խրախուսման, տնտեսության տարբեր ճյուղերում կին-գործարարների նվաճումների գնահատման, հանրահռչակման եւ սատարման նպատակով ՀՀ վարչապետի մրցանակաբաշխություն կանցկացվի 4` «Լավագույն կին-գործատու», «Լավագույն կին-նախաձեռնող», «Մարզի կին-բարեգործը» եւ «Կին-արտադրողի լավագույն ապրանքանիշը» ուղղություններով: Խորհուրդը հաստատել է ներկայացված հայեցակարգը, մրցույթի հայտարարման ժամկետ սահմանել 2012 թ. մարտի 12-ը: ՀՀ վարչապետի մրցանակների շնորհման արարողությունը տեղի կունենա 2012 թ. ապրիլի 5-ին: Հաջորդիվ հավանության է արժանացել «Լավագույն համայնքապետ՝ գենդերային խնդիրների լուծման ուղղությամբ» ՀՀ վարչապետի մրցանակաբաշխության հայեցակարգը: ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը մանրամասներ է ներկայացրել փաստաթղթի վերաբերյալ: Նշվել է, որ տեղական ինքնակառավարման բնագավառում գենդերային խնդիրների լուծմանն աջակցության եւ համայնքային մակարդակում որոշումների ընդունման հարցում կանանց դերի բարձրացման նպատակով ՀՀ վարչապետի մրցանակներ կշնորհվեն «Լավագույն քաղաքապետ՝ գենդերային խնդիրների լուծման ուղղությամբ» եւ «Լավագույն գյուղապետ՝ գենդերային խնդիրների լուծման ուղղությամբ» անվանակարգերում: Նիստում հաստատվել են մրցութային երկու հանձնաժողովների կազմերը: Այնուհետեւ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, որի ընթացքում արծարծվել են տեղական եւ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության հնարավորություններին, այլ մրցանակների տրամադրման առաջարկություններին եւ մրցանակների հանձնման արարողությունների ձեւաչափին առնչվող հարցեր: «Լավագույն կին-գործարար» եւ «Լավագույն համայնքապետ՝ գենդերային խնդիրների լուծման ուղղությամբ» ՀՀ վարչապետի մրցանակաբաշխությունների վերաբերյալ մանրամասն տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ ՀՀ կառավարության պաշտոնական կայքում` http://www.gov.am/am/councils/reports/5/: ՀՀ կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play