Հայաստանի հանրային հաստատություններում էներգախնայողության մեջ ներդրումներին աջակցում է Գլոբալ բնապահպանական հիմնադրամը


Հայաստանի հանրային հաստատություններում էներգախնայողության մեջ ներդրումներին աջակցում է Գլոբալ բնապահպանական հիմնադրամը

  • 29-03-2012 11:13:10   | ԱՄՆ  |  Տնտեսություն
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 27-ը մարտի, 2012 թ. – Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդն այսօր հաստատեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի (ԳԲՀ) 1,82 միլիոն ԱՄՆ դոլար դրամաշնորհը Հայաստանում էներգախնայողության ծրագրի համար: Ծրագիրը կնպաստի էներգիայի սպառման կրճատմանը սոցիալական եւ այլ հանրային հաստատություններում: Սույն ծրագիրը կաջակցի դպրոցներում, մանկապարտեզներում, հիվանդանոցներում, վարչական շենքերում եւ փողոցների լուսավորության ոլորտում էներգախնայողության մեջ ներդրումներին, կնվազեցնի էներգիայի սպառումը արդիականացված հանրային ու սոցիալական հաստատություններում եւ կկրճատի CO2 արտանետումները: «Մենք ուրախ ենք, որ առաջարկված էներգախնայողության ներդրումների հիմնական շահառուները լինելու են երեխաներն ու հիվանդները, ուսանողները, վարչական շենքերի աշխատակիցներն ու այցելուները», - նշում է Համաշխարհային բանկի Երեւանի գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հապին: - Հայաստանը կսկսի քաղել էներգախնայողության բարձրացման պտուղները էներգածախսերի կրճատման, հարմարավետության մակարդակի բարձրացման եւ արդիականացված հաստատությունների տեսքով»: Ըստ Հայաստանում Համաշխարհային բանկի իրականացրած էներգախնայողության հետազոտության (2008թ.) հաշվարկների` հանրային հատվածում հնարավոր է խնայել շուրջ 132 միլիարդ ՀՀ դրամ (ավելի քան 360 միլիոն ԱՄՆ դոլար), որը համարժեք է տարեկան 130 միլիոն կվտ/ժ էներգիայի եւ կազմում է ամբողջ ծախսված էներգիայի 35%-ը: Ութ հանրային հաստատություններում անցկացված էներգիայի աուդիտները, ինչպես նաեւ Համաշխարհայն բանկի աջակցությամբ իրականացված Քաղաքային ջեռուցման ծրագրի շրջանակներում տասնմեկ դպրոցներում կատարված էներգախնայողության մեջ ներդրումները ցույց են տալիս, որ միջին չափսի հաստատությունը կարող է տարեկան խնայել մոտ 150.000 կվտ/ժ էներգիա` միջին հաշվով 70.000 ԱՄՆ դոլար ներդնելու դեպքում (ծախսերի փոխհատուցման ժամկետը` 3 - 8 տարի): «Աջակցելով էներգախնայողության մեջ ներդրումներին շուրջ 120 դպրոցներում, հիվանդանոցներում եւ այլ հանրային հաստատություններում` ծրագիրը կփորձի զարգացնել, փորձարկել եւ տարածել էներգախնայողության ապահովման վերարտադրելի եւ կայուն մոդելներ: Սոցիալական եւ այլ հանրային հաստատություններում էներգախնայողության մեջ ներդրումները կարող են նաեւ խթանել շուկան` ստեղծելով էներգաարդյունավետ սարքավորումների ու ծառայությունների պահանջարկ»,- ասում է Համաշխարհային բանկի` ծրագիրը մշակած խմբի ղեկավար Անի Բալաբանյանը: Ծրագիրը կֆինանսավորի պատերի, նկուղների, ձեղնահարկերի մեկուսացումը, արտաքին դռների եւ պատուհանների նորոգումը/փոխարինումը, պատուհանների օպտիմալացումը, ռադիատորների հետեւում պատերի պատումը արտացոլող մակերեւույթով, կաթսաների եւ ջեռուցման համակարգերի բարելավումը/փոխարինումը, ինչպես նաեւ սնդիկի գոլորշով աշխատող լապմերի փոխարինումը սոդայական գոլորշով աշխատող բարձր ճնշումային լամպերով: Էներգախնայողության մեջ ներդրումների վերարտադրելիությունը կապահովվի հետեւյալ միջոցառումներով` էներգախնայողության ոլորտի օրենսդրական, կանոնակարգային, մատակարարման եւ տեղեկատվական խոչընդոտների վերացում, նմանօրինակ ենթածրագրերի ֆինանսավորման, իրականացման եւ ծախսերի փոխհատուցման տարբեր սխեմաների կմշակում եւ փորձարկում, հանրային գերատեսչությունների համար վերապատրաստման դասընթացների անցկացում` էներգախնայողության քաղաքականության եւ կանոնակարգմանն աջակցելու նպատակով, ինչպես նաեւ կարողությունների հզորացում մասնավոր հատվածի շահագրգիռ շրջանակների համար` ուղղված էներգիայի աուդիտներ անցկացնելու, էներգիայի կառավարման եւ էներգախնայողության մեջ ներդրումների ֆինանսական գնահատման նրանց կարողությունների ուժեղացմանը: ԳԲՀ-ն միավորում է 182 երկիր` միջազգային հաստատությունների, հասարակական կազմակերպությունների (ՀԿ) եւ մասնավոր հատվածի հետ համագործակցության շրջանակներում` համաշխարհային բնապահպանական խնդիրների համար լուծումներ գտնելու նպատակով, միաժամանակ աջակցելով կայուն զարգացման ազգային նախաձեռնություններին: Այսօր ԳԲՀ-ն համաշխարհային բնապահպանական ծրագրերի ամենախոշոր ֆինանսավորողն է: Որպես անկախ ֆինանսական կազմակերպություն` ԳԲՀ-ն դրամաշնորհներ է տրամադրում կենսաբազմազանության պահպանության, կլիմայի փոփոխության, համաշխարհային ջրային ավազանի, հողերի դեգրադացիայի, օզոնային շերտի եւ կայուն օրգանական աղտոտիչների խնդիրներին ուղղված ծրագրերին: Սկսած 1991 թվականից` ԳԲՀ-ն սերտորեն համագործակցում է զարգացող ու անցումային տնտեսությամբ երկրների հետ: ԳԲՀ-ն տրամադրել է 9 միլիարդ ԱՄՆ դոլար դրամաշնորհներ եւ ապահովել է 40 միլիարդ ԱՄՆ դոլար համաֆինանսավորում աշխարհի 165 երկրներում իրականացված ավելի քան 2600 ծրագրերի համար: Համաշխարհային բանկի խումբը ԳԲՀ-ի ծրագրերն իրականացնող կազմակերպություններից մեկն է եւ աջակցություն է ցույց տալիս երկրներին` պատրաստելու ԳԲՀ-ի համաֆինանսավորած ծրագրերը եւ վերահսկում է դրանց իրականացումը: Այն առաջնային դեր ունի ներդրումային ծրագրերի մշակումն ու կառավարումն ապահովելու գործում: Համաշխարհային բանկն օգտագործում է ներդրումներ կատարելու իր փորձն իրավասու երկրներում` խթանելու ներդրումային հնարավորությունները եւ ներգրավելու մասնավոր հատվածը, երկկողմանի, բազմակողմանի եւ այլ պետական ու հասարակական ռեսուրսները, որոնք համահունչ են ԳԲՀ-ի նպատակներին եւ կայուն զարգացման ազգային ռազմավարություններին: Սկսած 1991 թվականից` Համաշխարհային բանկի խումբը տրամադրել է 3,43 միլիարդ ԱՄՆ դոլար ԳԲՀ ռեսուրս, եւ 6,77 միլիարդ ԱՄՆ դոլար համաֆինանսավորում աշխարհի 131 երկրներում ԳԲՀ ծրագրերի համար: ԳԲՀ եւ Բանկի ռեսուրսներից բացի, Համաշխարհային բանկը հայթայթել է եւս 14,07 միլիարդ ԱՄՆ դոլար համաֆինանսավորում այլ դոնորներից: Ծրագրի իրականացման համար ՀՀ կառավարությունը կհատկացնի 8,3 միլիոն ԱՄՆ դոլար, կտրամադրվի 1,82 միլիոն ԱՄՆ դոլար ԳԲՀ դրամաշնորհ եւ 0,54 միլիոն ԱՄՆ դոլար համաֆինանսավում Վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամից (ՎԷԷՀ): Կառավարության համաֆինանսավորումը ներառում է Համաշխարհային բանկի` վերջերս ավարտված երկու ծրագրերի` Քաղաքային ջեռուցման եւ Վերականգնվող էներգետիկայի ծրագրերի շրջանառվող գումարների մարումները:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play