Համլետ Նավասարդյան. Հայաստանի գիտական ներուժի մասին պնդումները խոսակցություններ չեն, այլ իրողություն


Համլետ Նավասարդյան. Հայաստանի գիտական ներուժի մասին պնդումները խոսակցություններ չեն, այլ իրողություն

  • 29-03-2012 14:27:35   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ



Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի կողմից հայաստանյան գիտնականների նախագծերի ֆինանսավորումը եւ իրականացումը ցույց տվեց աշխարհին, որ Հայաստանի գիտական ներուժի մասին պնդումները խոսակցություններ չեն, այլ իրողություն: Այս մասին «Նոյյան Տապան» մամուլի սրահում հրավիրված մարտի 29-ի ասուլիսում հայտարարեց Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի Հայկական տարածաշրջանային բաժանմունքի տնօրեն Համլետ Նավասարդյանը, ընդգծելով, որ 1995թ.-ից ի վեր գործող Կենտրոնը նպատակ ունի աջակցել, որպեսզի գիտնականները մնան եւ աշխատեն իրենց երկրներում, ինչպես նաեւ դուրս գան գիտական փակ համակարգից եւ համագործակցեն իրենց արտասահմանցի գործընկերների հետ: Հ. Նավասարդյանը նկատեց, որ ներկայումս Կենտրոնի կողմից ֆինանսավորվում են այնպիսի նախագծեր, որոնք հնարավորություն են տալիս արտերկրի գիտնականների եւ գիտական կազմակերպությունների միջեւ կապերի հաստատմանը, ինչպես նաեւ տարբեր ֆիրմաների կողմից պահանջարկ ունեցող նախագծեր, այսինքն՝ Կենտրոնի գործունեության նպատակն է աջակցել գիտնականներին կապեր ստեղծելու եւ շուկա դուրս գալու հարցերում: Համլետ Նավասարդյանը հայտնեց նաեւ, որ այս տարի հուլիսին Ծաղկաձորում նախատեսվում է կազմակերպել Երիտասարդ գիտնականների դպրոց. երիտասարդ գիտնականները հնարավորություն կունենան հանրությանը ներկայացնել իրենց գիտական մշակումները, անցնել տարբեր ուսուցողական դասընթացներ: Աշնանը նախատեսվում է նաեւ կազմակերպել մեծ սեմինար՝ նվիրված գլոբալ անվտանգության խնդիրներին՝ արտասահմանյան գիտնականների մասնակցությամբ: Միջազգային գիտատեխնիկական կենտրոնը ստեղծվել է 1995թ., կառույցի կենտրոնական գրասենյակը գտնվում է Մոսկվայում: Կենտրոնը հիմնել են Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ռուսաստանյան Դաշնությունը, Եվրոպական միությունը եւ Ճապոնիան, հետագայում որպես ֆինանսավորող կողմեր Կենտրոնին միացել են Կանադան, Նորվեգիան: Կենտրոնի հետ ԱՊՀ երկրներից համագործակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Վրաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը: Կենտրոնի գործունեության ընթացքում ընդհանուր առմամբ ֆինանսավորվել է ԱՊՀ երկրների 2500 նախագիծ՝ մոտավորապես 800 մլն դոլար ընդհանուր գումարով, որի շնորհիվ տրամադրվել են ոչ միայն դրամաշնորհներ, այլեւ իրականացվել են գիտնականների աջակցման ծրագրեր: Այդ թվում ֆինանսավորվել է Հայաստանի գիտնականների 167 նախագիծ՝ 40,5 մլն դոլար ընդհանուր գումարով: Միայն անցյալ տարի Հայաստանը ստացել է 1,2 մլն. դոլար ֆինանսավորում: Համագործակցության շնորհիվ ֆիզիկայի, քիմիայի, բժշկության, կենսաբանության, նյութաբանության, բարձր տեխնոլոգիաների եւ այլ ոլորտներում տրամադրվել է ֆինանսավորում Հայաստանի մոտավորապես 70 կազմակերպության՝ հիմնականում գիտահետազոտական ինստիտուտների: Առավել ակտիվ Հայաստանի նախագծերը ֆինանսավորել են Եվրոպական միությունը եւ ԱՄՆ /համապատասխանաբար՝ 42 եւ 30 տոկոս/: Կան նաեւ Կանադայի, Ճապոնիայի, Կորեայի եւ Նորվեգիայի կողմից ֆինանսավորվող ծրագրեր:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play