Գլխավոր դատախազն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ–ի դիտորդական առաքելության պատվիրակությանը


Գլխավոր դատախազն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ–ի դիտորդական առաքելության պատվիրակությանը

  • 29-03-2012 19:19:31   | Հայաստան  |  Քաղաքական
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը մարտի 29-ին ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ –ի դիտորդական առաքելության ղեկավար Ռադմիլա Շեկերինսկայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը: Ըստ ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայության հաղորդագրության, Հայաստանի գլխավոր դատախազը հավաստել է դատախազության վճռականությունն ու պատրաստակամությունը հետամուտ լինել հնարավոր ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների պատշաճ գրանցմանն ու քննարկմանը, դրանց համարժեք քրեաիրավական գնահատական տալուն: Ա.Հովսեփյանը հյուրերին տեղեկացրել է, որ իր հրամանով մարտի 23-ին ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների ընդունման, գրանցման եւ քննարկման նկատմամբ դատախազական հսկողություն իրականացնելու համար: Խմբում ընդգրկվել է 10 դատախազ, որի գործունեության համակարգումը կիրականացնի ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը: «Աշխատանքային խումբը ոչ միայն հսկողություն է իրականացնելու գրավոր ստացված հաղորդումների պատշաճ գրանցման ու քննարկման նկատմամբ, այլ նաեւ իրականացնելու է լրատվամիջոցների մշտադիտարկում՝ քննարկման առարկա դարձնելով հանցագործության հատկանիշներ պարունակող ընտրախախտումների վերաբերյալ մամուլի հրապարակումները»,- նշել է Ա.Հովսեփյանը՝ ավելացնելով. «Քաղաքացին պետք է վստահ լինի, որ հանցագործության մասին իր ահազանգը, պատշաճ քննության առարկա կդառնա»: Տեղեկացնելով, որ ընտրական գործընթացների վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված է 12 հանցակազմ՝ ՀՀ գլխավոր դատախազը համոզմունք է հայտնել, որ ստեղծված մեխանիզմը հնարավորություն կտա, որպեսզի ընտրախախտումների վերաբերյալ բոլոր հաղորդումները դառնան պատշաճ քննարկման առարկա: «Ստացված հաղորդումների եւ քննարկման ընթացքի, արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը կտեղադրվի դատախազության ինտերնետային էջում, ինչը հնարավորություն կտա բոլոր շահագրգիռ անձանց հետեւել ստացված բողոքների քննարկման ընթացքին եւ բարձրաձայնել, եթե որեւէ հաղորդում չգրանցվի եւ չդառնա իրավապահ մարմինների քննարկման առարկա»,- ասել է ՀՀ գլխավոր դատախազը: Դիտորդական առաքելության ղեկավար Ռ.Շեկերինսկայան իր հերթին կարեւորել է ընտրությունների ընթացքի վերաբերյալ բողոքների պատշաճ քննարկման ապահովումն՝ արձանագրելով, որ հենց այդ ընթացակարգն է լավագույն վկայությունը, թե որքանով են իշխանությունները հետամուտ եւ պատրաստակամ հարգելու ընտրական իրավունքը եւ անցկացնելու ազատ եւ արդար ընտրություններ: Այս առումով տիկին Շեկերինսկայան բարձր է գնահատել դատախազությունում ներդրված փորձը եւ հույս հայտնեց, որ այն իրոք կապահովի ընտրախախտումների վերաբերյալ հնարավոր բողոքների պատշաճ արձագանքը: ՀՀ գլխավոր դատախազը կարեւորել է ոչ միայն հնարավոր ընտրախախտումներին համարժեք քրեաիրավական գնահատական տալն, այլ նաեւ նախականխիչ քայլերի ձեռնարկումը եւ արձանագրել, որ այդ ուղղությամբ եւս դատախազությունը ձեռնարկել է որոշ քայլեր: Մասնավորապես 2012 թվականի մարտի 23-ին կազմակերպվել է գիտագործնական համաժողով՝ իրազեկելով ընտրախախտումների համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, քաղաքացիական հասարակության առավել լայն շրջանակների հետ քննարկելով օրենսդրական մի շարք խնդիրներ: ՀՀ գլխավոր դատախազը վստահեցրել է, որ այդ ուղղությամբ քայլեր կիրականացվեն նաեւ ընտրական ողջ գործընթացի ժամանակ՝ հնարավորինս ապահովվելով ստեղծված աշխատանքի խմբի գործունեության հրապակայանությունը: Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play