ԼՂՀ ԱԳՆ. Մինչև այսօր Մարաղայի դեպքերը չեն արժանացել միջազգային հանրության համարժեք գնահատականին


ԼՂՀ ԱԳՆ. Մինչև այսօր Մարաղայի դեպքերը չեն արժանացել միջազգային հանրության համարժեք գնահատականին

  • 02-04-2012 21:39:33   |   |  Քաղաքական
Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության պատմության մեջ, որն առատ է Ադրբեջանի կողմից թույլ տրված դաժանության եւ վանդալիզմի բազմաթիվ փաստերով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղի դեպքերը մեկն են սադիզմի եւ գազանաբարո վարքի այն ամենածայրահեղ դրսեւորումներից, որոնք երբեւէ հայտնի են եղել մարդկությանը: Այսպես է մեկնաբանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Մարաղայի ողբերգական իրադարձություններն իր հայտարարության մեջ: Դրանում ասվում է. : «1992 թվականի ապրիլի 10-ին, երեք ժամանոց հրետանային նախապատրաստությունից հետո Ադրբեջանի կանոնավոր բանակի ստորաբաժանումները ադրբեջանական Միր-Բաշիր /այժմ` Թարթառ/ բնակավայրից ներխուժեցին Մարաղա` ղարաբաղյան այդ խաղաղ գյուղը: Ագրեսիային զոհ գնացին 100-ից ավելի մարդիկ, հիմնականում` կանայք, երեխաներ, ծերեր: Տասնյակ մարդիկ դարձան պատանդներ, ոմանք հետագայում փոխանակվեցին, սակայն շատերի ճակատագիրն էլ առ այսօր մնում է անհայտ: Մոտ երկու շաբաթ անց, ապրիլի 22-23-ին Մարաղան ենթարկվեց կրկնակի հարձակման, մոխրացած հայրենի գյուղ վերադարձած մարդիկ ստիպված եղան ընդմիշտ հեռանալ այնտեղից: Հյուսիսային Արցախում, Բաքվում, Սումգայիթում, Կիրովաբադում եւ Ադրբեջանի այլ բնակավայրերում իրականացված հայկական ջարդերից եւ բռնատեղահանումներից հետո հաջորդ քայլը դարձան Մարաղայի հանցագործությունները, որոնց նպատակն էր վախեցնել մարդկանց եւ զրկել նրանց հայրենի հողում ապրելու հնարավորւթյունից: Մարդկային ողբերգության խորությամբ, դաժանության աստիճանով, բռնության ենթարկված եւ պատանդ վերցված անձանց թվաքանակով` Մարաղայի դեպքերը առանձնակի տեղ են զբաղեցնում այն արյունահեղ հանցագործությունների շարքում, որոնք 1991-1992 թվականների ադրբեջանական ագրեսիայի շրջանում իրականացրել է Ադրբեջանը Գետաշենում, Մարտունաշենում, Բուզլուխում, Էրքեջում եւ ԼՂՀ հյուսիսի այլ հայաբնակ վայրերում: Մի քանի օր անց ողբերգության վայր եկած` բրիտանական խորհրդարանի փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսին ցնցել էր շուրջը տիրող պատկերը: «Նրանք մարդկային ցեղից չեն»,- այսպես է արտահայտվել լեդի Քոքսը ադրբեջանցի զինվորականների մասին, որոնք սպանդ են իրականացրել: Բարոնուհին ոչ միայն նկարահանել եւ լուսանկարել է այդ գազանությունները, այլեւ նկարագրել է իր բազմաթիվ հարցազրույցներում եւ «Էթնիկ զտումները շարունակվում են» գրքում: «Այն, ինչ տեսանք մենք այնտեղ, անհնար է նկարագրել: Գյուղն ամբողջովին ավերված էր, ավելի ճիշտ` ջախջախված: Մարդիկ հուղարկավորում էին զոհվածներին, ավելի ճիշտ` այն, ինչ կարելի էր հողին հանձնել` կտրտված եւ սղոցված մարմինների, ողջակիզվածների եւ տանջամահ արվածների աճյունները: Մենք տեսանք արնաթաթախ սուրսայր մանգաղներ, որոնցով անդամատել էին մարդկանց: Մարաղայի բնակիչներին սպանելուց հետո ադրբեջանցիներն այնուհետեւ կողոպտել եւ հրկիզել են գյուղը: Ի դեպ մեզ պատմեցին, որ զինվորներից հետո գյուղն են լցվել նաեւ ճամպրուկներով քաղաքացիական անձինք, որոնք ավարտին են հասցրել կողոպուտը` մենք տեսանք գետնին ընկած լիքը լցված մի քանի պայուսակներ, որոնք դիակապտներին չէր հաջողվել տանել հետները»,- վկայում էր Քերոլայն Քոքսը: Հրաշքով ողջ մնացած ականատեսը` Սեդա Պողոսյանը պատմում է. «Կանայք, ծերերը եւ երեխաները թաքնվել էին նկուղներում եւ բլինդաժներում: Երրորդ օրը` 1992 թվականի ապրլի 10-ին ադրբեջանցիները մտան գյուղ: Նրանցից մի քանիսը սկսեցին մոտենալ այն բլինդաժին, որտեղ ես էի հարսիս` Մարինեի եւ երկու մանկահասակ թոռներիս` 4-ամյա Կարենի եւ 2-ամյա Վիգենի հետ: Ադրբեջանցիները կարգադրեցին դուրս գալ: Աստիճաններով առաջինը սկսեց բարձրանալ ծերունի Սաշան, նրա ետեւից` Ասյան եւ Զաբելը: Հենց որ մարդը դուրս ելավ բլինդաժից, նրան տեղնուտեղը սպանեցին: Հարսս, երեխաներին թողնելով ինձ մոտ, նույնպես սկսեց վեր բարձրանալ աստիճաններով: Ադրբեջանցին, որ պատրաստ պահել էր դանակը հարվածելու համար, կանգ առավ եւ սկսեց նրանից պոկել թանկարժեք զարդերը: Հետո պատառոտեց նրա զգեստը: Նա սկսեց վազելով փախչել, ադրբեջանցին` նրա ետեւից: Բլինդաժի ելքն ազատ էր: Մարդիկ նետվեցին դեպի դուրս: Նրանց նկատեցին թալանով զբաղված ադրբեջանցիները եւ վրա հասան սպանելու` կացիններով, դանակներով, գերանդիներով: Իսկույն մորթվեցին Մասյա եւ Ռուբեն Անանյանները: Տեսա, դահիճներից ինչպես է փախչում հարսիս քույրը` Կարինան»: Մարաղայի մի այլ բնակիչ` Լարիսա Բադալյանը 1992 թվականի ապրիլի 10-ից մինչեւ դեկտեմբերի 2-ը պատանդ է եղել ադրբեջանցիների մոտ: «…Կանանց բանտախցից հերթով դուրս էին տանում եւ ետ բերում արնաշաղախ ու կիսամերկ . Զոյային, Մաշոյին, Թամարային: Մեկ ժամ անց դուռը բացվում էր, ներս էին խուժում զինված զինվորները, եւ կանանց վրայից պոկոտում հագուստի մնացորդներն ու բռնաբարում: Երեք օրից հետո մեզ տարան Ղուբաթլուի բանտը, որտեղ տեսա հոգեկան հիվանդ որդուս` Ապրեսին: Նրա մի աչքը հանված էր, գլուխը` ուռած: Հատակին ընկած էր մի երիտասարդ մարտակերտցի տղա, որ կիսամեռ վիճակում էր` այնքան էին ծեծել… Որդիս հովիվ էր աշխատում, ես էլ տան գործերն էի անում: քնում էինք բարաքում, սնվում էինք ուտելիքի մնացորդներով: Աչքիս առաջ հաճախ էին ծեծում որդուս: Մի անգամ գյուղ բերեցին մի ադրբեջանցու, եւ մեզ ուզում էին մորթել նրա գերեզմանին…»,- վկայել է նա: 1997 թվականին մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ համատեղ ուժերով Մարաղայի դեպքերի վերաբերյալ պատրաստել են մի ծավալուն տեղեկանք եւ այն ուղարկել Միավորված Ազգերի Կազմակերպության Մարդու իրավունքների հանձնաժողովին: Helsinki Watch միջազգային կազմակերպությունը պաշտոնապես հաստատել է, որ տասնյակ խաղաղ բնակիչներ տանջամահ են արվել եւ տասնյակ կանայք ու երեխաներ պատանդ են քշվել: Սակայն Մարաղայի ողբերգական դեպքերը բավարար չափով չեն արտացոլվել արտասահմանյան մամուլում, մինչեւ այսօր դրանք չեն արժանացել միջազգային հանրության համարժեք գնահատականին: «Ամենահզոր զենքը` արդարությունը, մեր կողմից է,- պնդում էր բարոնուհի Քոքսը: - Պետք է միջազգային կառույցներում հարց բարձրացնել, որ Ադրբեջանը փորձել է ցեղասպանություն կատարել Ղարաբաղի բնակչության նկատմամբ: Պետք է ավելի ակտիվ ջանքեր գործադրել` աշխարհին ներկայացնելու այն զանգվածային հանցագործությունները, որոնք հայերի դեմ կատարվել են Մարաղայում, Սումգայիթում, Բաքվում եւ այլ տեղերում: Դրանք հանցագործություններ են, որոնք ուղղված են մարդկության դեմ: Ես հասկանում եւ իմ զորակցությունն եմ հայտնում Ղարաբաղի հայերին այն հարցում, որ նրանք այլեւս երբեք չեն կարող ապրել ադրբեջանական իշխանության ներքո, քանի որ Ղարաբաղում Ադրբեջանի իշխանության ներքո ապրած հայերը շատ փորձությունների միջով են անցել»: Այն, ինչ տեղի ունեցավ Մարաղա գյուղում, որն առ այսօր բռնազավթված է Ադրբեջանի կողմից, չի կարելի անվանել ռազմական գործողություն, քանի որ այդ բնակավայրում ռազմակայաններ չեն եղել եւ ապրել եմ միայն ու միայն խաղաղ քաղաքացիներ, ովքեր էլ դարձել էին ագրեսիայի գլխավոր թիրախը: Հանցավոր գործողությունները ունեին մեկ նպատակ` վտարել մարդկանց հայրենի հողից: Ամփոփելով վերը շարադրվածը, պետք է արձանագրել, որ Մարաղայի խաղաղ բնակչության սպանդը վաղեմություն չունեցող հանցագործություն է` ընդդեմ մարդկության եւ քաղաքակրթության, իսկ նրա կազմակերպիչներն ու կատարողները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ»,- ասվում է ԼՂՀ ԱԳՆ հայտարարության մեջ:
Նոյյան տապան  -   Քաղաքական