Էդուարդ Շարմազանովը կարեւորեց տարբեր երկրների ԱԱՊ արբիտրաժային դատարանների համագործակցված աշխատանքը


Էդուարդ Շարմազանովը կարեւորեց տարբեր երկրների ԱԱՊ արբիտրաժային դատարանների համագործակցված աշխատանքը

  • 04-04-2012 16:25:40   | Հայաստան  |  Քաղաքական

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ապրիլի 4-ին ընդունեց տարբեր երկրների առեւտրաարդյունաբերական պալատներին կից արբիտրաժային դատարանների նախագահներին ու արբիտրներին, որոնք Հայաստան են ժամանել արբիտրաժի միջազգային կոնֆերանսին մասնակցելու նպատակով: ԱԺ փոխնախագահը, ողջունելով հյուրերին, կարեւորեց տարբեր երկրների արբիտրաժային դատարանների փորձի փոխանակումն ու համագործակցված աշխատանքը: Նա նկատեց, որ թեեւ հինգ տարի է, ինչ Հայաստանում գործում է արբիտրաժային դատարանի ինստիտուտը, բայց, միջազգային փորձը հաշվի առնելով, այժմ լուրջ հիմքեր են ստեղծված այս կառույցի հետագա զարգացման ու ակտիվ գործունեության համար: Նա բարձր գնահատեց այս գործում Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ, ԱԺ պատգամավոր Մարտին Սարգսյանի ներդրած ջանքերը: ԱԺ փոխնախագահը հավաստիացրեց, որ Հայաստանի խորհրդարանը այս ոլորտի օրենսդրական կարգավորման ուղղությամբ ջանք չի խնայել ու այսուհետեւ էլ պատրաստակամ է համապատասխան օրենքներում կատարել անհրաժեշտ լրամշակումներ` արբիտրաժային դատարանների ինքնուրույն ու անկախ զարգացման նպատակով: Ինչպես «Նոյյան Տապան»-ին հայտնեցին ՀՀ ԱԺ Հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, պատվիրակության անդամները բարձր գնահատեցին Երեւանում կազմակերպված կոնֆերանսի արդյունքներն ու Հայաստանի իշխանությունների, մասնավորապես` օրենսդիր մարմնի ջանքերը արբիտրաժային դատարանների կայացման գործում: Նրանց գնահատմամբ, կոնֆերանսում կարեւորվել է այս կառույցի անկախ գործունեությունը, համապատասխան օրենքներում դրա համար անհրաժեշտ իրավական նորմերի ամրագրումը, ինչը խթան կարող է լինել գործարարության ու ներդրումային քաղաքականության զարգացման համար եւ ոլորտում առկա վեճերի օբյեկտիվ լուծման հիմք դառնալ: Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հավաստիացրեց, որ Հայաստանի իշխանություններն ունեն անհրաժեշտ քաղաքական կամք անելու այնպես, որ արբիտրաժային եւ պետական դատարանների միջեւ հարաբերությունները լինեն միջազգայնորեն ընդունված անհրաժեշտ մակարդակի վրա եւ չլինեն անհարկի միջամտություններ արբիտրների կայացրած որոշումների վրա: Ինչ վերաբերում է հարցի օրենսդրական կարգավորմանը, մայիսի 6-ին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձեւավորված նոր խորհրդարանը, ԱԺ փոխնախագահի կարծիքով, անպայման կանդրադառնա այդ հարցին եւ կտա անհրաժեշտ լուծումներ:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play