Րաֆֆի Հովհաննիսյան. 9-կողմանի համալիր պատասխանատվության ստանձնումը քայլ է, եթե, իհարկե, կայանա


Րաֆֆի Հովհաննիսյան. 9-կողմանի համալիր պատասխանատվության ստանձնումը քայլ է, եթե, իհարկե, կայանա

  • 06-04-2012 15:24:01   | Հայաստան  |  Քաղաքական

Աննախադեպ ազատ, արդար եւ թափանցիկ ընտրությունների պարագայում «Ժառանգություն» կուսակցությունը առաջատար է լինելու Երեւանում եւ ողջ Հայաստանում: «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի մամուլի սրահում ԶԼՄ-ների հետ մինչընտրական վերջին` ապրիլի 6-ի, հանդիպմանը այս մասին հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը: «Եթե մեկ շաբաթ առաջ ես ասում էի, որ «Ժառանգությունը» կլինի առաջատարների եռյակում, ապա հիմա ամենայն վստահությամբ եւ համեստությամբ ասում եմ՝ նվազագույնը երկրորդ տեղն ենք վերցնելու հանրապետության ողջ տարածքում»: Ր.Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ապրիլի 9-ին մեկնարկում է «Ժառանգության»՝ խորհրդարանական ընտրություններում դեպի հաղթանակ տանող նախընտրական արշավը: Նշելով, որ առաջիկա երկու օրերին տեղի կունենա Ճրագալույցի Սբ. Պատարագը եւ կնշվի Հիսուս Քրիստոսի Հարության տոնը, Ր.Հովհաննիսյանն ընդգծեց. «Հարության աշխարհիկ հոմանիշը անհրաժեշտ է իրականացնել պետական, քաղաքացիական մեր կյանքում եւ մեր անկախության, ինքնիշխանության հռչակումից 20 տարի անց մենք մտնում ենք այն տարի, որտեղ պիտի այդ հառնումը, այդ քաղաքացիական իրավատիրումը տեղի ունենա»: Քաղաքական 4 ուժի կողմից ստորագրված «Ընտրությունների պատշաճ անցկացման, քաղաքակիրթ անցկացման, քաղաքակիրթ մրցակցություն ապահովող կանոնների» նախագիծը, Րաֆֆի Հովհաննիսյանի գնահատմամբ, քաղաքական հանձնառության հավելյալ ընդունում կարող է լինել, առաջին հերթին պետք է հարգվեն Հայաստանի Սահմանադրությունը եւ օրենքները: «Ժառանգության» առաջնորդը գտնում է, որ այդ ընդհանրական հանձնառության փաստաթուղթը պետք է ստորագրեն համամասնական ընտրակարգով ընտրությունների մասնակից 9 ուժերի առաջին դեմքերը՝ պատասխանատվություն ստանձնելով աննախադեպ ազատ, արդար եւ թափանցիկ ընտրությունների անցկացման համար: «Ես ուրախ կլինեմ մեր մրցակից 8 ուժերի առաջատարների հետ մեկտեղ ստորագրել քաղաքական, քաղաքացիական հանձնառության փաստաթուղթ, որը պատասխանատվություն է վերցնում իրապես ազատ, արդար ընտրությունների համար բոլոր չափումներով: Այո, PR ակցիայի տրամաբանությունից պետք է դուրս գալ եւ ստորագրել այդ համալիր փաստաթուղթը, մենք պատրաստ ենք»,- ասաց նա: Ընդ որում, ըստ նրա, փաստաթղթում պետք է ամրագրվի, թե որ հանգամանքների առկայության դեպքում ընտրությունների մասնակիցները պետք է իրար շնորհավորեն եւ որ դեպքում՝ միասնաբար որոշեն, որ ընտրությունները տապալված են, ինչը ենթադրում է արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների անցկացում: Ազատ, արդար ու թափանցիկ ընտրությունների անցկացման տեսանկյունից Ր.Հովհաննիսյանը, մասնավորապես, կարեւորում է ընտրական ծախսերի առաստաղը հարգելը, բոլորին հավասար քարոզչական նախամատույց ապահովելը, ընտրակաշառքի տարատեսակի բացառումը, այդ թվում՝ «ջեմ, մուրաբա, պարարտանյութ բաժանելը, բժիշկների առաքումները կուսակցական նպատակների համար»: Հանձնառությունների շարքում Ր.Հովհաննիսյանը կարեւորում է կրթական, առողջապահական եւ մնացած բոլոր հանրային ոլորտների ապակուսակցականացումը, հանձնառությունն առ այն, որ «հետայսու պետական բյուջեն չի կուսակցականացվելու՝ երիտասարդական, այլ հիմնադրամների, այլ եղանակներով ժողովրդին պատկանող փողը այս կամ այն որեւէ կուսակցության համար չի յուրացվելու»: 9-կողմանի համալիր պատասխանատվության ստանձնումը քայլ է, եթե, իհարկե, կայանա, նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը, տեսակետ հայտնելով, որ ազատ, արդար ընտրությունների անցկացումը հնարավոր է՝ քաղաքական կամքի առկայության դեպքում: Նա տեսականորեն չբացառեց համագործակցությունը այդ ազատ արդար ընտրությունների մասնակից ցանկացած ուժի հետ: «Ժառանգության» համամասնական ցուցակն, ըստ կուսակցության առաջնորդի, արտացոլում է կուսակցության ինքնավստահությունը եւ կուսակցական ցուցակի միջնամասում գտնվող անձանց պարկեշտությունը: Նա պարզաբանեց, որ «մեր շատ ակտիվ, հպարտության աղբյուր, արժեք հանդիսացող պատգամավորների մի մասը գտնվում են մեր ցուցակի միջնամասում, բոլորը մտնելու են Ազգային ժողով»,- վստահեցրեց Ր.Հովհաննիսյանը: «Ժառանգության» առաջնորդը տարակուսանք հայտնեց, որ անվտանգության աշխատակիցները մտնում են այս կամ այն իշխող կուսակցության նախընտրական շտաբ. «Եթե մենք իսկապես պետք է ունենանք ազատ, արդար ընտրություններ, պետական հանրակարգերը, ծառայությունները պետք է դուրս լինեն քաղաքական պայքարից, կուսակցական շտաբներից, թող մեր անվտանգության մարմինները զբաղվեն իրենց պետական գործերով»,- ասաց Ր.Հովհաննիսյանը: Ի պատասխան լրագրողներից մեկի հարցի, «Ժառանգության» առաջնորդը տեղեկացրեց, որ նախօրեին վերականգնվել է «Ժառանգության» նախընտրական շտաբը Գորիսում: Նա նշեց, որ եղել են բողոքներ, խորհրդարանի «Ժառանգության» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի նկատմամբ եղել է ոչ ճիշտ, ոչ քաղաքավարի ու ոչ քաղաքացիական պահվածք, ինչը հարթվել է: Րաֆֆի Հովհաննիսյանը շնորհավորեց «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի մամուլի սրահի վերակառուցման առիթով եւ մաղթեց «տեւական երթի երկար եւ բովանդակալից շարունակություն» Նա ընդգծեց, որ ««Նոյյան Տապանը» այն արժեքներից մեկն է մեր երկրում, որ պետք է փայփայել որպես համապարփակ, առարկայական, բազմաղբյուր լրատվական-վերլուծական հաստատություն:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play