Կվերականգնվի Արաքս գետի ափապաշտպան կառույցը


Կվերականգնվի Արաքս գետի ափապաշտպան կառույցը

  • 12-04-2012 19:22:45   | Հայաստան  |  Տնտեսություն

Ապրիլի 12-ի նիստում Հայաստանի կառավարությունն որոշում է կայացրել. որով Արաքս գետի ափապաշտպան կառույցի վերականգնման համար ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացվել է մոտ 348 մլն դրամ։ Ըստ ՀՀ կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության, Արաքս գետի 2012 թ. գարնանային վարարումների առավելագույն ելքը մասնագետները գնահատել են 900 մ3 /վրկ, որը 18-20 տոկոսով գերազանցում է 2011 թ. նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշը։ Որոշմամբ նախատեսված աշխատանքների իրականացմամբ կամրացվի Արաքս գետի արգելաթումբն Արմավիրի մարզի Մարգարա, Երվանդաշատ համայնքների տարածքում եւ Սյունիքի մարզում, Արարատի մարզի Եղեգնավան գյուղում կբարձրացվի արգելաթմբի կատարը, Լուսառատի տարածքում` նույնպես, ինչպես նաեւ կկառուցվի նոր կամուրջ։ Այս ամենի շնորհիվ առափնյա տարածքները զերծ կմնան ողողումից։ Բարձրորակ տնկանյութերի աճեցմանն ու կանաչ գոտիների վերականգնմանն աջակցելու նպատակով «Կանաչազարդ երկիր» ՀԿ-ին որպես նվիրաբերություն տրամադրելու համար կառավարության որոշմամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացվել է 5 մլն դրամ։ Կազմակերպությունը 2010 եւ 2011 թթ. հանրապետության մի շարք մարզպետարաններին եւ այլ կազմակերպությունների անհատույց տրամադրել է ավելի քան 100 հազար տնկանյութ։ Ծրագիրը շարունակվում է նաեւ այս տարի։ Կառավարությունն իր նիստում ՀՀ էկոնոմիկայի նախարարին հանձնարարել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել Երեւան քաղաքի Ալիխանյան եղբայրների փ. 2 հասցեում գտնվող 13 հազար 500 քմ հողամասի շուկայական գնահատված արժեքով ներդրումը «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ կանոնադրական կապիտալում` լրացուցիչ բաժնետոմսեր տեղաբաշխելու միջոցով։ Նշված կենտրոնի միջոցով կազմակերպվելու է ռադիոիզոտոպների արտադրություն, եւ այժմ կազմվում են հողամասում ցիկլոտրոն տեղադրելու նախագծանախահաշվային փաստաթղթերը։ Գործադիրն ի գիտություն է ընդունել աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային ապահովմանն ուղղված 2008-2012 թթ. պետական աջակցությամբ իրականացվող ծրագրերի վերաբերյալ ներկայացված տեղեկատվությունը։ Դրանց իրականացման համար Ռուսաստանի Դաշնությունից ստացված վարկային միջոցներից նախատեսվել է 250 մլն ԱՄՆ դոլար կամ 92 մլրդ 500 մլն դրամ։ 2009-2011 թթ. վճարված եւ ՀՀ 2012 թ. պետբյուջեով նախատեսված գումարները վճարելու դեպքում 2012 թ. տարեվերջին ծրագրի իրականացման համար հատկացված ընդհանուր գումարը կկազմի ավելի քան 84 մլրդ դրամ, իսկ կառուցված բնակարանների (բնակելի տների) ընդհանուր թիվը` 4 հազար 617։ Ըստ կանխատեսման, ծրագրի իրականացումից հետո լուծում կպահանջի 1008 ընտանիքի բնակարանային խնդիրը, որը կլուծվի Շիրակի, Լոռու եւ Արագածոտնի մարզերի գյուղական համայնքներում մեկ սենյականոցի հավակնող 400 ընտանիքի ԲԳՎ ծրագրի, իսկ մնացած 608 ընտանիքինը` բնակարանային շինարարության ծրագրով։ Այս տարբերակով անհրաժեշտություն է առաջանում լրացուցիչ 1.5 մլրդ միջոցների հատկացման, ինչի արդյունքում ծրագրի ամբողջական արժեքը կլինի 85 մլրդ 511 մլն դրամ։ Փաստաթուղթը, վարչապետի դիտարկմամբ, բովանդակում է աղետի գոտու ամբողջական պատկերը, թե ռուսական վարկից տրամադրված 250 մլն դոլարն ինչպես է ծախսվել։ «Մենք հարյուր տոկոսով կատարելու ենք մեր պարտավորությունները», - շեշտել է Տիգրան Սարգսյանը։ Հաջորդ որոշմամբ կառավարությունը վերաբաշխում է կատարել 2012 թ. պետբյուջեում, փոփոխություններ եւ լրացումներ` իր նախկին որոշումներից մեկում եւ ՀՀ քաղաքաշինության նախարարությանը հատկացրել ավելի քան 266 մլն դրամ` Արմավիր քաղաքի պահածոյի գործարանի վարչական շենքը 49 բնակարանից բաղկացած բնակելի շենքի վերակառուցելու, «Տաթեւ» վանական համալիրի պահպանական գոտու կառուցապատման սխեման եւ էսքիզային փաստաթղթերը մշակելու եւ Ջերմուկ քաղաքի գլխավոր հատակագծում անհրաժեշտ փոփոխություններ կատարելու համար։ Վարչապետը հատկապես կարեւորել է Արմավիրի պահածոյի գործարանի վարչական շենքի վերակառուցումը` շնորհակալություն հայտնելով ձեռնարկության ղեկավարությանը, որը սիրահոժար տրամադրել է շենքը։ «Նոր բնակարանները երկու վթարային շենքերի բնակիչներին տրամադրելուց հետո ազատված վթարային շենքերը եւ համապատասխան հողատարածքը պետք է սեփականության իրավունքով հանձնվեն կառավարությանը, որպեսզի հնարավոր լինի շարունակել սոցիալական ծրագիրը», - ասել է Տիգրան Սարգսյանը։
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play