ՏՄՊՊՀ-ը ավարտեց ուսումնասիրությունը` 5 ապրանքային շուկաներում


ՏՄՊՊՀ-ը ավարտեց ուսումնասիրությունը` 5 ապրանքային շուկաներում

  • 18-04-2012 12:25:33   | Հայաստան  |  Տնտեսություն

Մրցակցային իրավիճակի ուսումնասիրության նպատակով Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովը պարբերաբար դիտարկումներ է իրականացնում տարբեր ապրանքային շուկաներում: Հանձնաժողովը ավարտել է հերթական վերլուծությունը մի քանի շուկաներում եւ պարզել դրանցում առկա կենտրոնացվածության աստիճանը: Նման վերլուծությունները կարեւոր են այնքանով, որ բացահայտվում են տվյալ ոլորտում գերիշխող տնտեսվարողները եւ Հանձնաժողովը ավելի խիստ եւ ուղղորդված վերահսկողություն է իրականացնում կենտրոնացվածության բարձր աստիճան ունեցող շուկաներում` հնարավոր չարաշահումները կանխարգելելու եւ սահմանափակելու նպատակով: Եւ այսպես, հերթական ուսումնասիրությունը ընդգրկում է 5 ապրանքային շուկա, որոնցից բարձր կենտրոնացվածության աստիճան ունի միայն մեկը: Իսկ ընդհանուր առմամբ, ՏՄՊՊՀ դիտակետում հայտնված բոլոր շուկաներն էլ մրցակցային են: Մրցակցային իրավիճակը բնական հյութերի շուկայում «Բնական հյութեր» ապրանքային շուկայում 2011- ին գործունեություն են իրականացրել 56 տնտեսվարողներ, որոնցից իրացման առավել մեծ ծավալներ ունեն «Ադամյում» ընկերությունը` (21,13 % մասնաբաժին), «Կոկա Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերությունը` (16,74 % մասնաբաժին) եւ «Սիս Նատուրալը» ` (13,47 % մասնաբաժին): Հանձնաժողովի դիտարկմամբ բնական հյութերի շուկայում գերիշխողներ չկան: ՏՄՊՊՀ-ը վերլուծել է նաեւ «Երշիկեղենի» շուկայում առկա մրցակցային իրավիճակը Երշիկեղենի արտադրության եւ իրացման ոլորտում գործունեություն են իրականացրել 43 տնտեսվարողներ: Իրացման առավել մեծ ծավալներ ունեն «Մուշ» ընկերությունը` 19,59 % բաժնով, «Աթենք» ընկերությունը` 13,98 % բաժնով, եւ «Բեկոն Պրոդուկտը» ` 12,50 % մասնաբաժնով: Հանձնաժողովի դիտարկմամբ, այս շուկայում եւս գերիշխող տնտեսվարողներ չկան, այն ունի կենտրոնացվածության միջին աստիճան: «Մակարոնեղեն» ապրանքային շուկայի ուսումնասիրության արդյունքները Այս ոլորտում գործում են 95 տնտեսվարողներ: Առավել խոշորներն են «Էյ-էյ-էֆ-փի-սի» ընկերությունը` 15,8 % , «Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզա» ընկերությունը` 9,3 % եւ «Թալգրիգ» ընկերությունը` 9,2 % մասնաբաժիններով: Այս ապրանքային շուկան ունի կետրոնացվածության ցածր աստիճան: Հանձնաժողովը ուսումնասիրել է նաեւ ալկոհոլային խմիչքների 2 նոր շուկաներ, որոնք նախկինում չեն եղել մրցակցային մարմնի տեսադաշտում: Խոսքը գինի եւ կոնյակ ապրանքային շուկաների մասին է: Այս ոլորտում կատարված նախկին ուսումնասիրությունները ամբողջական պատկերացում չեն տալիս գործող տնտեսվարողների եւ նրանց իրական ծավալների վերաբերյալ, քանի որ հատկապես վերջին տարիներին տեսանելի են կառուցվածքային էական փոփոխություններ: Որքանով են մրցակցային «Գինի» եւ «Կոնյակ» ապրանքային շուկաները «Գինի» ապրանքային շուկ այում ուսումնասիրվել է 41 տնտեսվարողների գործունեությունը: Իրացման առավել մեծ ծավալներ ունեն 3-ը: Դրանք են. «Պռոշյանի կոնյակի գործարանը»` 22,60 % բաժնով, «Վեդի ալկո» ընկերությունը` 16,68 % բաժնով եւ «Հոկտեմբերյանի կոնյակի գործարանը»` 14,22 % մասնաբաժնով: Շուկան ամբողջությամբ մրցակցային է. Գերիշխող տնտեսվարողներ չկան: Ինչ վերաբերում է տեղական կոնյակի արտադրությանը, ապա Հանձնաժողովի ուսումնասիրության համաձայն, այս շուկայում իրացման առավել խոշոր ծավալներ ունեն 3 գերիշխող ընկերություններ` «Երեւանի կոնյակի գործարանը», «Պռոշյանի կոնյակի գործարանը» եւ «Հոկտեմբերյանի կոնյակի գործարանը: Եւ այսպես, ՏՄՊՊՀ-ը առավել խիստ վերահսկողություն կիրականացնի գերիշխող տնտեսվարողների գործունեության նկատմամբ, մշտապես կվերահսկվի վերջինների վարքագիծը`կանխելու եւ բացառելու հնարավոր խոչընդոտներն ու չարաշահումները`ի վնաս սպառողի կամ շուկայում համեմատաբար փոքր ծավալներ ունեցող տնտեսվարողի:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play