Կուսակցությունները խոստումներ են շռայլում ընտրությունների նախօրեին


Կուսակցությունները խոստումներ են շռայլում ընտրությունների նախօրեին

  • 04-05-2012 18:19:55   | Հայաստան  |  Վերլուծություն
Քաղաքական գործիչները խոստանում են բարելավել սոցիալական պայմանները եւ նոր աշխատատեղեր ստեղծել, սակայն պարզ չէ, թե արդյոք նրանց խոստումները կյանքի կկոչվեն ընտրություններից հետո: Մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցություններն առաջին անգամ երկարատեւ դադարից հետո,առավելապես կենտրոնանում են սոցիալական եւ տնտեսական խնդիրների վրա`արտաքին քաղաքականության փոխարեն: Կուսակցությունների որդեգրած մոտեցումներում տեղ գտած նման փոփոխությունները զարմացրել են փորձագետներին, որոնց համար վաղուց արդեն սովորական երեւույթ է դարձել այն, որ կուսակցությունները փորձում են անընդհատ շահարկել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդիրը, հայոց ցեղասպանությունը եւ հարաբերությունները Թուրքիայի հետ: Սակայն վերլուծաբաններից շատերն այն կարծիքին են, որ կուսակցությունների խոստումները պոպուլիստական բնույթ են կրում եւ առավելապես ուղղված են պետական ծախքերի ավելացմանը, հստակ ֆինանսական ծրագրերի բացակայության պայմաններում: «Այս անգամ 3-4 կուսակցություններ ընտրողներին հստակ հաշվարկներ պարունակող ծրագրեր են ներկայացրել, ես նման բան չեմ հիշում նախկին ընտրությունների ժամանակ», - ասում է «Այլընտրանք» վերլուծական կենտրոնի տնօրեն Թաթուլ Մանասերյանը, - «Փաստորեն, ներկայացված ծրագրերը բազում ընդհանրություններ ունեն: Որպես կանոն, խոսքը վերաբերում է աշխատատեղեր ստեղծելու մասին խոստումներին: Միեւնույն ժամանակ, նրանք մոռանում են այն մասին, որ առջեւում խորհրդարանական ընտրություններն են, իսկ խորհրդարանը աշխատատեղեր չի ստեղծում»: Ընտրություններին մասնակցելու են 8 կուսակցություններ եւ մեկ ընդդիմադիր դաշինք, որը մի շարք փոքր կուսակցություններ է ներառում: Հասարակական հարցումների արդյունքների համաձայն`խորհրդարանական տեղերի համար պայքարի հավանական հաղթողները, նախ եւ առաջ, իշխող կոալիցիայի մասը կազմող երեք կուսակցություններն են`Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան» եւ «Օրինաց երկիր», նրանց հաջորդում են Հայ ազգային կոնգրեսը, «Դաշնակցությունը» եւ «Ժառանգությունը»: «Շանթ» հեռուստաընկերության պատվերով Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի անցկացրած հարցման համաձայն`մարդկանց մեծամասնությունը առաջնահերթ է համարում սոցիալական խնդիրների լուծումը: Հարցվողների 51 տոկոսին ամենից շատ անհանգստացնում է գործազրկությունը, իսկ 25 տոկոսը բողոքում է վատ կենսապայմաններից: Պաշտոնական տվյալներով`գործազրկության մակարդակը երկրում կազմում է 6,2 տոկոս, սակայն այս ցուցանիշը չի վերաբերում հսկայական թվով աշխատանքային միգրանտներին, ովքեր լքել են երկիրը գումար վաստակելու ակնկալիքով: Իշխանությունները եւ ընդդիմադիր կուսակցությունները որոշել են արձագանքել գոյություն ունեցող մտահոգություններին`այնպիսի փոփոխությունների ենթարկելով իրենց նախընտրական ծրագրերը, որպեսզի դրանք բավարարեն եղած պահանջները: «Տնտեսական զարգացումն ուղղված է լինելու մարդկանց աշխատանքով եւ պատշաճ եկամտով ապահովելուն: Այժմ, երբ ձեւավորվել են պետական եւ ազգային անվտանգության մարմինները, մենք կարող ենք կենտրոնանալ յուրաքանչյուր քաղաքացու խնդիրների լուծման եւ կենսապայմանների բարելավման վրա», - հայտարարել է իշխող Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը Սիսիանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ: Կովկասի ինստիտուտի փորձագետ Տաթեւ Սարգսյանը նշում է, որ կուսակցությունները բազում խոստումներ են տալիս, «սակայն հազվադեպ են պատասխանում այն հարցին, թե ինչպես են այդ ամենը իրականացնելու: Բոլոր քաղաքական ուժերն անդրադառնում են քաղաքացիների ծանր սոցիալական դրությանը, գյուղական համայնքների, փոքր եւ միջին ձեռնարկատերերի խնդիրներին, սակայն քչերն են համակարգային բարեփոխումներ առաջարկում»: «Օրինաց երկիր» կուսակցությունը, օրինակ, «խոսում է բազմաթիվ սոցիալական բարեփոխումների մասին`թոշակները եւ աշխատավարձերը բարձրացնելու, աշխատատեղեր ստեղծելու, նպատակային ծրագրերի մշակման եւ իրականացման մասին բազում առաջարկներ է ներկայացնում, սակայն ինչպիսի ծրագրեր են դրանք եւ ինչպես են դրանք իրականացվելու, հայտնի չէ», - ասում է Սարգսյանը: Ընդդիմադիր կուսակցությունները նույնպես լավատեսական խոստումներ են աջ ու չախ շռայլում: Հայ ազգային կոնգրեսը պատրաստվում է կրկնապատկել թոշակները եւ հասցնել միջին աշխատավարձի չափը 245 հազար դրամի: ՀԱԿ-ի անդամ, Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը նշում է, որ այս ծրագրերը հնարավոր է իրականացնել օլիգարխներին հարկային դաշտ բերելու եւ մենաշնորհները վերացնելու միջոցով: «Մենք աշխատատեղեր չենք խոստանում, այլ պայմաններ ենք ստեղծում ինքնազբաղվածության համար: Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը ամեն տարի հայտարարում էին 50 000-100 000 աշխատատեղերի ստեղծման մասին, սակայն վերջին 12 տարվա ընթացքում գործազուրկներ թիվը 80-90 հազարից հասել է 302 հազարի: ՀԱԿ-ը իր հերթին նշում է, որ 500 աշխատատեղ կստեղծի ձեռնարկատերերի համար`մենաշնորհները վերացնելու միջոցով, ինչը թույլ կտա մարդկանց ակտիվորեն ներգրավվել տնտեսական գործունեության մեջ», - ասում է Բագրատյանը: «Դաշնակցություն» կուսակցության անդամ, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Արսեն Համբարձումյանը նշում է, որ խորհրդարան անցնելու դեպքում, սոցիալական ուղղվածություն ունեցող իր կուսակցությունը պատրաստվում է 200-220 հազար աշխատատեղեր ստեղծել, առնվազն 4 անգամ ավելացնել ոստիկանության, զինված ուժերի ներկայացուցիչների եւ առողջապահության համակարգի աշխատակիցների աշխատավարձերը եւ զգալիորեն ավելացնել մանկական նպաստները: Նույնատիպ խոստումներ է տալիս նաեւ «Ժառանգություն» կուսակցությունը`ստեղծել բազմաթիվ աշխատատեղեր, բարձրացնել միջին աշխատավարձը մինչեւ 200 հազար դրամ, իսկ նվազագույնը`մինչեւ 80 հազար: Փորձագետները, սակայն, կասկածում են`արդյոք աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ խոստումները ընդհանրապես հնարավոր է կյանքի կոչել: «Աշխատողների առնվազն կեսի`550 հազար մարդկանց աշխատավարձը չի գերազանցում 80 հազար դրամը: Ընդդիմությունը գիտի այդ մասին, եւ փորձում է մարդկանց մոլորեցնել: Նվազագույն աշխատավարձի կտրուկ բարձրացումը կարող է բացասական հետեւանքներ ունենալ, կաճի ստվերային տնտեսությունը եւ գաղտնի զբաղվածությունը, գնաճի միտում կդրսեւորվի: Միջին աշխատավարձը հնարավոր կլինի բարձրացնել միայն գործազրկության կրճատման եւ աշխատանքային արտադրողականության աճի հաշվին, սակայն դա հնարավոր չէ անել մեկ ամսվա կամ տարվա ընթացքում, երկարաժամկետ քաղաքականություն է անհրաժեշտ», - ասում է Երեւանի պետական համալսարանի դասախոս, տնտեսական գիտությունների թեկնածու Կառլեն Խաչատրյանը: Նա նշում է, որ կուսակցությունները պետք է խուսափեն պոպուլիստական խոստումներից, որոնք կարող են ավելի շատ վնասել, քան օգուտ բերել: «Կարճաժամկետ կտրվածքով ստվերային տնտեսության եւ մենաշնորհների հետ պայքարը չի կարող արդյունավետ լինել, համակարգային, հետեւողական քայլեր են հարկավոր: Ինչ վերաբերում է թվերի հրապարակմանը եւ հանդիսավոր հայտարարություններին, եւ´ մեկը, եւ´մյուսը կարելի է պոպուլիզմի դրսեւորում համարել, եթե դրանք զուրկ են լուրջ վերլուծական հիմնավորումներից», - ասում է Խաչատրյանը: Իսկ կուսակցություններն այժմ պետք է համոզեն շարքային ընտրողներին, որ կկատարեն իրենց խոստումները: Օրինակ, Երեւանի 56-ամյա բնակչուհի Ռիտա Կարապետյանը մեծ սպասելիքներ չունի խորհրդարանական ընտրություններից: «Բոլորը միայն աջ ու ձախ ոսկե սարեր են խոստանում`բարձր աշխատավարձ, նպաստ, իսկ երբ իշխանության են գալիս, ամեն ինչ մոռանում են: Արդեն հոգնել եմ նրանց լսելուց: Չէ՞ որ նրանցից շատերը ժամանակին իշխանության ղեկին են եղել, իսկ մյուսները`գործող իշխանություններն են ներկայացնում, սակայն զգալի փոփոխություններ չեն եղել. թող փորձեն նման աշխատավարձով եւ թոշակներով ապրել», - դժգոհում է նա: Նաիրա Մելքումյանը ազատ լրագրող է: «Կովկասյան լրատու» պարբերական
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play