Կուսակցութիւնները խոստումներ են շռայլում ընտրութիւնների նախօրէին


Կուսակցութիւնները խոստումներ են շռայլում ընտրութիւնների նախօրէին

  • 04-05-2012 18:19:55   | Հայաստան  |  Յօդուածներ
Քաղաքական գործիչները խոստանում են բարելաւել սոցիալական պայմանները եւ նոր աշխատատեղեր ստեղծել, սակայն պարզ չէ, թէ արդեօք նրանց խոստումները կեանքի կը կոչուեն ընտրութիւններից յետոյ: Մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրութիւններին մասնակցող կուսակցութիւններն առաջին անգամ երկարատեւ դադարից յետոյ,առաւելապէս կենտրոնանում են սոցիալական եւ տնտեսական խնդիրների վրայ`արտաքին քաղաքականութեան փոխարէն: Կուսակցութիւնների որդեգրած մօտեցումներում տեղ գտած նման փոփոխութիւնները զարմացրել են փորձագէտներին, որոնց համար վաղուց արդէն սովորական երեւոյթ է դարձել այն, որ կուսակցութիւնները փորձում են անընդհատ շահարկել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդիրը, հայոց ցեղասպանութիւնը եւ յարաբերութիւնները Թուրքիայի հետ: Սակայն վերլուծաբաններից շատերն այն կարծիքին են, որ կուսակցութիւնների խոստումները պոպուլիստական բնոյթ են կրում եւ առաւելապէս ուղղուած են պետական ծախքերի աւելացմանը, յստակ ֆինանսական ծրագրերի բացակայութեան պայմաններում: «Այս անգամ 3-4 կուսակցութիւններ ընտրողներին յստակ հաշուարկներ պարունակող ծրագրեր են ներկայացրել, ես նման բան չեմ յիշում նախկին ընտրութիւնների ժամանակ», - ասում է «Այլընտրանք»վերլուծական կենտրոնի տնօրէն Թաթուլ Մանասերեանը, - «Փաստօրէն, ներկայացուած ծրագրերը բազում ընդհանրութիւններ ունեն: Որպէս կանոն, խօսքը վերաբերում է աշխատատեղեր ստեղծելու մասին խոստումներին: Միեւնոյն ժամանակ, նրանք մոռանում են այն մասին, որ առջեւում խորհրդարանական ընտրութիւններն են, իսկ խորհրդարանը աշխատատեղեր չի ստեղծում»: Ընտրութիւններին մասնակցելու են 8 կուսակցութիւններ եւ մէկ ընդդիմադիր դաշինք, որը մի շարք փոքր կուսակցութիւններ է ներառում: Հասարակական հարցումների արդիւնքների համաձայն`խորհրդարանական տեղերի համար պայքարի հաւանական յաղթողները, նախ եւ առաջ, իշխող կոալիցիայի մասը կազմող երեք կուսակցութիւններն են`Հանրապետական, «Բարգաւաճ Հայաստան»եւ «Օրինաց երկիր», նրանց յաջորդում են Հայ ազգային կոնգրէսը, «Դաշնակցութիւնը» եւ «ժառանգութիւնը»: «Շանթ» հեռուստաընկերութեան պատուերով Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի անցկացրած հարցման համաձայն`մարդկանց մեծամասնութիւնը առաջնահերթ է համարում սոցիալական խնդիրների լուծումը: Հարցուողների 51 տոկոսին ամէնից շատ անհանգստացնում է գործազրկութիւնը, իսկ 25 տոկոսը բողոքում է վատ կենսապայմաններից: Պաշտօնական տուեալներով`գործազրկութեան մակարդակը երկրում կազմում է 6,2 տոկոս, սակայն այս ցուցանիշը չի վերաբերում հսկայական թուով աշխատանքային միգրանտներին, ովքեր լքել են երկիրը գումար վաստակելու ակնկալիքով: Իշխանութիւնները եւ ընդդիմադիր կուսակցութիւնները որոշել են արձագանքել գոյութիւն ունեցող մտահոգութիւններին`այնպիսի փոփոխութիւնների ենթարկելով իրենց նախընտրական ծրագրերը, որպէսզի դրանք բաւարարեն եղած պահանջները: «Տնտեսական զարգացումն ուղղուած է լինելու մարդկանց աշխատանքով եւ պատշաճ եկամտով ապահովելուն: Այժմ, երբ ձեւաւորուել են պետական եւ ազգային անվտանգութեան մարմինները, մենք կարող ենք կենտրոնանալ իւրաքանչիւր քաղաքացու խնդիրների լուծման եւ կենսապայմանների բարելաւման վրա», - յայտարարել է իշխող Հանրապետական կուսակցութեան նախագահ Սերժ Սարգսեանը Սիսիանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ: Կովկասի ինստիտուտի փորձագէտ Տաթեւ Սարգսեանը նշում է, որ կուսակցութիւնները բազում խոստումներ են տալիս, «Սակայն հազուադէպ են պատասխանում այն հարցին, թէ ինչպէս են այդ ամէնը իրականացնելու: Բոլոր քաղաքական ուժերն անդրադառնում են քաղաքացիների ծանր սոցիալական դրութեանը, գիւղական համայնքների, փոքր եւ միջին ձեռնարկատէրերի խնդիրներին, սակայն քչերն են համակարգային բարեփոխումներ առաջարկում»: «Օրինաց երկիր» կուսակցութիւնը, օրինակ, «Խօսում է բազմաթիւ սոցիալական բարեփոխումների մասին`թոշակները եւ աշխատավարձերը բարձրացնելու, աշխատատեղեր ստեղծելու, նպատակային ծրագրերի մշակման եւ իրականացման մասին բազում առաջարկներ է ներկայացնում, սակայն ինչպիսի ծրագրեր են դրանք եւ ինչպէս են դրանք իրականացուելու, յայտնի չէ», - ասում է Սարգսեանը: Ընդդիմադիր կուսակցութիւնները նոյնպէս լաւատեսական խոստումներ են աջ ու չախ շռայլում: Հայ ազգային կոնգրէսը պատրաստւում է կրկնապատկել թոշակները եւ հասցնել միջին աշխատավարձի չափը 245 հազար դրամի: ՀԱԿ-ի անդամ, Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատեանը նշում է, որ այս ծրագրերը հնարաւոր է իրականացնել օլիգարխներին հարկային դաշտ բերելու եւ մենաշնորհները վերացնելու միջոցով: «Մենք աշխատատեղեր չենք խոստանում, այլ պայմաններ ենք ստեղծում ինքնազբաղուածութեան համար: Ռոբերտ Քոչարեանը եւ Սերժ Սարգսեանը ամէն տարի յայտարարում էին 50 000-100 000 աշխատատեղերի ստեղծման մասին, սակայն վերջին 12 տարուայ ընթացքում գործազուրկներ թիւը 80-90 հազարից հասել է 302 հազարի: ՀԱԿ-ը իր հերթին նշում է, որ 500 աշխատատեղ կը ստեղծի ձեռնարկատէրերի համար`մենաշնորհները վերացնելու միջոցով, ինչը թոյլ կը տայ մարդկանց ակտիւօրէն ներգրաւուել տնտեսական գործունէութեան մէջէ, - ասում է Բագրատեանը: «Դաշնակցութիւն» կուսակցութեան անդամ, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Արսէն Համբարձումեանը նշում է, որ խորհրդարան անցնելու դէպքում, սոցիալական ուղղուածութիւն ունեցող իր կուսակցութիւնը պատրաստւում է 200-220 հազար աշխատատեղեր ստեղծել, առնուազն 4 անգամ աւելացնել ոստիկանութեան, զինուած ուժերի ներկայացուցիչների եւ առողջապահութեան համակարգի աշխատակիցների աշխատավարձերը եւ զգալիօրէն աւելացնել մանկական նպաստները: Նոյնատիպ խոստումներ է տալիս նաեւ «ժառանգութիւն» կուսակցութիւնը`ստեղծել բազմաթիւ աշխատատեղեր, բարձրացնել միջին աշխատավարձը մինչեւ 200 հազար դրամ, իսկ նուազագոյնը`մինչեւ 80 հազար: Փորձագէտները, սակայն, կասկածում են`արդեօք աշխատավարձերի բարձրացման վերաբերեալ խոստումները ընդհանրապէս հնարաւոր է կեանքի կոչել: «Աշխատողների առնուազն կէսի`550 հազար մարդկանց աշխատավարձը չի գերազանցում 80 հազար դրամը: Ընդդիմութիւնը գիտի այդ մասին, եւ փորձում է մարդկանց մոլորեցնել: Նուազագոյն աշխատավարձի կտրուկ բարձրացումը կարող է բացասական հետեւանքներ ունենալ, կաճի ստուերային տնտեսութիւնը եւ գաղտնի զբաղուածութիւնը, գնաճի միտում կը դրսեւորուի: Միջին աշխատավարձը հնարաւոր կը լինի բարձրացնել միայն գործազրկութեան կրճատման եւ աշխատանքային արտադրողականութեան աճի հաշուին, սակայն դա հնարաւոր չէ անել մէկ ամսուայ կամ տարուայ ընթացքում, երկարաժամկէտ քաղաքականութիւն է անհրաժեշտէ, - ասում է Երեւանի պետական համալսարանի դասախօս, տնտեսական գիտութիւնների թեկնածու Կ'առլեն Խաչատրեանը: Նա նշում է, որ կուսակցութիւնները պէտք է խուսափեն պոպուլիստական խոստումներից, որոնք կարող են աւելի շատ վնասել, քան օգուտ բերել: «Կարճաժամկէտ կտրուածքով ստուերային տնտեսութեան եւ մենաշնորհների հետ պայքարը չի կարող արդիւնաւէտ լինել, համակարգային, հետեւողական քայլեր են հարկաւոր: Ինչ վերաբերում է թուերի հրապարակմանը եւ հանդիսաւոր յայտարարութիւններին, եւբ մէկը, եւբմիւսը կարելի է պոպուլիզմի դրսեւորում համարել, եթէ դրանք զուրկ են լուրջ վերլուծական հիմնաւորումներից», - ասում է Խաչատրեանը: Իսկ կուսակցութիւններն այժմ պէտք է համոզեն շարքային ընտրողներին, որ կը կատարեն իրենց խոստումները: Օրինակ, Երեւանի 56-ամեայ բնակչուհի Ռիտա Կարապետեանը մեծ սպասելիքներ չունի խորհրդարանական ընտրութիւններից: «Բոլորը միայն աջ ու ձախ ոսկէ սարեր են խոստանում`բարձր աշխատավարձ, նպաստ, իսկ երբ իշխանութեան են գալիս, ամէն ինչ մոռանում են: Արդէն յոգնել եմ նրանց լսելուց: Չէ՞ որ նրանցից շատերը ժամանակին իշխանութեան ղեկին են եղել, իսկ միւսները`գործող իշխանութիւններն են ներկայացնում, սակայն զգալի փոփոխութիւններ չեն եղել. թող փորձեն նման աշխատավարձով եւ թոշակներով ապրել», - դժգոհում է նա: Նաիրա Մելքումեանը ազատ լրագրող է: «Կովկասեան լրատու» պարբերական
  -   Յօդուածներ