Գործընթաց՝ ի նպաստ նոր և ժամանակակից կրթական պայմանների


Գործընթաց՝ ի նպաստ նոր և ժամանակակից կրթական պայմանների

  • 18-05-2012 16:56:59   | Արագածոտնի մարզ  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն մայիսի 18-ին հանդիպում է ունեցել Ապարանի ֆիզմաթ դպրոցի մանկավարժների հետ: Դպրոցի կոլեկտիվը մտահոգություն ուներ ՀՀ կառավարության 2012 թվականի մարտի 1-ի N 231-N որոշման 3-րդ կետի հետ կապված: ՀՀ կառավարության հիշյալ որոշման համաձայն` Արագածոտնի մարզպետարանի "Ապարանի ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց" ՊՈԱԿ-ը միացման ձեւով վերակազմակերպվել է եւ միացել ՀՀ ԿԳՆ "Ապարանի ավագ դպրոց" ՊՈԱԿ-ին: Ներկայացնելով կառավարության որո շումը` ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ ֆիզմաթ դպրոցում աշխատող որեւէ ուսուցիչ կրթական համակարգից դուրս չի մնալու. "Ոչ մի ուսուցիչ աշխատանք չի կորցնելու, դա ես ձեզ խոստանում եմ: Բոլոր ուսուցիչներն իրենց մանկավարժական աշխատանքը կշարունակեն Ապարան քաղաքի այլ դպրոցներում",- հավաստիացրել է Արմեն Աշոտյանը: Ներկայացնելով կառավարության որոշումը` նախարարն ընդգծել է, որ հաշվի առնելով աշակերտների քանակը, երկու ավագ դպրոցների գործունեությունը Ապարան քաղաքում արդյունավետ չէր ինչպես կրթության կառավարման, այնպես էլ կրթության որակի ու պայմանների ապահովման տեսանկյունից: Ապարան քաղաքում գործում է 2 հիմնական եւ 2 ավագ դպրոց: Ֆիզմաթ դպրոցն ունի 115, իսկ ավագ դպրոցը՝ 276 աշակերտ: Բացի այդ ավագ դպրոցի շենքային եւ տեխնիկական տվյալները առավել բարենպաստ են: 350 աշակերտի համար նախատեսված ավագ դպրոցն ունի ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության նոր ժամանակակից լաբորատորիաներ, համակարգչային դասարաններ, էլեկտրոնային գրադարան, այսինքն՝ ժամանակակից կրթություն ապահովելու համար կարեւոր եւ անհրաժեշտ պայմաններ: Նախարարը նշել է նաեւ, որ հաշվի առնելով Ապարան քաղաքում ֆիզիկամաթեմատիկական կրթության լավ ավանդույթները, տվյալ ավագ դպրոցում նման հոսք կձեւավորվի եւ հատուկ դպրոցի սաներն իրենց ուսումը կշարունակեն ավագ դպրոցի այդ հոսքում: Նախարարը հավաստիացրել է, որ "Ապարանի ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց" ՊՈԱԿ-ի շենքը կօգտագործվի կրթական նպատակներով:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ