Փորձագետները նախընտրում են խոսել Արցախի և արցախյան հիմնախնդրի մասին՝ մնալով Հայաստանի և Ադրբեջանի սովորական և արդեն լավ ուսումնասիրված դիմակայության շրջանակներում


Փորձագետները նախընտրում են խոսել Արցախի և արցախյան հիմնախնդրի մասին՝ մնալով Հայաստանի և Ադրբեջանի սովորական և արդեն լավ ուսումնասիրված դիմակայության շրջանակներում

  • 30-05-2012 11:30:46   | Հայաստան  |  Վերլուծություն
Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ գնահատականներն ու կանխատեսումները, օրինակ՝ Ալեքսանդր Խրամչիխինի «Պայքար Ղարաբաղի համար 2.0» հոդվածում արժանի ուշադրությամբ չեն անդրադառնում անվտանգության միջազգային միջավայրի որակական այն փոփոխություններին, որոնք կատարվել են վերջին ժամանակներս։ Փորձագետները նախընտրում են խոսել Արցախի եւ արցախյան հիմնախնդրի մասին՝ մնալով Հայաստանի (հանձինս Հայաստանի Հանրապետության եւ ԼՂՀ-ի) եւ Ադրբեջանի սովորական եւ արդեն լավ ուսումնասիրված դիմակայության շրջանակներում։ Նման մոտեցումը համապատասխանում է 1990-ականների սկզբի իրողություններին, երբ Ռուսաստանը՝ որպես ԽՍՀՄ ժառանգորդ, բավական ծանր կշիռ ուներ՝ կասեցնելու համար դրսից հակամարտող կողմերի վրա գործադրվող ռազմաքաղաքական ճնշման փորձերը։ Որպես քաղաքական երեւույթ գոյությունը դադարեցրած ԽՍՀՄ սահմանները, այնուամենայնիվ, շարունակում էին մնալ աշխարհաքաղաքական այլ կենտրոնների ակտիվությունը սահմանափակող աշխարհաքաղաքական իրականություն։ Սակայն 20 տարվա մեջ շատ բան է փոխվել ինչպես տարածաշրջանում, այնպես էլ շրջակա աշխարհում։ Արցախն անցել է իր պետականության կայացման՝ իրադարձություններով լի էվոլյուցիոն ճանապարհ։ Այո, դա արտաքին աշխարհի համար փոքր-ինչ անսովոր եւ անծանոթ գործընթաց է, քանի որ ԼՂՀ կայացումը տեղի էր ունենում առանց միջազգային հանրության մասնակցության, բայց, ի տարբերություն բազմաթիվ այլ ճգնաժամային կետերի, այստեղ այն հաջող ստացվեց։ Նոր պայմաններում Արցախն անտեսելու կամ այն «ղարաբաղյան հիմնախնդրին» հանգեցնելու փորձերն ակնհայտորեն սխալ են։ Ինչ վերաբերում է միջազգային համատեքստին, ապա հետխորհրդային ժամանակաշրջանի տակ գիծ քաշած հնգօրյա պատերազմը (2008թ.) եւ արաբական զարթոնքը (2011թ.) արմատապես փոխեցին աշխարհաքաղաքական լանդշաֆտը։ Եվ այս նոր պայմաններում ցանկացած ռազմաքաղաքական սցենար, որը ենթադրում է Կովկասի մեկուսացում «կայունության աղեղում» ընթացող գլոբալ գործընթացներից, դառնում է ոչ միայն անհամարժեք, այլեւ վտանգավոր։ Վերն ասվածը կարելի է ցույց տալ վերջին ժամանակների ադրբեջանական արտաքին քաղաքականության օրինակով, երբ Միլի մեջլիսի մի շարք պատգամավորներ բարձրացրել են իրենց պետությունը Հյուսիսային Ադրբեջան վերանվանելու հարցը։ «Ադրբեջանի տարածքի երկու երրորդը մտնում է ներկայիս Իրանի կազմի մեջ, ուստի անհրաժեշտ է Ադրբեջանի Հանրապետությունը վերանվանել Հյուսիսային Ադրբեջանի Հանրապետություն»,- հայտարարել է Ադրբեջանի ժողովրդական ճակատ միասնական կուսակցությունից պատգամավոր Ղուդրաթ Հասանղուլիեւը։ «Սա բավական կարեւոր հարց է։ Աշխարհում կան այդպիսի օրինակներ. Հյուսիսային եւ Հարավային Կորեան, Հյուսիսային եւ Հարավային Կիպրոսը։ Նպատակահարմար կլիներ, եթե Ադրբեջանը, որպես մասերի բաժանված պետություն, կոչվեր Հյուսիսային Ադրբեջան»,- ընդգծել է իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալ Սիյավուշ Նովրուզովը։ Ըստ էության, խոսքն Ադրբեջանի կողմից իր հարավային հարեւանին տարածքային հավակնություններ հնչեցնելու մասին է։ Ադրբեջանական քաղաքական գործիչների նման պահվածքն ինչ-որ իմաստով առօրեական է դարձել հայկական կողմի եւ ողջ հետխորհրդային տարածքի համար։ Այստեղ արդեն վարժվել են, որ ադրբեջանցի քաղաքական գործիչները խոսում են վերջնագրերի լեզվով՝ իրենց չծանրաբեռնելով ձեւակերպումների ընտրության եւ հնարավոր հետեւանքների մասին մտածելու հարցում։ Սակայն այս դեպքում Ադրբեջանն ակնհայտորեն դուրս է եկել թույլատրելիի սահմաններից եւ, հատելով հետխորհրդային տարածքի սահմանը, սպառնում է մի պետության, որը գտնվում է Արեւմուտքի հետ կոշտ ռազմաքաղաքական առճակատման փուլում։ Ստեղծված պայմաններում Իրանը հազիվ թե ցանկանա խորամուխ լինել ադրբեջանական պետականության «հոգեբանական բարդույթների» մեջ եւ պարտավոր կլինի նմանատիպ հայտարարություններին վերաբերվել որպես մտածված եւ համաձայնեցված քաղաքական քայլերի։ Մանավանդ որ Իրանն առանց այդ էլ ստիպված է Ադրբեջանը դիտարկել որպես պլացդարմ, որտեղից կարող են քայլեր ձեռնարկվել այդ երկրում իրավիճակի կայունությունը խափանելու համար։ Եվ այն արդեն նախազգուշացրել է, որ իրանական պետության դեմ ադրբեջանական տարածքը թշնամական գործողություների համար օգտագործելու պարագայում հակազդեցության համարժեք քայլեր կձեռնարկվեն, ընդհուպ մինչեւ ռազմական հարվածներ հասցնելը։ Այսպիսով, հետխորհրդային տարածքի սահմանները կովկասյան ուղղությամբ «ցանցկեն» են եւ արդեն չեն բացառում երկու ուղղությամբ ռազմաքաղաքական հզորության ցուցադրումը։ Այս պայմաններում հայ-ադրբեջանական սահմանափակ պատերազմի սցենարների քննարկումը, առնվազն, անլուրջ (եթե ոչ՝ անպատասխանատու) է թվում։ Ակնհայտ է, որ Արցախի շուրջ ռազմաքաղաքական ակտիվությունն ավելի լայն պատկերի տարր է հանդիսանում։ Եվ դատողություններ անել պատերազմ սանձազերծելու հարավկովկասյան պետությունների նախաձեռնության մասին՝ ելնելով նեղ ազգային շահերից, թույլատրելի է միայն այն դեպքում, եթե ձեռնարկվող քայլերը ներգրվում են ավելի լայն միջազգային համատեքստում։ Իհարկե, ազգային շահերը կարող են դառնալ սադրանքի հիմք (թիրախ ունենալով քաղաքական առաջնորդների անհեռատեսությունն ու չմտածված քայլերը, ինչը տեղի ունեցավ 2008թ.), բայց ոչ երբեք՝ մարտական գործողությունների սանձազերծման իրական դրդապատճառ։ http://www.csef.ru Հրաչյա Արզումանյան Քաղաքագետ, տեխնիկական գիտությունների թեկնածու «Գլոբուս» վերլուծական հանդես, թիվ 5, 2012
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play