Վահան Դիլանյան. «Ադրբեջանական դիվերսիոն վերջին հարձակումները հասարակությանը բարձր զգոնության մեջ են դրել»


Վահան Դիլանյան. «Ադրբեջանական դիվերսիոն վերջին հարձակումները հասարակությանը բարձր զգոնության մեջ են դրել»

  • 08-06-2012 12:26:32   | Հայաստան  |  Վերլուծություն

Հոդվածում հեղինակը նշում է ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնի Հարավային Կովկաս այցից ժամեր առաջ եւ դրանից հետո շարունակվող Ադրբեջանի զինված ուժերի կողմից Տավուշի մարզի մի շարք գյուղերի (Բերդավան, Չինարի, Մովսես, Կարմիրաղբյուր, Այգեպար) ուղղությամբ իրականացված դիվերսիոն գործողությունների եւ դրանց հետեւանքների մասին: Նշելով, որ ադրբեջանցիները “DShK” տեսակի զենքով կրակում են նաեւ մանկապարտեզների եւ Կարմիր խաչի նշանը կրող սանիտարական մեքենաների վրա` Վահան Դիլանյանը եզրակացնում է, որ Բաքուն ցինիկաբար խախտում է Ժնեւի կոնվենցիաներով հաստատված մարդասիրական սկզբունքները: Խոսելով այսօրինակ դիվերսիաների` վերջին 3 ամիսների ընթացքում չդադարելու մասին` քաղաքագետը նշում է, որ Ադրբեջանի այդ վարքագիծը վնասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ եւ հակասում է 2009թ. Լ'Աքվիլայում, 2010թ.-ին Մուսկոկայում, 2011թ.-ին Դովիլում եւ 2012թ. Սոչիում հաստատված փաստաթղթերի ոգուն, որոնցում ամրագրված է Հելսինկիի եզրափակիչ ակտի ուժի սպառնալիքը եւ ուժի կիրառումը արգելող սկզբունքը: Այդուամենայնիվ, ըստ նրա, համանախագահությունը “ժլատ է” Ադրբեջանի գործողությունների դատապարտմանն ուղղված հայտարարություններ անելու տեսանկյունից, կամ խուսափում է դրանից: Դիցուք` ապրիլի 27-ին արված այն հայտարարությունը, որով կոչ էր արվում ոչ թե Ադրբեջանին, այլ ընդհանրապես բոլոր կողմերին` հարգելու զինադադարը եւ հրաժարվելու իրավիճակի հետագա սրմանը հանգեցնող գործողություններից: Ըստ Դիլանյանի` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը բազմիցս կոչ է արել միջազգային հանրությանը` կանխելու հետագա արյունահեղությունը (ներառյալ խաղաղ բնակչության զոհերը), մինչդեռ միջազգային հանրությունը հիմնականում լռել է այս կապակցությամբ, ինչն էլ իր հերթին Ադրբեջանի ղեկավարությանն ավելի է լկտիացրել: Փոխարենը, մի շարք երկրների ղեկավարներ շարունակում են կարեւորել Ադրբեջանի նավթային ռեսուրսները: Օրինակ` «Կասպիցի նավթը եւ գազը» խորագրով կոնֆերանսի ժամանակ (որն այս օրերին անցկացվում է Բաքվում) Եվրոմիության էներգիայի գծով հանձնակատար Գունթեր Օեթինգերն ասել է, թե ԵՄ-ն Ադրբեջանին դիտարկում է որպես Հարավային Կովկասի “առանցքային դերակատար”: Իսկ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիթ Քամերոնն իր ուղերձում նշել էր, որ “մոտ ապագայում Ադրբեջանի էներգոռեսուրսները բեկումնային դեր են խաղալու համաշխարհային տնտեսության մեջ եւ թե Ադրբեջանն իր ռեսուրսներն օգտագործում է “ընդհանուրի բարիքի” համար”: Հեղինակի կարծիքով, սակայն, իրական պատկերն այլ է` չհաշված այն հանգամանքը, որ Ադրբեջանի էներգոռեսուրսները սպառվող են: Նա հատկապես ընգծում է, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի գործարկմամբ Ադրբեջանը կտրուկ մեծացրել է իր ռազմական ծախսերը` այս կապակցությամբ վկայակոչելով նաեւ Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտության ինստիտուտի այն եզրակացությունը, ըստ որի 2011թ.-ին Ադրբեջանը ամենամեծ աճն է գրանցել աշխարհում ռազմական ծախսերում. 88 տոկոս իրական տեսքով` դրանով մեծացնելով նաեւ վերսկսվելիք հակամարտության մտահոգությունները: Հեղինակը գտնում է, որ միջազգային հանրությունը “աչք է փակել” այդ փաստի վրա, մասնավորապես, երբ Ադրբեջանը նաեւ անցել է սովորական սպառազինությունների համար նախատեսված չափաբաժինների բոլոր սահմանները: Որպես ապացույց` Ադրբեջանը հայտարարել է 250 մարտական ինքնաթիռ ունենալու մասին, այնինչ, համապատասխան կոնվենցիան թույլ է տալիս ընդամենը 100-ը: “Իրականությունն այն է, որ Ադրբեջանն իր էներգոռեսուրսները ծախսում է ոչ թե “ընդհանուրի բարիքի”, այլ ընդհանուրի չարիքի համար, եւ Բաքվի թվացյալ ինքնավստահությունը` պայմանավորված ռազմական ծախսերի աճով, կարող է արդյունքում այդ երկիրը դարձնել տարածաշրջանում “2-րդ Վրաստանը”: Այս պարագայում Ադրբեջանը նաեւ չի կարող դիտվել որպես “Եվրոպայի առանցքային դերակատար” ոչ միայն իր արժեքների` եվրոպական ժողովրդավարական արժեքային համակարգին չհամապատասխանելիության տեսանկյունից (ԵՄ-ն Ադրբեջանի բոլոր ընտրությունները որակել է` որպես ավտորիտար, մինչդեռ ԼՂՀ ընտրություններ` ժողովրդավարական, իսկ մասնավորապես ՀՀ-ում խորհրդարանական վերջին ընտրությունները` ժողովրդավարական զարգացման առաջընթաց քայլ), այլ նաեւ այն կարող է դառնալ Եվրոպայի անվտանգության համակարգի համար սպառնալիք իր պատերազմաշունչ հռետորիկայի եւ ռազմատենչ վարքագծի պատճառով”,-գրում է Դիլանյանը: Ըստ նրա` ներկայիս փոխկապակցված աշխարհում ցանկացած պատերազմ աշխարհի ցանկացած մասում իր ստվերն է գցելու շատ երկրների անվտանգության համակարգերի վրա: “Հնարավոր պատերազմը Հարավային Կովկասում նաեւ կխաթարի էներգիայի դիվերսիֆիկացիայի եվրոատլանդյան ռազմավարությունը: Հարկ է նշել, որ ռուս-վրացական օգոստոսյան պատերազմի ժամանակ ԲԹՋ եւ Բաքու-Սուփսա խողովակաշարերը արգելափակվեցին”: Ըստ այդմ` Վահան Դիլանյանը հիշեցնում է, որ Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանը “ԲԹՋ” նավթամուղից գտնվում է շուրջ 50 կմ հեռավորության վրա եւ հնարավոր առճակատման դեպքում այս “գիծը” նույնպես կարող է դառնալ խոցելի: “Ուստի, միջազգային հանրությունը պետք է վճռական գործի. լռությունը չի կանխի հակամարտությունը էսկալացիայից, եւ Բաքվի ագրեսիվ դիրքորոշումը չեզոքացնելու համար անհրաժեշտ է համապաստախան միջոցներ ձեռնարկել: Այս առումով Ադրբեջանին պետք է հարկադրվի ուժի չկիրառման մասին պայմանագիր ստորագրել”,-նշում է քաղաքագետը, հավելելով` “քանի որ ընտրությունները Հայաստանում ավարտվել են, հանրային ուշադրությունը ներքին խնդիրներից մեծապես տեղափոխվել է արտաքին հարցերի վրա, եւ ադրբեջանական դիվերսիոն վերջին հարձակումները հասարակությանը բարձր զգոնության մեջ են դրել, որը կարող է պայթել ցանկացած րոպեին”: Վահան Դիլանյան http://www.eurasiareview.com/07062012-war-is-in-the-air-a-troubled-caucasus-oped/ http://www.defenceviewpoints.co.uk/articles-and-analysis/war-in-the-air-caucasus-still-troubled
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play