Ավարտվեց անվանի կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի անունը կրող 8-րդ միջազգային մրցույթը


Ավարտվեց անվանի կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի անունը կրող 8-րդ միջազգային մրցույթը

  • 14-06-2012 12:17:27   | Հայաստան  |  Մշակույթ

Երեւանի «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցած գեղեցիկ գալա համերգով երեկ` երեկոյան, ավարտվեց անվանի կոմպոզիտորի անունը կրող արդեն 8-րդ միջազգային մրցույթը: Մրցանակակիրների անունները պարզ դարձան գալա համերգից ուղղակի րոպեներ առաջ, քանի որ մրցույթի հեղինակավոր ժյուրին հաղթողի անունը բավականին ուշ հրապարակեց` մինչեւ վերջին պահը պահպանելով խիստ գաղտնիություն: «Մրցույթի նկատմամբ այս տարի հետաքրքրությունը չափազանց մեծ էր, չնայած մրցույթի եզրափակիչ փուլ հայ երաժիշտներից ոչ ոք չանցավ: Շնորհակալ եմ հեղինակավոր ժյուրիին՝ խիստ օբյեկտիվ լինելու համար»,- ասաց Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սմբատյանը: Մրցույթում, որն այս տարի անցկացվեց «Ջութակ» անվանակարգում, «Գրան պրի» գլխավոր մրցանակին արժանացավ Ֆյոդոր Ռուդինը (Ռուսաստան/Ֆրանսիա), իսկ ահա առաջին մրցանակը կիսեցին ճապոնացի ջութակահարուհի Թանաբե Այակոն եւ Ռուսաստանը ներկայացնող Պավել Միլյուկովը: Հետաքրքիրն այն էր, որ այս անգամ երկրորդ մրցանակ չհանձնվեց: Երրորդ մրցանակին արժանացավ նույնպես ճապոնացի ջութակահար Նակամուրա Դայչին: Միջոցառման ժամանակ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր` Սերգեյ Սմբատյան) հետ ելույթ ունեցավ մրցույթի հաղթողը: «Շատ դժվար է նվագել մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի գործերը, բայց ես փորձում եմ անել ամենակարեւորը՝ զգալ դրանք: Ինձ շատ օգնեցին նաեւ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կատարողները»,- ասաց Ֆյոդոր Ռուդինը: Հունիսի 6-ին մեկնարկած մրցույթին մասնակցում էին աշխարհի 20 երկրների (Ռուսաստան, Ղազախստան, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա, Բելառուս, Լեհաստան, Չինաստան, Կորեա, Կոլումբիա, Իտալիա, Իսպանիա, ԱՄՆ, Ճապոնիա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Հայաստան եւ այլն) բարձրակարգ ու տաղանդավոր ներկայացուցիչներ: Հիշեցնենք, որ մրցույթն անցկացվում է 2003 թ-ից` Արամ Խաչատրյանի ծննդյան օրվանից` հունիսի 6-ից մինչեւ 13-ը, եւ դրա նպատակն է բացահայտել շնորհալի երիտասարդ երաժիշտների, մասնավորապես` դաշնակահարների, ջութակահարների ու թավջութակահարների: Անցած տարվանից մրցույթին մասնակցելու իրավունք են ստացել նաեւ երիտասարդ կոմպոզիտորները:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play