Մանկական նոր այգի՝ Երևանում


Մանկական նոր այգի՝ Երևանում

  • 15-06-2012 17:25:46   | Հայաստան  |  

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի Էրեբունի վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում քաղաքապետի մասնակցությամբ հանդիսավորությամբ բացվել է վարչական շրջանի Մանկական այգին: Հանգստի այս գոտու բարեկարգման խոստումը քաղաքապետ Տարոն Մարգարյանը բնակիչներին տվել էր դեռ նախորդ տարեվերջին այստեղ կազմակերպված ծառատունկի ժամանակ: Ծրագրի համաձայն ամբողջությամբ բարեկարգվել ու կահավորվել է այգու ողջ` 1,5 հա տարածքը: Համալիր բարեկարգման շրջանակում հիմնովին փոխվել են նաեւ արտաքին լուսավորման եւ ոռոգման համակարգերը: Լայնածավալ աշխատանքներ են իրականացվել սիզամարգերի կանաչապատման ու ծաղկապատման ուղղությամբ, իսկ տեղադրված նոր նստարանները, զրուցարաններն ու խաղային նոր ատրակցիոններն էլ արդեն ծառայում են իրենց նպատակին. <<Մանկական այգին իրականում գտնվում էր շատ վատ վիճակում: Տասնյակ տարիներ անխնամ մնալու արդյունքում այգին չէր ծառայում իր բուն նպատակին: Քաղաքապետարանի 2012թ-ի շինբարեկարգման ծրագրով եւ մասնավոր հատվածի հետ համագործակցության արդյունքում մեզ հաջողվեց հիմնովին վերակառուցել այգու ողջ տարածքն ու հանձնել բնակիչներին>>,-նշել է Տարոն Մարգարյանը: Բնակիչներն իրենց գոհունակությունն ու շնորհակալությունն են հայտնել քաղաքապետին տասնյակ տարիներ անմխիթար վիճակում գտնվող այգին վերակառուցելու համար` ընդգծելով, որ բակերի, պուրակների ու այգիների բարեկարգումն իրապես առաջնահերթ խնդիր է իրենց համար: Քաղաքապետն էլ հորդորել է խնամքով վերաբերել ու պահպանել այն ամենը, ինչը ստեղծվում է բնակիչների հարմարավետությունն ապահովելու համար: Շրջայցի շրջանակում Տարոն Մարգարյանը այցելել է նաեւ Արցախի 8 եւ Աթոյան անցուղի 18 շենքերի բակերում կառուցված նոր խաղահրապարակներ ու բնակիչների հետ միասին գնահատելով կատարված աշխատանքը, հանդիսավորությամբ բացել է նորաստեղծ հանգստի այդ գոտիները: Բնակիչներն իրենց գոհունակությունն ու շնորհակալությունն են հայտնել Երեւանի քաղաքապետին մայրաքաղաքում օրեցօր ավելացող բարեկարգ ու հարմարավետ բակերի, մայրաքաղաքի արտաքին տեսքի նկատելի դրական փոփոխությունների համար: Տարոն Մարգարյանն էլ` ներկայացնելով Երեւանի քաղաքապետարանի ծրագրերն ու իր մոտեցումները, վստահեցրել է, որ քաղաքապետարանի նախաձեռնած <<Բարեկարգ Երեւան>> ծրագրի շրջանակում առաջիկա տարիների ընթացքում կբարեկարգվեն երեւանյան բոլոր բակերը. <<Քաղաքապետարանի որդեգրած քաղաքականության արդյունքում այսօր քայլեր են տարվում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում փոքր կենտրոններ ստեղծելու ուղղությամբ: Մենք մոտ ժամանակներս արդեն ականատես կլինենք նաեւ այդ հանգստի գոտիների բացմանը: Իսկ ընդհանրապես, որպես առաջնահերթություն, մեր խնդիրն է համաչափ զարգացում ապահովել ողջ Երեւան քաղաքում>>,-շեշտել է քաղաքապետը: Աշխատանքային շրջայցի շրջանակում Տարոն Մարգարյանը հետեւել է նաեւ Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն թաղամասում արդեն ավարտին մոտեցող խաղահրապարակներից մեկի բարեկարգման ընթացքին, որից հետո այցելել է Ջրաշենի առաջին եւ երրորդ փողոցներ` տեղում ծանոթանալու ճանապարհների հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Շուրջ 400 մ երկարություն ունեցող գրունտային այս ճանապարհն առաջին անգամ է ասֆալտապատվելու: Քաղաքապետը հանձնարարել է լուրջ ուշադրություն դարձնել աշխատանքների կատարման ընթացքին: Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ շրջայցից հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել վարչական շրջանի աշխատակազմի հետ ու հանձնարարել խստորեն հետեւել քաղաքապետարանի ծրագրերով ընթացող աշխատանքների համակարգված կազմակերպմանն ու դրանք սահմանված ժամկետներում եւ որակով իրականացմանը: