Մեկ սենյականոց բնակարան՝ անհայտ բարերարի կողմից (Տեսանյութ)


Մեկ սենյականոց բնակարան՝ անհայտ բարերարի կողմից (Տեսանյութ)

  • 15-06-2012 17:34:22   | Շիրակի մարզ  |  Բարեգործություն



Անհայտ բարերարը եւս մեկ բնակարան նվիրեց «Շիրակ կենտրոնի» տեսանյութի հերոսներին Գյումրեցի անօթեւան բազմաթիվ ընտանիքների ծանր սոցիալական ապրելակերպի մասին «Շիրակ կենտրոնի» պատմող տեսանյութերը շարունակում են աննախադեպ արձագանք գտնել Հայաստանում եւ արտերկրում ապրող բազմաթիվ բարերարների կողմից: Նախորդ ամիս www.shirakcentre.org եւ հայաստանյան մի շարք առաջատար կայքերում «Գյումրիում աղքատ ընտանիքները նույնիսկ տնակում են վարձով ապրում» http://shirakcentre.org/hy/news/1645-shirak-centre-ngo տեսանյութի հրապարակումից անմիջապես հետո կազմակերպության աշխատակիցների հետ կապվեցին մի շարք բարերարներ եւ հայտնեցին իրենց ցանկությունը օգնելու այդ ընտանիքին: Իսկ նախորդ շաբաթ հերթական անհայտ բարերարը երեք մանկահասակ երեխաների միայնակ մայր, տնակում վարձով բնակվող Գոհար Հովհաննիսյանի ընտանիքին նվիրաբերեց նորակառույց եւ հարմարավետ մեկ սենյականոց բնակարան, այս ընտանիքի անդամներին մեկ այլ բարերար անցած շաբաթ ապահովվել էր հագուստով: Նշենք, որ տնակներում ապրող անօթեւան ընտանիքների մասին «Շիրակ կենտրոնի» անցած 10 ամիսների ընթացքում պատրաստած տեսանյութերից հետո անօթեւան եւ պետության կողմից բնակարանային փոխհատուցման ոչ ենթակա 9 ընտանիքներ արդեն իսկ դարձել են բնակարանատերեր: Իսկ անօթեւան ընտանիքներին եւ ծնողազուրկ երեխաներին օգնություն ցուցաբերելու նպատակով «Միասին կարող ենք փոխել նրանց ճակատագիրը» http://shirakcentre.org/hy/announcements/1563-shirak-centre-ngo խորագիրը կրող նախանձեռնության արդյունքում տասնյակ ընտանիքներ ապահովվել են վառելափայտով, մի շարք ծնողազուրկ երեխաների արտերկրի բարերաների կողմից տրամադրվել է միանվագ եւ ամենամսյա դրամական աջակցություն, մի քանի տասնյակ ընտանիքների էլ` զգալի քանակությամբ սնունդ, հագուստ, հիգիենիկ, գրենական պարագաներ ու կենցաղային իրեր: Այսօր անհայտ բարերարի կողմից բնակարան նվեր ստացած Գոհար Հովհաննիսյանը երեք երեխաների հետ միասին այցելեց «Շիրակ կենտրոնի» գրասենյակ եւ իր շնորհակալությունն ու երախտիքի խոսքը հղեց ինչպես կազմակերպությանը, այնպես էլ բարերարներին: «Շիրակ կենտրոնը» իր երախտագիտությունն է հայտնում ինչպես այս անհայտ, այնպես էլ մյուս բոլոր բարեգործներին:
Նոյյան տապան  -   Բարեգործություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play