Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Բուլղարիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանը


Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Բուլղարիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանը

  • 22-06-2012 16:14:14   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Գեորգի Կարաստամատովը: Հանրապետության ղեկավարը շնորհավորել է դեսպանին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ եւ հույս հայտնել, որ պաշտոնավարման ընթացքում նա հաջողություններ կունենա հայ-բուլղարական հարաբերությունների ամրապնդմանն ու տարբեր ոլորտներում համագործակցության զարգացմանն ուղղված իր բոլոր նախաձեռնություններում: Երկուստեք ընդգծվել է, որ հայ եւ բուլղար ժողովուրդների՝ դարերից եկող բարեկամական ու ջերմ վերաբերմունքը միջպետական հարաբերությունների շարունակական զարգացման նպաստավոր հիմք է, որը զարգացման մեծ ներուժ ունի: Նախագահ Սերժ Սարգսյանը եւ Բուլղարիայի դեսպանը կարեւորել են երկու երկրների միջեւ փոխգործակցությանն ուղղված իրավապայմանագրային դաշտի լիարժեք ձեւավորումը, տարբեր մակարդակի ակտիվ փոխայցելություններն ու հայ-բուլղարական առեւտրատնտեսական եւ գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի ակտիվացումը, ինչը, կողմերի համոզմամբ, ոչ միայն կնպաստի քաղաքական երկխոսության ակտիվացմանը, այլ նաեւ կխթանի երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալների աճը: Զրուցակիցները կարեւորել են նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակում համագործակցությունը: Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ վարչությունից:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն