Ցմահ դատապարտյալ Արսեն Արծրունու գործով


Ցմահ դատապարտյալ Արսեն Արծրունու գործով

  • 29-06-2012 10:30:21   | Հայաստան  |  Իրավունք

ՀՀ Գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի 10.12.1996թ թիվ 10 դատավճռով / այսուհետեւ` դատավճիռ/ Արսեն Արայի Արծրունին դատապարտվել է 1961թ մարտի 7-ին ընդունված քրեական օրենսգրքի 72 հոդվածով, 17-100 հոդվածով, 17-99 հոդվածի 8-րդ կետով: Արսեն Արծրունին դատապարտվել է քրեական օրենսգրքի • 72 հոդվածով / 222 հոդված / – 12 տարի ժամանակով • 17-100 հոդվածով /38 – 104 հոդվածի 1-ին մաս / – 12 տարի ժամանակով • 17-99 հոդվածի 8-րդ կետով /38-104 հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետ/ – մահապատժի: 23.05.2011թ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին ՀՕ-143-Ն օրենքով 104 հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետն ուժը կորցրած է ճանաչվել: Արսն Արծրունին դիմեց դատարան դատավճիռը վերանայելու եւ գործող քրեական օրենսգրքին համապատասխանեցնելու միջնորդությամբ: Դեռեւս 2006թ օգոստոսի 8-ին Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքի առաջին ատյանի դատարանը, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ. Ջհանգիրյանի միջնորդության հիման վրա դատապարտյալ Արսեն Արայի Արծրունու վերաբերյալ ՀՀ քր. օր-ի 72 հոդվածով, 17-100 հոդվածով եւ 17-99 հոդվածի 8-րդ կետով ՀՀ Գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի 10.12.1996թ թիվ 10 դատավճիռը վերանայել է եւ որոշում է կայացրել այն 2003թ ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքին համապատասխանեցնելու մասին: 2011թ դատարան դիմելուց հետո պարզվեց, որ Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքի առաջին ատյանի դատարանի 2006թ օգոստոսի 8-ի որոշման մեջ տեղ է գտել տեխնիկական սխալ` Արծրունուն ավելացրեցին եւս մեկ հոդված երկու անձանց սպանություն, որը չկար դատավճռում: Սխալի վրա ուշադրություն չի դարձրել ոչ գործին մասնակցած դատախազը, ոչ էլ համապատասխան իրավաբանական մասնագիտական հմտություններ չունեցող դատապարտյալ Ա.Արծրունին: Փաստորեն, դատարանը զուտ դատավորի անփութության հետեւանքով կատարել էր տեխնիկական սխալ: Զուտ տեխնիկական սխալի մասին էր վկայակոչում նաեւ այն փաստը, որ որոշման նկարագրական մասում Արսեն Արծրունու անունից բացի նշված է ոմն Ռոբերտ Սահակյանի անունը: Նշված որոշումը վերացնելուն հասնելը տեւեց 6 ամիս` ՀՀ Վճռաբեկ դատարանի 2011թ դեկտեմբերի 22-ի թիվ ՎԲ-16/11 որոշմամբ բեկանվել է ամբողջությամբ եւ գործը ուղարկվել է Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան նոր քննության: 2012թ գործը քննվում է առաջին ատյանի դատարանում: Պաշտպանությամբ կողմը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 23.05.2011թ փոփոխությունների հետեւանքով 104հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետը վերացնելուց հետո Արսեն Արծրունու գործողությունները պետք է որակվեն 38 – 104 հոդվածի 1-ին մասով 2 առանձին դրվագներով, հետեւապես մահապատիժը պետք է փոփոխվի 12 տարի ազատազրկմամբ եւ Արծրունին ազատ արձակվի: Սակայն ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Արթուր Դավթյանը միջնորդեց Արսեն Արծրունու դատավճիռով ապացուցված համարված հանցանքները որակել ՀՀ քրեական օրենսգրքի 222 հոդվածին եւ 38-104հ 2-րդ մասի 1-ին կետով, ինչը հնարավորություն կտա որպես պատիժ թողնել ցմահ ազատազրկումը: ՀՀ Փաստաբանների պալատի 30 փաստաբաններ ստորագրել են հայտարարություն, որտեղ մասնավորապես, ասվում է` “ Ինչպես ընդունված է Հայաստանի դատական համակարգում, պաշտպանական կողմի ճշգրիտ, հետեւապես եւ արդարացի դիրքորոշումը անտեսվում է դատախազության կողմից, որի պատճառով Արսեն Արծրունին արդեն մեկ տարի է ապօրինի գտնվում է անազատության մեջ: Գտնում ենք, որ ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Արթուր Դավթյանի միջնորդությունը Արսեն Արծրունու դատավճիռով ապացուցված համարված հանցանքները ՀՀ քրեական օրենսգրքի 222 հոդվածին եւ 38-104հ 2-րդ մասի 1-ին կետին համապատասխանեցնելու մասին բացարձակ անհիմն է, անօրինական, խախտում է ՀՀ Սահմանադրությամբ եւ Միջազգային փաստաթղթերով սահմանված Մարդու իրավունքները եւ ուղղված է ոչ թե արդարադատության շահերին, այլ ընդամենը նպատակ է հետապնդում ամեն կերպ անազատության մեջ պահել ցմահ ազատազրկման դատապարտված անձին, դրանով իսկ խաթարելով արդարադատության բուն էությունը: Եթե Արծրունու կողմից կատարված առաջին սպանությունը, որի համար ինքը փաստորեն արդեն կրել է 12 տարի պատիժը միացվի երկրորդ սպանության հետ մեկ հոդվածում, ապա տվյալ դեպքում դա պետք է դիտվի որպես կրկին անգամ նույն արարքի համար դատվելու դեպք (կրկին անգամ դատապարտություն) : Այսպիսով, Ա.Արծրունու գործողությունները ՀՀ քրեական օրենսգրքի 104հ 2-րդ մասի 1-ին կետով վերաորակելը գտնում ենք անօրինական, եւ հակասող ՀՀ Սահմանադրությանը, միջազգային նորմերին, հանցագործության կատարման եւ դատապարտվելու ժամանակ գործող օրենսդրությանը եւ իրավակիրառման պրակտիկային”: Սույն գործով հերթական դատական նիստը նշանակված է հուլիսի 2-ին, ժ. 12:00-ին: Ակնկալվում է, որ դատարանը այդ օրը որոշում կկայացնի:
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play