Քաղաքական ասպարեզում գերիշխում են տղամարդիկ


Քաղաքական ասպարեզում գերիշխում են տղամարդիկ

  • 09-07-2012 16:50:58   | Հայաստան  |  Վերլուծություն

Չնայած խորհրդարանական ընտրություններին կին պատգամավորների մասնակցությունն ապահովող գենդերային քվոտայի սահմանմանը, քաղաքական ասպարեզում գերիշխող դերը շարունակում է պատկանել տղամարդկանց: Չնայած անցյալ տարի Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունները թույլ տվեցին, որպեսզի կանանց գենդերային քվոտան խորհրդարանում դառնա 20 տոկոս` նախկին 15 տոկոսի փոխարեն, այնուհանդերձ, Հայաստանի`նորընտիր 131 պատգամավոր ունեցող խորհրդարանում կանայք 14 են` կազմելով նշված քվոտայի շուրջ 11 տոկոսը: Հասարակական կյանքում կանանց առավել ակտիվ մասնակցություն ապահովելու համար իշխանությունների աջակցություն եւ մասնակիորեն նաեւ հասարակության լայն զանգվածների կողմից համապատասխան ճնշում է հարկավոր. բացի այդ, կանայք, որպես կանոն, ֆինանսապես անկախ չեն, որպեսզի կարողանան սեփական ուժերով իրենց թեկնածությունն առաջադրել ընտրություններին: 1990թ-ին Գերագույն խորհրդի 260 պատգամավորից կանայք ինն էին, առաջին գումարման ԱԺ-ում`190 պատգամավորից 12 էին կանայք, նախորդ գումարման ԱԺ-ում` 2007թ. 131 պատգամավորից 12-ն էին կանայք: Հինգերորդ գումարման ԱԺ-ում կանայք 14- են: «Այլ կերպ ասած` քսան տարվա կտրվածքով կանանց թիվը մեր խորհրդարանում աճել է ընդամենը 7 տոկոսով: Եվ եթե հաշվի առնենք այս դինամիկան, ապա այսօրվա 20 տոկոսանոց քվոտան իրականություն դարձնելու համար մենք պետք է առնվազն 25 տարի ժամանակ», - ասում է «ՊրոՄեդիա-Գենդեր» ՀԿ-ի նախագահ Թամարա Հովնաթանյանը: Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգրքի 108-րդ հոդվածով`ԱԺ ընտրություններում համամասնական ընտրակարգով ընտրացուցակի 2-րդ համարից սկսած ամեն հնգյակում յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 80 տոկոսը: Կուսակցությունների համամասնական ընտրացուցակներում 6-րդ, 11-րդ, 16-րդ , 21-րդ եւ 26-րդ հորիզոնականներում կանայք էին: Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ) ընտրությունների դիտորդական առաքելությունն իր վերջնական զեկույցում նշում է, որ նախնական ընտրացուցակներում գենդերային քվոտայի պահանջը բավարարված էր, քանի որ կանայք կազմում էին մեծամասնական եւ համամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուների 22 տոկոսը: Քանի որ խորհրդարանական տեղերը զբաղեցնում են ընտրացուցակներում հաջորդականությամբ տեղակայված թեկնածուները, կանանց անունները նույնպես պետք է այդ ցուցակներում հայտնվեին պարբերական հաճախականությամբ: Տեսականորեն, սա պետք է երաշխավորեր քվոտայի պահանջների իրականացումը: Սակայն կանանցից շատերը, ընտրություններից հետո ինքնաբացարկ հայտարարելով, իրենց տեղը զիջեցին տղամարդկանց: Գենդերային քվոտան օգտագործվել է միայն համամասնական ընտրակարգով նախատեսված 90 պատգամավորական տեղերի դեպքում, սակայն չի գործել մեծամասնական ընտրակարգով նախատեսված մյուս 41 պատգամավորական մանդատների դեպքում: Մեծամասնական ընտրակարգով առաջադրված 155 թեկնածուներից միայն 12 էին կանայք, եւ ԵԱՀԿ զեկույցում նշվում է, որ կին թեկնածուներից երեքը տեղեկատվություն չէին տրամադրել իրենց նախընտրական քարոզարշավների ընթացքում կատարած ծախսերի մասին, ինչը հանգեցնում է այն եզրակացությանը, որ վերջիններս իրական թեկնածուներ չեն եղել: Ավելին, 41 ընտրատարածքներից միայն 9-ում են կին թեկնածուներ առաջադրվել: Թիվ 38 ընտրատարածքում մեծամասնականով ինքնաառաջադրված եւ պարտված, Գյուղատնտեսական համալսարանի Կապանի ուսումնական կենտրոնի տնօրեն Նարինե Մովսիսյանը, իրեն պարտված չհամարելով, ասում է, որ հաղթել է իր ինքնաառաջադրմամբ: Նարինե Մովսիսյանը ասում է, որ քարոզարշավի ընթացքում իրեն չեն տրամադրել դահլիճներ, գյուղապետերը ընդհանարապես հրաժարվել են ընդունել իրենց գյուղերում, նրա առջեւ փակել են հեռուստաընկերությունը, ահաբեկել են հարազատներին: «Ես կոտրեցի այն կարծրացած մտածելակերպը, որ պետք է «դաբրո» ունենաս, որպեսզի կարողանաս առաջադրվել: Լիակատար բլոկադայի պայմաններում`առանց շտաբի, առանց լիարժեք քարոզչության, առանց ԶԼՄ-ի հետ շփվելու, առանց քաղաքական հենարանի, ես կարողացա հավաքել 1340 ձայն: Ես ինձ պարտված չեմ համարում»,- պնդում է Մովսիսյանը IWPR-ին: Հանրային խորհրդի Գենդերային եւ ժողովրդագրական հարցերով հանձնաժողովի նախագահ Ելենա Վարդանյանը նշում է, որ կնոջ ճանապարհը թույլատրված է մինչեւ ամենաբարձր մակարդակի պաշտոններ, բայց ոչ քաղաքական բնույթի: «Քաղաքական պաշտոնը հենարան է ծառայում բիզնեսին, եւ այս պաշտոնը զիջելուն տղամարդիկ դեռեւս պատրաստ չեն: Խոչընդոտող գործոնների թվում է նաեւ հասարակական ընկալումը` մարդիկ կանանց չեն ընտրում, քանի որ չունեն նրանց նկատմամբ վստահության քվե», - ասում է Վարդանյանը: Սակայն Բարգավաճ Հայաստան կուսակցությունից ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, որը երկրորդ անգամ է խորհրդարան մուտք գործում կուսակցության համամասնական ցուցակով, ասում է, որ անցել են այն տարիները, երբ կանայք համարվում էին տղամարդ քաղաքական գործչի «սուռոգատ» տեսակը: Փոխվել է կնոջ հանդեպ հանրային ընկալումը: «Շատ ակտիվ կանանց խումբ է լինելու այս խորհրդարանում: Ծանոթ եմ շատերի ներուժին: Ասեմ, որ երեք միջազգային կարեւորագույն պատվիրակությունները (Եվրոպայի խորհուրդ, Եվրանեսթ)կանայք են ներկայացնելու: Եվ դա պատահական չի արվել, հենց նրանց է վստահված Հայաստանի շահերը ներկայացնել միջազգային կարեւորագույն հարթակներում», - ասում է Զոհրաբյանը iwpr-ին: Նա ասում է, որ կանայք իրենք են մեղավոր, քանի որ շատերը քաղաքականությունը համարում են տղամարդկանց գործունեության ոլորտ: «Մեր մեջ այդ կոմպլեքսը մերժենք ու հետո նոր տղամարդկանցից պահանջենք հարգել գենդերային հավասարությունը», - ասում է նա: Այնուամենայնիվ, «Միտք» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Երվանդ Բոզոյանը նշում է, որ կանայք իսկապես բազում խնդիրների են բախվում Հայաստանում, որտեղ գերիշխող դերը պատկանում է տղամարդուն: «Դա պայմանավորված է նաեւ նրանով, որ քաղաքացիական հասարակության դերն է նվազել մեզ մոտ: ... Երկրում, որտեղ ազգային մենթալիտետում անգամ հայրը իշխող է ու նրա հրամանները պետք է կատարեն կինն ու զավակները, չի կարող գենդերային հավասարակշռություն պահպանվել քաղաքական դաշտում», - ասում է նա IWPR-ին: Գայանե Մկրտչյանը «Արմենիանաու» էլեկտրոնային պարբերականի թղթակիցն է: «Կովկասյան լրատու»
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play