Մարդասիրական ծրագրեր՝ աուտիզմով երեխաների համար


Մարդասիրական ծրագրեր՝ աուտիզմով երեխաների համար

  • 07-08-2012 14:44:50   | Արագածոտնի մարզ  |  Բարեգործություն

Orange Հիմնադրամի եւ «Արաբկիր» Միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի միջեւ ռազմավարական համագործակցության շրջանակներում ԱրԲեՍ Ցերեկային բուժման կենտրոնի եւ վերջինիս մարզային վերականգնողական մասնաճյուղերի խնամքի տակ գտնվող աուտիզմով երեխաներն այս տարի ամառային հանգիստն արդեն երրորդ անգամ անցկացնում են Ապարանի ամառային առողջարանային ճամբարում: Ծրագրի շրջանակներում կենտրոնի 7-ից 14 տարեկան աուտիզմով 16 երեխաների համար նրանց խնամակալների եւ հատուկ մանկավարժների ուղեկցությամբ կազմակերպվում է 2-շաբաթյա հանգիստ առողջարանային ճամբարում, որտեղ բուժմանը զուգընթաց երեխաները վայելում են բազմաթիվ խաղերով, միջոցառումներով եւ հետաքրքիր առօրյայով լեցուն ամառային հանգիստ: Ճամբարը առավելագույնս նպաստում է երեխաների շփմանն իրենց հասակակիցների հետ: Այս տարի ճամբարում իրենց վերապատրաստումն են անցնում ֆրանս-հայկական մասնագիտական դպրոցի երկու ուսուցիչ, որոնք ապրելով աուտիզմով երեխաների հետ կողք-կողքի` կծանոթանան այս երեխաների վարքագծին, նրանց հետ աշխատանքի առանձնահատկություններին: Ծրագրի շրջանակում նախատեսվում է կենտրոնում աուտիզմով երեխաների մասնագիտական կրթության ներդրումը: Այս նպատակով ԱրԲեՍ առողջության կենտրոնի եւ Ֆրանս-հայկական մասնագիտական կենտրոնի երկու մասնագետ արդեն վերապատրաստում են անցել Ֆրանսիայում` Լիոնի մասնագիտական ուսուցման կազմակերպման կենտրոնում, որն էլ հետագայում կհանդիսանա ծրագրի գործընկերը: Նախատեսվում է Ֆրանսիայից փորձագետի հրավիրում Հայաստան: Ամառային առողջարանային ճամբարը Orange Հիմնադրամի կողմից արդեն երրորդ տարին ֆինանսավորվող ծրագրի մի մասն է միայն, իսկ ամբողջ ծրագիրը շատ ավելի ընդարձակ է եւ ներառում է մի քանի նախագիծ. Երեւանում մեկ եւ մարզերում յոթ վերականգնողական կենտրոնների վերազինում անհրաժեշտ հատուկ սարքավորումներով եւ խաղերով: Երեւանյան երկու դպրոցում ու երկու մանկապարտեզում, ինչպես նաեւ Կոտայքի մարզի 4 դպրոցներում եւ 4 մանկապարտեզներում իրականացվել են աուտիզմի մասին իրազեկման դասընթացներ, որոնց մասնակցել են ընդհանուր թվով 200 մանկավարժ, երեխա եւ ծնող: Կոտայքի մարզում եւ Երեւան քաղաքի երկու պոլիկլինիկաներում առաջնային բուժսպասարկման օղակի մասնագետների համար կազմակերպվել են կրթական դասընթացներ աուտիզմի վաղ հայտնաբերման եւ վաղ միջամտության, ինչպես նաեւ աուտիզմի հայտնաբերման նոր` CHAT մեթոդի ուսուցման նպատակով: Դասընթացներն արդեն անցկացվել են Կոտայքի մարզում, որոնց մասնակցել են 200 մասնագետ: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է Երեւան քաղաքի պոլիկլինիկաներից մեկում վերականգնողական ծառայության ստեղծման պիլոտային ծրագիր, որի նպատակն է աուտիզմով եւ զարգացման խանգարումներով երեխաների վաղ հայտնաբերման եւ վաղ միջամտության ծառայության մատչելիությունը: « Արդեն 20 տարի ի վեր իր գործունեության բոլոր երկրներում Orange-ն աուտիզմով երեխաների մասին հոգածությունը սահմանում է որպես իր մարդասիրական ծրագրերի հիմնական ուղղություններից մեկը: Աուտիզմը այնպիսի հիվանդություն է, որն ազդում է մարդու հաղորդակցային հնարավորությունների վրա, իսկ մեր ընկերության` որպես հեռահաղորդակցության օպերատորի կոչումն է հեշտացնել հաղորդակցումը մարդկանց միջեւ: Ամառային ճամբարն արդեն երրորդ անգամ Orange Հիմնադրամի աջակցությամբ ընդունում է աուտիզմով երեխաներին, որոնց համար այնքան կարեւոր է ունենալ շփում եւ ժամանց », ասաց Orange Հիմնադրամի խորհրդի նախագահ Բրունո Դյութուան: Ինչպես նշեց “Արաբկիր” Միացյալ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, “Արաբկիր” Բժշկական համալիրի գիտական ղեկավար Պրոֆ. Արա Բաբլոյանը,- Ճամբարը հասարակության մի փոքրիկ մոդել է, որտեղ երեխաները դրսեւորում են շփման, հաղորդակցման եւ վարքագծի իրենց կարողությունները: Մեծ ուրախությամբ կարող եմ նշել, որ այս երեք տարիների ընթացքում մեծ արդյունքներ ունենք աուտիզմով երեխաների մոտ, որոնք եթե սկզբում նույնիսկ չէին ուզում ներս մտնել ճամբար , ապա այժմ ժամանակի մեծ մասն անց են կացնում երեխաների եւ հատուկ մանկավարժների հետ, նույնիսկ ունեն ընկերներ, ուտում են այն կերակրատեսակները, որոնք երբեւիցե չէին կերել, մասնակցում են խաղերին եւ միջոցառումներին: Ճիշտ է այս ոլորտում անելիքները դեռ շատ են, բայց կարող եմ ասել, որ մեր սպասելիքները արդարացված են: Վստահ եմ , որ նման երեխաներն իրենց լիարժեք տեղը կգտնեն մեր հասարակության մեջ: Սա թերեւս մեր յուրաքանչյուրի նպատակն է:» 2012թ. ծրագրի իրականացման համար Orange Հիմնադրամը հատկացրել է ընդհանուր առմամբ 25.869 միլիոն դրամ, որն ուղղվել է ինչպես դասընթացների եւ գույքի, այնպես էլ ամառային ճամբարի կազմակերպմանը, Երեւանում ու մարզերում աուտիզմով երեխաների զարգացման եւ առողջության վերականգնման կենտրոններն անհրաժեշտ հատուկ սարքավորումներով եւ խաղերով համալրելուն:
Նոյյան տապան  -   Բարեգործություն