Հարութ Սասունյան.Հաճախակի տրվող հարցեր Թուրքիայից հայկական պահանջների վերաբերյալ


Հարութ Սասունյան.Հաճախակի տրվող հարցեր Թուրքիայից հայկական պահանջների վերաբերյալ

  • 08-08-2012 16:42:37   | ԱՄՆ  |  Վերլուծություն

2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի մոտեցումը մի շարք հիմնարար հարցերի տեղիք է տալիս, մասնավորապես Թուրքիայից հայկական տարածքային պահանջների վերաբերյալ: Առաջիկա շաբաթների եւ ամիսների ընթացքում, այս սյունակում կանդրադառնանք այդ հարցերին՝ ներկայացնելով նման պահանջների հիմնավորումը եւ պատասխանելով հաճախակի հնչող հարցերին: Հարց առաջին. Ճիշտ է արդյո՞ք, թե ցեղասպանության հանցագործությունից բխող բոլոր պահանջները հարյուր տարի անց դառնում են անվավեր: Պատասխան. Ոչ, ճիշտ չէ: 1968 թվականի նոյեմբերի 26-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունվել է «Կոնվենցիա պատերազմական հանցագործությունների եւ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին», որը ներառում է ցեղասպանության հանցագործությունը: Սույն Կոնվենցիայի առաջին հոդվածում ամրագրված է, որ «Վաղեմության ոչ մի ժամկետ չի կիրառվում [այդ հանցագործությունների նկատմամբ] … անկախ դրանց կատարման ժամանակից»: Հետեւաբար, անկախ այն բանից, թե ինչքան ժամանակ է անցել, պատերազմի հանցագործությունները եւ մարդկության դեմ ուղղված հանցագործությունները, ներառյալ ցեղասպանությունը, դեռեւս կարող են հետապնդվել օրենքով: Այնուամենայնիվ, գործնական նկատառումներով, ավելի խոհեմ կլինի նման հանցագործությունների համար հնարավորինս շուտ դիմել դատարան: Հարց երկրորդ. Արդյո՞ք անիրատես չէ ակնկալել, որ հայերը երբեւէ կվերստանան Արեւմտյան Հայաստանը: Պատասխան. Պետք չէ պատրանքներ տածել, որ Թուրքիայի ղեկավարները հոժարակամ հայերին թեկուզ մի թիզ հող կհանձնեն, էլ չենք խոսում Արեւմտյան Հայաստանի ողջ տարածքի մասին: Տարածքների խաղաղ փոխանցումը չափազանց հազվադեպ է միջազգային հարաբերությունների պրակտիկայում: Ավելի հաճախ հողը բռնի ուժով է վերցվում: Քանի որ Հայաստանը ռազմական տեսանկյունից ավելի հզոր չէ քան Թուրքիան եւ չի ակնկալվում, որ մոտ ապագայում այդպիսին կդառնա, ապա հայերը ստիպված են սպասել չնախատեսված զարգացումների, որոնք կարող է տեղի ունենան Թուրքիայում եւ նրա շուրջը, ինչպիսիք են քաղաքացիական պատերազմը, համաշխարհային կամ տարածաշրջանային հակամարտությունը, հեղափոխությունը, քրդական ընդհարումները, բնական կամ միջուկային աղետները, որոնք կհանգեցնեն իշխանական վակուումի եւ հնարավոր սահմանային փոփոխությունների երկրագնդի այդ հատվածում: Միաժամանակ, հայերը պետք է վառ պահեն եւ սերնդեսերունդ փոխանցեն իրենց հողային պահանջները մինչեւ պատեհ պահը, երբ նրանք կկարողանան վերստանալ իրենց օրինական իրավունքները: Միեւնույն ժամանակ, հայերի համար անխոհեմություն է նվազագույն պահանջներ ներկայացնել Թուրքիային: Քանի որ թուրք ղեկավարները չեն ցանկանում նույնիսկ ամենաչնչին տարածքային զիջումներ կատարել, ապա անիմաստ է նրանց ասել, որ հայերը կբավարարվեն միայն Արարատը կամ Անին վերադարձնելով: Հայերը պետք է պահանջեն ոչ պակաս, քան «Ծովից ծով Հայաստանը»: Իրենց պահանջները նվազագույնի հասցնելու փոխարեն հայերը պետք է պահաջեն առավելագույնը, որպեսզի արդյունքում ստանան արդարացիորեն իրենց պատկանող տարածքների գոնե մի հատվածը: Ինչպես բոլոր լավ հայ գործարարները գիտեն` բանակցությունները երբեք չեն սկսում ամենացածր գնից: Հարց երրորդ. Եթե՞ Արեւմտյան Հայաստանը ազատագրվի, արդյո՞ք բնակչության ճնշող մեծամասնությունը եւ ընտրված պաշտոնյաները քրդերը կամ թուրքերը չեն լինի՝ հայերին դարձնելով ազգային փոքրամասնություն իրենց սեփական հայրենիքում: Պատասխան. Այո, դա այդպես կլինի, եթե Արեւմտյան Հայաստանը հայերին հանձնվի հենց այսօր: Սակայն, այդպիսի բան հազիվ թե տեղի ունենա: Ինչպես նշվեց վերեւում, նախքան որ հայերը հնարավորություն ունենան վերստանալ իրենց պատմական հողերը, աղետալի իրադարձություններ պետք է տեղի ունենան երկրագնդի այդ հատվածում: Ոչ ոք չգիտի, թե նման զարգացումներն ինչպիսի ազդեցություն կունենան տեղի բնակչության վրա: Տարածաշրջանում չնախատեսված հանգամանքների բերումով ժողովրդագրական փոփոխությունների արդյունքում կորոշվի, թե ինչքան քուրդ, թուրք կամ անգամ հայ կմնա այդ շրջանում: Պարզապես, չի կարելի ենթադրել, որ ստատուս քվոն հավերժ անփոփոխ է մնալու: Ուստի, չի կարելի ինքնաբերաբար եզրակացնել, որ Արեւմտյան Հայաստանում հայերը կդառնան ազգային փոքրամասանություն: Հարց չորրորդ. Եթե մի օր Արեւմտյան Հայաստանն ազատագրվի, արդյո՞ք հայերը կցանկանան թողնել իրենց հարմարավետ տները Արեւմուտքում եւ վերաբնակվել այդ անհյուրընկալ տարածքներում: Պատասխան. Խնդիրն այստեղ հայերի՝ իրենց պատմական Հայրենիքում հաստատվելու իրավունքի մասին է: Հենց որ այդ տարածքները վերադարձվեն, ապա յուրաքանչյուր հայ ինքը կորոշի տեղափոխվելու հարցը: Դա Թուրքիայի գործը չէ: Արդյո՞ք բոլոր հրեաներն ապրում են Իսրայելում: Լիբանանցիների մեծ մասը, հայերի նման ապրում է իր հայրենիքից դուրս, բայց արդյո՞ք մարդիկ կասկածի տակ են դնում Լիբանանի որպես պետության գոյությունը: Երբ մի գեղեցիկ օր Արեւմտյան Հայաստանն ազատագրվի, ապա Մերձավոր Արեւելքի շրջակա երկրներում բնակվող հայերի մեծամասնությունը հավանաբար կցանկանա տեղափոխվել այնտեղ: Սակայն խնդիր չկա, եթե աշխարհի ոչ բոլոր հայերը մեկնեն հայրենիք: Նրանք, ովքեր կմնան Սփյուռքում, անշուշտ վճռական դեր կխաղան նորաստեղծ երկրի տնտեսական եւ քաղաքական հզորացման գործում, ինչպես որ աշխարհասփյուռ հայերը ներկայումս օգնում են իրենց հայրենակիցներին Հայաստանի Հանրապետությունում: Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր Թարգմանիչ` Ռուզաննա Ավագյան
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play