Ուղիղ հեռարձակում. «Վահե Ավետյանի սպանության գործի նախաքննության արդյունքները» թեմայով ասուլիսի


Ուղիղ հեռարձակում. «Վահե Ավետյանի սպանության գործի նախաքննության արդյունքները» թեմայով ասուլիսի

  • 27-08-2012 12:00:00   | Հայաստան  |  Մամուլի սրահ



Օգոստոսի 27-ի, ժամը՝ 12:00-ին «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնում (Իսահակյան 28, 3-րդ հարկ) տեղի է ունենում «Վահե Ավետյան» հասարակական շարժման նախաձեռնող խմբի, «Պահանջում ենք պատժել Հարսնաքարում տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» քաղաքացիական նախաձեռնության անդամների եւ Վահե Ավետյանի իրավահաջորդի փաստաբանների ասուլիսը: Թեման՝ «Վահե Ավետյանի սպանության գործի նախաքննության արդյունքները»: ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «Վահե Ավետյան» հասարակական շարժում 27 օգոստոսի 2012թ «Հարսնաքար» ռեստորանում դրա սեփականատեր Ռուբեն Հայրապետյանի «թիկնազորի» անդամների կողմից զինվորական բժիշկ, մայոր Վահե Ավետյանի սպանության եւ նրա ծառայակիցներին ու ընկերներին ծանր մարմանական վնասվածքներ հասցնելու օրվանից անցել է երկուսուկես ամիս: Այդ ընթացքում հանցագործության բացահայտումը եւ մեղավորների արժանի պատիժը տեսնելու փոխարեն հասարակությունն ականատես է լինում այս անգամ արդեն իրավապահ, դատափորձաքննական ու արդարադատության մարմինների եւ պաշտոնատար անձանց կողմից իրականացվող մի նոր հանցագործության: Հանցագործություն, որն իրականացվում է համակարգված քաղաքականությամբ եւ անթաքույց ցինիզմով, օրենքի ոչ միայն ոգու այլ հենց տառի կոպիտ եւ բացահայտ խախտումներով: Այս երկրորդ հանցագործությունը` տուժող կողմի նկատմամբ ակնհայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելը, դատաբժշկական փորձաքննության ակնհայտ կեղծ եւ ապակողմնորոշող եզրակացության ներկայացնելը, սպանության հանգամանքները դիտավորյալ կերպով չբացահայտելը, խեղաթյուրելը եւ կոծկելը, հավանական մեղավորների մի մասի (ըստ հիմնավոր կասկածների` նաեւ հանցագործությանը տեղյակ եւ սպանության հրահանգ տված Ռուբեն Հայրապետյանի եւ նրա «թիկնազորի» անդամների մի մասի) պատասխանատվությունը բացառելը, տուժող կողմի փաստաբանների աշխատանքի խափանման ու ձախողման նպատակով նրանց համար անհաղթահարելի խոչընդոտներ ստեղծելը, խիստ ընդգծված կերպով ցուցադրում է երկրում քրեաօլիգարխիկ կառավարման համակարգի գործունեությամբ առաջացած արդարության ճգնաժամի կործանարար խորությունն ու դրա անհամատեղելիությունը պետության կողմից արժանապատիվ կյանքի ու բնական իրավունքների պաշտպանվածության անքննելի պահանջի հետ: 1. «Վահե Ավետյան» շարժման նախաձեռնող խումբը, առաջնորդվելով մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների վերաբերյալ միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներով ու նորմերով եւ դրանցից բխող ու պետության համար առանցքային համարվող պաշտպանության պատասխանատվության թելադրանքով, գործելով անցյալում բռնարարքներին պատշաճ իրավական գնահատական չտված ու կատարողներին հովանավորող պետական մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից հիմնարար պետական գործառույթի խախտմամբ հանրապետությունը բռնապետության փոխակերպելու փորձերը կանխարգելելու հաստատակամությամբ, ձգտելով հասարակությանը զերծ պահել բռնարարքներին բռնարարքներով պատասխանելուց, հիմնվելով միջազգային իրավական պրակտիկայում կիրառվող անցումային արդարության սկզբունքների վրա (Նյուրեմբերգյան դատավարության, ինչպես նաեւ տարբեր բռնապետական ռեժիմներից անցում կատարած երկրների փորձի հաշվառմամբ) նպատակ ունենալով երկրում ստեղծել բնական արդարության վրա խարսխված արդարադատության համակարգի սաղմեր, հայտարարում է. Հայաստանի Հանրապետությունում առկա արդարության ճգնաժամի, մասնավորապես՝ իրավապահ եւ արդարադատության մարմինների ու պաշտոնատար անձանց հանցավոր անգործության, հանցագործությունները դիտավորությամբ եւ համակարգված կերպով կոծկելու եւ դրանք կատարող անձանց հովանավորելու պայմաններում Հանրային արդարության տրիբունալ ստեղծելու անհրաժեշտության մասին։ Հանրային արդարության տրիբունալի հիմնական գործառույթներից պետք է լինեն. ? իշխանական համակարգի ներկայացուցիչների կամ նրա շահառուների կատարած հանցագործությունների հայտնաբերումը եւ բացահայտումը, դատաիրավական մարմինների ու պաշտոնատար անձանց, ինչպես նաեւ այլ առնչվող անձանց գործունեության վերահսկողությունը եւ նրանց գործողություններին պատշաճ ու հիմնավոր իրավաքաղաքական գնահատականներ տալը, ? բռնարարքների զոհերի արժանապատվության պաշտպանության եւ հանրության իրազեկման նպատակով մասնագիտական ու հասարակական-քաղաքական եզրակացությունների հրապարակումը. ? արդարադատության իրականացումից զրկած հասարակության հոգեբանական վերաբերմունքի ու վարքի ուղղորդումը արժանապատվության եւ բնական իրավունքների ու արդարության ճանապարհով, այսպիսով կանխելով գործող դատաիրավական համակարգի` հասարակությանը ինքնադատաստանի մղելու ներկայիս աղետաբեր ընթացքը: 2. Միեւնույն ժամանակ` Շարժման նախաձեռնող խումբը. ? գործող դատաիրավական մարմիններից ու պաշտոնատար անձանցից պահանջում է կատարել Վահե Ավետյանի սպանության եւ նրա ընկերներին ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքի լրիվ, համակողմանի ու անաչառ քննություն, ? դիտավորյալ գործողություններով արդարադատությունը խափանած ու արդարադատական համակարգը որպես հանցագործության կոծկման եւ պաշտոնեական հանցագործությունների կատարման գործիք օգտագործելու փորձ կատարող պաշտոնյաներին հիշեցնում է օրենքի առջեւ նրանց պարտականության ու անհատական պատասխանատվության կանչվելու անխուսափելի հեռանկարի մասին: 27.08.2012, Երեւան Վահե Ավետյանի իրավահաջորդի եւ մյուս տուժողների ներկայացուցիչներ Տիգրան Եգորյանի եւ Լուսինե Հակոբյանի հայտարարությունը Ըստ քրեական գործի նյութերի, ինչպես նաեւ մյուս տուժողների եւ որոշ վկաների կողմից մեզ հայտնած տեղեկությունների` 2012թ. հունիսի 17-ին, ժամը 21.30-ի մոտակայքում զինվորական բժիշկ Վահե Ավետյանն իր չորս ընկերների հետ միասին այցելել է Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիր` դրա ամառային սրահում երաժշտություն լսելու համար` այդ նպատակով նախապես պատվիրելով սեղան: Նրանց սպասարկել է մատուցող Դավիթ Ադամյանը, որը հատկացված սեղանը զբաղեցնելուց որոշ ժամանակ անց նկատողություն է արել Վահե Ավետյանին` սպորտային հագուստով ռեստորան մուտք գործելու համար: Վահե Ավետյանը ընկերներից մեկի հետ գնացել է տուն, փոխել հագուստը եւ վերադարձել: Դրանից հետո, երբ մատուցող Դավիթ Ադամյանը, մոտենալով սեղանին, սեւեռուն նայել է Վահե Ավետյանին, վերջինս հարցրել է, թե միգուցե հիմա էլ իր գլխարկն է խանգարում նրան: Սրանից հետո տեղի է ունեցել կարճ զրույց Վահե Ավետյանի եւ մատուցողի միջեւ, ինչից հետո մատուցողը դուրս է հրավիրել Վահե Ավետյանին եւ ռեստորանի ամառային սրահի մուտքի մոտ հարվածել նրա դեմքին: Իսկ այն բանից հետո, երբ նրա չորս ընկերները եւս դուրս են եկել բակ, մեկ տասնյակից ավելի անձինք թեւանցուկ են արել նրանց եւ, հավաստիացնելով, որ այդ արարքի համար կպատժեն մատուցողին, ուղեկցել են անցուդարձից ավելի հեռու գտնվող ռեստորանի ավտոկայանատեղի, որտեղ դաժանաբար ծեծի են ենթարկել նրանց, այնուհետեւ ծեծի հետեւանքով անգիտակից վիճակում հայտնված Վահե Ավետյանին եւ ծանր մարմնական վնասվածքներ ստացած նրա ընկերներին թողել են անօգնական վիճակում ու հեռացել: Նրանց հեռանալուց հետո Վահե Ավետյանի ընկերները նրան անգիտակից վիճակում դրել են մեքենայի մեջ եւ տեղափոխել զինվորական հոսպիտալ: Առաջնային բուժզննությամբ Վահե Ավետյանի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր: Համակարգչային հետազոտմամբ արձանագրվել են հետեւյալ բժշկական տվյալները. հավասարաչափ լայնացած եւ միջին գծով ֆիքսված բբեր, կոռնեալ ռեֆլեքսների բացակայություն, ցավային գրգիռների նկատմամբ ռեակցիայի բացակայություն, գլխուղեղի մոտ 4,0 սմ դիսլոկացիա համախտանիշ աջից ձախ: Վահե Ավետյանի ախտորոշումը եղել է դիֆուզ աքսոնալ ախտահարում` գլխուղեղի մահ, այն է` գլխուղեղի կենսագործունեության լրիվ եւ անդառնալի դադարում, ինչը քրեաիրավական առումով համարժեք է մարդու մահվան: Մի քանի օր անց` հունիսի 29-ին, դադարել է նաեւ Վահե Ավետյանի սրտի գործունեությունը: Գործի նյութերում առկա դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության մեջ արձանագրված այս տվյալների պարագայում արվել է դրանցից չբխող, ակնհայտ սխալ հետեւություն այն մասին, որ Վահե Ավետյանը ստացել է ծանր մարմնական վնասվածք, որը վտանգ է ներկայացնում կյանքի համար, իսկ տվյալ դեպքում` հանգեցրել է մահվան: Չհամաձայնելով այս հետեւության հետ եւ խորհրդակցելով ոլորտի լրջագույն մասնագետների հետ` մենք, ի թիվս բազում այլ միջնորդությունների, պահանջել ենք նախաքննություն իրականացնող մարմնից նշանակել կրկնակի հանձնաժողովային փորձաքննություն` հրավիրելով հանրապետության բոլոր հիվանդանոցների նյարդավիրաբուժական բաժինների ղեկավարներին, որպեսզի հնարավոր լինի գնահատել, թե արդյոք մենք գործ ունենք «տվյալ դեպքում մահվան հանգեցրած» վնասվածքների, թե` ամեն դեպքում կյանքի հետ անհամատեղելի վնասվածքների հետ: Նախաքննության մարմինը` հանձին քննչական խմբի ղեկավար Ռուբեն Մկրտչյանի, առանց հիմնավոր պատճառաբանության, մերժել է մեր միջնորդությունը` փաստացի զրկելով մեզ նախաքննության օբյեկտիվության նկատմամբ կասկածները փարատելու օրենսդրական հնարավորությունից: Քրեական գործի նյութերում առկա են նաեւ փաստեր, որոնք ցույց են տալիս, որ վեց մեղադրյալներից հինգը, բացի մատուցողից, այդ օրն ուղեկցել են Ռուբեն Հայրապետյանին, Երեւանից Սեւան գնալու եւ հետ վերադառնալու ընթացքում: Սա ապացուցում է, որ հակառակ գործում առկա կեղծ պայմանագրերի եւ Ոստիկանության ՀԿԳ քննչական վարչության պետ Վահագն Հարությունյանի պնդումների` այս մարդիկ եղել են Ռուբեն Հայրապետյանի անձնական թիկնազորի անդամները: Այս կապակցությամբ միջնորդել էինք քննչական խմբին որպես կասկածյալ ներգրավել Ռուբեն Հայրապետյանին եւ պատշաճ հարցաքննության ենթարկել նրան, քանի որ նրան որպես վկա հարցաքննած քննիչ Ռուբեն Մկրտչյանի հարցաքննությունը պարզապես սուրճի գավաթի շուրջ մտերմիկ խոսակցություն էր հիշեցնում: Ի պատասխան մեր այս միջնորդության` քննիչ Ռ. Մկրտչյանը նշել է, որ օրենսգիրքը «որպես կասկածյալ ներգրավելու» հասկացություն չի նախատեսում: Մինչդեռ համաձայն քրեադատավարական իրավունքի տեսության` կասկածյալն այն անձն է, որը կասկածվում է հանցանք կատարելու մեջ: Տվյալ դեպքում առկա էին անհրաժեշտ եւ բավարար բոլոր հիմքերը` կասկածի տակ առնելու Ռ. Հայրապետյանի առնչությունը վերոնշյալ հանցագործությանը: Տվյալ դեպքում ընդամենը տարրական քննչական պրոֆեսիոնալիզմի հարց էր գործի քննության բազմակողմանիությունն ու լրիվությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ լրացուցիչ հարցադրումների կատարումը եւ Ռուբեն Հայրապետյանի, Նորայր Հայրապետյանի եւ այլ անձանց հեռախոսազանգերի վերծանումները պահանջելու միջնորդության հարուցումը դատարանին: Այս ոգով սույն թվականի օգոստոսի 20-ին մենք քսանից ավելի միջնորդություններ էինք ներկայացրել նախաքննություն իրականացնող մարմնին: Նույն օրը` միջնորդություններն ստանալուց ընդամենը մի քանի ժամ անց, քննիչ Ռուբեն Մկրտչյանն ամբողջությամբ մերժել է դրանք` մեզ փոստով ուղարկելով իր ակնհայտորեն հիմնազուրկ որոշումը: Մինչդեռ ներկայացված միջնորդությունները պարունակում էին կոնկրետ կասկածներ եւ պահանջներ, որոնք քննիչը պարտավոր էր բավարարել դրանք հերքելու եւ համապատասխանաբար նախաքննության բազմակողմանիության, լրիվության եւ օբյեկտիվության հարցը կասկածից դուրս դնելու համար: Նույն օրը նա գործի մեղադրական եզրակացությունն ուղարկել է դատախազություն: Դատախազությունն, իր հերթին, անտեսելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 267-րդ հոդվածով սահմանված նորմի պահանջը, որի համաձայն մենք ունենք մեզ հանձնելու պահից սկսած երկօրյա ժամկետում այդ որոշումը դատախազին բողոքարկելու իրավունք, դրսեւորելով սույն գործի շահերից չբխող անհասկանալի փութաջանություն, գործը ստանալուց հետո երեք օր անց` օգոստոսի 23-ին, ուղարկել է դատարան` չսպասելով նույնիսկ մեր բողոքին: Որոշումը մեզ հանձնվել է օգոստոսի 23-ին եւ մեկ օր հետո մենք ներկայացրել ենք մեր բողոքը դատախազություն: Դատախազությոնն իր նման գործելակերպն արդարացնում է այն անհեթեթ պատճառաբանությամբ, թե քննիչը գործին է կցել նաեւ մի տեղեկանք, ըստ որի փաստաբանները հրաժարվել են մերժման որոշումն առձեռն ստանալուց: Իրականում այս տեղեկանքը սույն քրեական գործում առկա հերթական կեղծ փաստաթուղթն է: Այսպիսով` արձանագրում ենք, որ սույն գործով մինչդատական վարույթն ընթացել է քրեական եւ քրեական դատավարության օրենսգրքերի բազմաթիվ կոպտագույն խախտումներով: Մեզ` տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներիս, առջեւ հետեւողականորեն հարուցվել են լրջագույն խոչընդոտներ վարույթին ներգրավվելու, գործին ծանոթանալու, դրա վերաբերյալ մեր միջնորդությունները ներկայացնելու եւ նախաքննության փուլում պատշաճ մասնակցություն ունենալու հարցերում: Ցանկանում ենք եւս մեկ անգամ հաստատել, որ պայքարելու ենք այս ապօրինությունների դեմ մինչեւ վերջ` ներպետական եւ վերպետական բոլոր ատյաններում` օգտագործելով ՀՀ եւ միջազգային օրենսդրությամբ մեզ ընձեռված բոլոր հնարավորությունները հանուն արդարության եւ օրենքի գերակայության: Միեւնույն ժամանակ, իրավապահ եւ արդարադատության մարմիններին ու պաշտոնատար անձանց սթափության եւ օրինապատշաճ վարքագիծ դրսեւորելու կոչ ենք անում` միեւնույն ժամանակ նրանց զգուշացնելով օրենքի եւ արդարության առջեւ նրանցից յուրաքանչյուրի անհատական պատասխանատվության անխուսափելիության մասին: Փաստաբաններ Տիգրան Էդուարդի Եգորյան Լուսինե Տարիելի Հակոբյան Ասուլիսին ներկա էին հետեւյալ լրատվամիջոցներների ներկայացուցիչները. 1.Mardik.am 2.Հանրային ռադիո 3.Arminfo.am 4.Iravaban.am 5.Lragir.am 6. Hetq.am 7.Gala TV 8.Armeniatoday.am 9.Yerkir.am 10. Azg.am 11.Mediamax.am 12.Novosti Armenii.am 13.Epress.am 14.Tert.am 15.News.am 16.Haynews.am 17.168 jam 18.Armnews.TV 19.Կենտրոն. TV 20.1in.am 21.Panarmenian.net 22.Armenia.TV 23.Երկիր ՄեդիաTV 24.Panorama.am 25.Aysor.am 26.Lurer.com 27.Azatutyun.am 28.ArmRadio.am 29.Shamshyan.com
Նոյյան տապան  -   Մամուլի սրահ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play