Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի 2012-2013թթ համերգաշրջանը կմեկնարկի սեպտեմբերի 10-ին


Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի 2012-2013թթ համերգաշրջանը կմեկնարկի սեպտեմբերի 10-ին

  • 07-09-2012 16:06:35   | Հայաստան  |  Մշակույթ

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը այսօր` սեպտեմբերի 7-ին հանդես եկավ մամլո ասուլիսով: Ասուլիսը ներկայացրեց Ֆիլհարմոնիկի նոր` 2012-2013թթ. համերգաշրջանը եւ Երեւանյան 6-րդ միջազգային երաժշտական փառատոնը: Ասուլիսի բանախոսներն էին Էդուարդ Թոփչյանը (ՀՊՖՆ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր, Երեւանյան միջազգային երաժշտական փառատոնի գեղարվեստական ղեկավար), Ալեքսանդր Չաուշյանը (թավջութակահար, Երեւանյան միջազգային երաժշտական փառատոնի գեղարվեստական ղեկավար), Ռուզաննա Սիրունյանը (ՀՊՖՆ տնօրեն) եւ Արման Պադարյանը (ՀՊՖՆ գլխավոր պրոդյուսեր): Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի 2012-2013թթ համերգաշրջանը կմեկնարկի սեպտեմբերի 10-ին` Երեւանյան 6-րդ միջազգային երաժշտական փառատոնով: ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ իրականացվող Երեւանյան միջազգային երաժշտական փառատոնը կայանում է ՀՀ Նախագահի Տիկնոջ` Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո: Փառատոնի գեղարվեստական ղեկավարներն են Էդուարդ Թոփչյանը եւ Ալեքսանդր Չաուշյանը: Ավելի քան մեկ ամիս տեւող ամենամյա փառատոնային ծրագիրը կներառի տասնմեկ սիմֆոնիկ եւ կամերային երաժշտության համերգներ` միջազգային բարձր վաստակ վայելող հյուրեկ արտիստների, ինչպես նաեւ Ֆիլհարմոնիկի առաջատար երաժիշտների մենակատարությամբ (Ծրագիրը եւ մենակատարների կազմը ներկայացված է կից): Ինչպես եւ նախորդ տարիներին, այս անգամ եւս, հրավիրյալ մենակատարները նաեւ վարպետության դասեր կանցկացնեն Հայաստանի երիտասարդ երաժիշտների համար: Արդեն ավանդույթ դարձած երաժշտական տոնը խորհրդանշական է ոչ միայն որպես Հայաստանի ֆիլհարմոնիկի` Երեւանյան առօրյային դասական բնույթ հաղորդելուն ուղղված շուրջամյա գործունեության տոնական մեկնարկ, այլեւ հայ դասական երաժշտարվեստի ավանդույթների պահպանման, եւ հայ վաստակաշատ գործիչների մեծարման յուրահատուկ առիթ: Այսպես, Փառատոնը կբացվի Ալեքսանդր Հարությունյանի եւ Օհան Դուրյանի հիշատակին նվիրված կատարումներով եւ կամփոփվի աշխարհահռչակ Միշել Լեգրանի 80-ամյա հոբելյանը նշող համերգով, երբ Արամ Խաչատրյան համերգասրահում Ֆիլհարմոնիկի հետ ելույթ կունենա ինքը` լեգենդար կոմպոզիտորը: Փառատոնը Երեւան է հրավիրել նաեւ հռչակավոր Բորոդինի անվան լարային կվարտետին. վերջինս կներկայացնի կամերային երաժշտության մեկ երեկո, ինչպես նաեւ Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ Ֆիլհարմոնիկի հետ հանդես կգա սիմֆոնիկ երաժշտության համերգով` նվիրված Կվարտետի առաջին ջութակ Ռուբեն Ահարոնյանի 65-ամյա հոբելյանին: Փառատոնային ծրագիրը կներառի նաեւ երկու հատուկ նշանակության երեկո. մասնավորապես` սեպտեմբերի 29-ին տեղի կունենա համերգ` նվիրված Գերմանիայի եւ Հայաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին: Իսկ սեպտեմբերի 20-ին ծրագրված համերգը Ֆիլհարմոնիկը սիրով կնվիրի ՀՀ անկախության 21-ամյակին: ԵՐԵՒԱՆՅԱՆ 6-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ Սեպտեմբերի 10-հոկտեմբերի 20, 2012թ. Ծրագիր / Program 10 սեպտեմբերի, 2012 Փառատոնի հանդիսավոր բացում Հարությունյան` Տոնական նախերգանք Հայդն` Թավջութակի կոնցերտ C-dur Հարությունյան` Շեփորի կոնցերտ /A. Harutyunian: Trumpet Concerto (կատարումը նվիրվում է Ալեքսանդր Հարությունյանի հիշատկին) Բեռլիոզ` Ֆանտաստիկական սիմֆոնիա (կատարումը նվիրվում է Օհան Դուրյանի հիշատկին) Մենակատարներ` Սերգեյ Նակարյակով, շեփոր (Իսրայել), Ալեքսանդր Չաուշյան, թավջութակ (Մեծ Բրիտանիա) Դիրիժոր` Էդուարդ Թոփչյան 14 սեպտեմբերի, 2012 Կամերային երաժշտության համերգ ԲՈՐՈԴԻՆԻ ԱՆՎԱՆ ԼԱՐԱՅԻՆ ԿՎԱՐՏԵՏ (Ռուսաստան) Բեթհովեն` Կվարտետ թիվ 1, ֆա մաժոր Միրզոյան` Կվարտետ (Թեմա վարիացիաներով) Շոստակովիչ` Կվարտետ թիվ 3 15 սեպտեմբերի, 2012 ԲՈՐՈԴԻՆԻ ԱՆՎԱՆ ԼԱՐԱՅԻՆ ԿՎԱՐՏԵՏ եւ ՀՊՖՆ (Համերգը նվիրվում է Ռուբեն Ահարոնյանի 65-ամյակին) Լուիս Շպոր` Կոնցերտ լարային կվարտետի եւ նվաgախմբի համար (հայաստանյան պրեմիերա) Ռիմսկի-Կորսակով` Շեհերազադե Դիրիժոր` Էդուարդ Թոփչյան 20 սեպտեմբերի, 2012 Համերգ` նվիրված ՀՀ Անկախության 21-րդ տարեդարձին Շոստակովիչ` Թավջութակի կոնցերտ թիվ 1 Շարաֆյան` Lacrymosa թավջութակի, երգչախմբի, ???, սոպանոյի եւ նվագախմբի համար Լիստ` Դաշնամուրի կոնցերտ թիվ 1 Գլազունով` Ջութակի կոնցերտ Ռավել` Վալս Մենակատարներ` Սուրեն Բագրատունի, թավջութակ (ԱՄՆ), Բորիս Բրովցին, ջութակ (Մեծ Բրիտանիա), Պոլինա Լեշչենկո, դաշնամուր (Բելգիա), Ածվիկ Դեմուրչյան, սոպրանո Մասնակցությամբ` “Սպեղանի” երգչախմբի եւ Երեւանի պետական կամերային երգչախմբի Դիրիժորներ` Էդուարդ Թոփչյան Վահան Մարտիրոսյան (Ֆրանսիա) 23 սեպտեմբերի, 2012 Կամերային երաժշտության համերգ Վաղարշակ Զաքարյան` Սոնատ-պոեմ ջութակի եւ դաշնամուրի համար (երեւանյան պրեմիերա) Բաբաջանյան` Տրիո, Բրամս` Վարիացիաներ Հայդնի թեմայով երկու դաշնամուրի համար, Դվորժակ` Կվինտետ Մենակատարներ` Վաղարշակ Զաքարյան, դաշնամուր, Բորիս Բրովցին, ջութակ (Մեծ Բրիտանիա), Էշլի Վոս, դաշնամուր (Մեծ Բրիտանիա), Ալեքսանդր Չաուշյան, թավջութակ (Մեծ Բրիտանիա), Վահան Մարտիրոսյան, դաշնամուր (Ֆրանսիա), Պոլինա Լեշչենկո, դաշնամուր (Բելգիա), Անի Ղազարյան, ջութակ (Հայաստան), Սամվել Բարսեղյան, ալտ (Պորտուգալիա), Մարիո Բրունելլո, թավջութակ (Իտալիա) 25 սեպտեմբերի, 2012 Դվորժակ` Թավջութակի կոնցերտ, Շոպեն` Դաշնամուրի կոնցերտ թիվ 2, Շոստակովիչ` Ջութակի կոնցերտ թիվ 1 Մենակատարներ` Մարիո Բրունելլո, թավջութակ (Իտալիա), Էշլի Վոս, դաշնամուր (Մեծ Բրիտանիա), Դայշին Կաշիմոտո, ջութակ (Ճապոնիա) Դիրիժոր` Էդուարդ Թոփչյան 29 սեպտեմբերի, 2012 Համերգ` նվիրված Գերմանիայի եւ Հայաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին Բեթհովեն` “Լեոնորա – 3” նախերգանք Մոցարտ` Դաշնամուրի կոնցերտ թիվ 23 Մոցարտ` Կոնցերտ ֆլեյտայի եւ տավիղի համար Դեբյուսի` “Ծովը” Մենակատարներ` Անդրեաս Ֆրյոլիխ, դաշնամուր (Գերմանիա), Մասսիմո Մերչելլի, ֆլեյտա (Իտալիա), Յանա Բուժկովա, տավիղ (Չեխիա) Դիրիժոր` Էդուարդ Թոփչյան 4 հոկտեմբերի, 2012թ. Ռախմանինով` Դաշնամուրի կոնցերտ թիվ 2 Ռախմանինով` Սիմֆոնիա թիվ 2 Մենակատար` Սիմոն Տռպչեսկի, դաշնամուր (Մեծ Բրիտանիա) Դիրիժոր` Էդուարդ Թոփչյան 10 հոկտեմբերի, 2012թ Մոցարտ` Գալարափողի կոնցերտ մի բեմոլ մաժոր, KV 417 Շուման` Թավջութակի կոնցերտ Մոցարտ` Սիմֆոնիա թիվ 35 “Haffner” Մենակատարներ` Ռադովան Վլատկովիչ, գալարափող (Ավստրիա), Ալեքսանդր Չաուշյան, թավջութակ (Մեծ Բրիտանիա) Դիրիժոր` Էդուարդ Թոփչյան 12 հոկտեմբերի, 2012թ Կամերային երաժշտության համերգ Բրամս` Գալարափողի տրիո Մենակատարներ` Ռադովան Վլատկովիչ, գալարափող (Ավստրիա), Անուշ Նիկողոսյան, ջութակ (Հայաստան) Դաշնակահարը կհայտարարվի լրացուցիչ Մենդելսոն` Օկտետ Մենակատարներ` Անուշ Նիկողոսյան, ջութակ, Կարմեն Թոսունյան, ջութակ, Մերի Մարգարյան, ջութակ, Աննա Հարությունյան, ջութակ, Յանա Դարյան, ալտ, Հայկ Տեր-Հովհաննիսյան, ալտ, Ալեքսանդր Չաուշյան, թավջութակ, Կարեն Քոչարյան, թավջութակ 20 հոկտեմբերի, 2012թ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը Լոնդոնի City Lights Entertainment-ի հետ համատեղ ներկայացնում է Միշել Լեգրանի ծննդյան 80-ամյա տոնակատարությունը Հայաստանում Մասնակցությամբ` Քեթրին Միշելի, Փարիզի օպերային թատրոնի մենակատար տավղահարուհի Ակուստիկ բաս` Նիկողայոս Վարդանյան, Հարվածային գործիքներ` Արման Ջալալյան Դիրիժոր` Էդուարդ Թոփչյան
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play