Հայաստանի մասնակցությունը Կոպենհագենի միջազգային ճարտարապետական ցուցահանդեսին


Հայաստանի մասնակցությունը Կոպենհագենի միջազգային ճարտարապետական ցուցահանդեսին

  • 25-10-2012 12:06:26   | Դանիա  |  Մշակույթ

Հոկտեմբերի 24-ին Կոպենհագենի քաղաքապետարանում բացվեց «Ազգային ճարտարապետության ժամանակակից միտումները» խորագրով միջազգային ճարտարապետական ցուցահանդեսը` Նորին թագավորական մեծություն Արքայազն-կոնսորտի հովանու ներքո: Ցուցահանդեսը կազմակերպվել էր Կոպենհագենի քաղաքային Խորհրդի, Կոպենհագենում հավատարմագրված դեսպանությունների եւ Օտարերկրացիների մշակութային կոնֆեդերացիայի (KUKS) կողմից: Ցուցահանդեսին 27 դեսպանություններ ներկայացրեցին իրենց երկրների ճարտարապետությունը` ազգային յուրահատկություններով եւ ձեւերի բազմազանությամբ: ՀՀ դեսպանության վահանակը ձեւավորել էին դանիացի ճարտարապետ Բյորն Յորգենսենը, ինչպես նաեւ Հայաստանից «Ստորակետ» ճարտարապետական արվեստանոցի ճարտարապետներ Նարբեհ Բեդրոսյանն ու Մերուժան Մինասյանը: Հայկական պատմական ճարտարապետական կոթողների հետ միասին ցուցադրված էին 1998թ. կառուցված Սուրբ Վարդանանց նահատակաց եղեղեցու (ճարտարապետներ` Ա.Մխիթարյան, Արթուր Մանուկյան, Արթուր Սուքիասյան), 2001թ. կառուցված Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի մուտք-խորանի (ճարտարապետներ Ջիմ Թորոսյան եւ Ռոմեո Ջուլհակյան) եւ Սուրբ Խաչ մատուռի (ճարտարապետ` Սարգիս Սարդարյան-Ջուլհակյան) լուսանկարները, ինչպես նաեւ Սրբոց Թարգմանչաց եկեղեցու ծրագիր-մրցույթին մասնակցած ճարտարապետներ Էրիկ Օհանյանի, Արման Ալավերդյանի, Ագաթա Հարությունյանի, Անուշ Հարությունյանի ու Կարեն Բալայան-Ջուլհակյանի նախագծերը: Ցուցահանդեսում հայկական ճարտարապետության պատմության բաժինը ներկայացված էր ուրարտական շրջանից մինչ մեր օրերը` ընդգծելով Հայաստանը որպես քրիստոնեական ճարտարապետության օրրան, ինչպես նաեւ նշելով բյուզանդական եւ իսլամական ճարտարապետության մեջ հայ ճարտարապետների ու արհեստավորների մշտապես թողած ուշագրավ հետքերի մասին: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, ՀՀ դեսպանության վահանակի հետ միասին ցուցադրված էին հայկական տուֆ քարերի նմուշները եւ դանիացի ճարտարապետ Բյորն Յորգենսենի «Լույսի մասնիկներ սեւ այգու շուրջ. կովկասյան եկեղեցին արեւելքի եւ արեւմուտքի խաչմերուկում» դանիերեն լեզվով գիրք-ալբոմը, որն ամբողջությամբ նվիրված է հայկական եկեղեցական ճարտարապետությանը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play