Ուղիղ հեռարձակում. «ԶՈւ սպա Արտակ Նազարյանի գործով դատավարական խախտումները» թեմայով ասուլիսի


Ուղիղ հեռարձակում. «ԶՈւ սպա Արտակ Նազարյանի գործով դատավարական խախտումները» թեմայով ասուլիսի

  • 29-10-2012 12:30:00   | Հայաստան  |  Մամուլի սրահ



Հոկտեմբերի 29-ի, ժամը՝ 12:30-ին «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնում (Իսահակյան 28, 3-րդ հարկ) տեղի է ունենում ասուլիս: Թեման՝ «ԶՈւ սպա Արտակ Նազարյանի գործով դատավարական խախտումները»: Ասուլիսի բանախոսներն են . Հասմիկ Հովհաննիսյանը - Արտակ Նազարյանի մայրը Ծովինար Նազարյանը - Արտակ Նազարյանի քույրը՝ տուժողի իրավահաջորդ եւ նրա ներկայացուցիչները՝ փաստաբան Մուշեղ Շուշանյանը, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը: Թեմայի վերաբերյալ. Արտակ Նազարյանը սպանվել է 2010թ. հուլիսի վերջին, ծառայության վայրում՝ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Չինարի գյուղից ոչ հեռու տեղակայված «Մեհրաբներ» զորամասի հսկողությանը հանձնված մարտական հենակետերից մեկում («Ղոզլու»), որի ավագն էր: ՀՀ ՊՆ Քննչական ծառայության կատարած նախաքննությունն ավարտվել է եւ գործը դատարան է մտել որպես «ինքնասպանության դրդում»: Մինչդեռ Նազարյանները պնդում են, որ նախաքննությունը կատարվել է հանցավոր թերություններով՝ ընդհուպ մինչեւ ապացույցների ոչնչացում եւ կեղծում (մանրամասները տե՛ս մամուլում Ա. Նազարյանի մոր՝ Հասմիկ Հովհաննիսյանի 28.09.2011թ. բաց նամակում՝ զինդատախազ Գ. Կոստանյանին): Դատավարության մասնակիցները: Քրեական գործով մեղադրվում են Արտակ Նազարյանի հինգ ծառայակիցներ՝ նրա գումարտակի ԱՀՏԱ գծով տեղակալ, կապիտան Հակոբ Մանուկյանը, հարեւան «Լույս» հենակետի ավագ, լեյտենանտ Վահագն Հայրապետյանը, Ա. Նազարյանի դասակի երեք շարքայիններ՝ Մխիթար Մխիթարյանը, Ադիբեկ Հովհաննիսյանը եւ Հարութիկ Կիրակոսյանը: Վերջինի՝ Հ. Կիրակոսյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխվել է, եւ նա ավարտել է ծառայությունն ու ազատության մեջ է: Դատավոր՝ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սամվել Մարդանյան: Մեղադրանքը պաշտպանում են զինվորական դատախազներ Հարություն Հարությունյանը եւ Հայկ Հարոյանը: Ամբաստանյալ սպաների շահերը պաշտպանում են փաստաբաններ Լեւոն Պողոսյանը (Վ. Հայրապետյանի պաշտպան), Հրանտ Գեւորգյանը եւ Արմինե Ղասաբողլյանը (Հ. Մանուկյանի պաշտպաններ), իսկ երեք շարքայինների՝ Մ. Մխիթարյանի, Ա. Հովհաննիսյանի եւ Հ. Կիրակոսյանի կողմից ներգրավված են փաստաբաններ Ազատ Շահբազյանը եւ Ալվարդ Մնացականյանը: Տուժողի իրավահաջորդն էր Արտակ Նազարյանի մայրը՝ Հասմիկ Հովհաննիսյանը, իսկ 2011թ. նոյեմբերի 29-ից՝ քույրը՝ Ծովինար Նազարյանը: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներն են փաստաբան Մուշեղ Շուշանյանը եւ իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը:
Նոյյան տապան  -   Մամուլի սրահ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play