Լեզուն չի պահպանվի միայն կենցաղային մակարդակում, պետք է այն օգտագործել գիտական միջավայրում


Լեզուն չի պահպանվի միայն կենցաղային մակարդակում, պետք է այն օգտագործել գիտական միջավայրում

  • 02-11-2012 16:02:02   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
«Նոյյան Տապան»-ի զրուցակիցն է տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, translator.am կայքի հիմնադիր, մշակող խմբի ղեկավար, Էդուարդ Մանուկյանը: Պատմեցեք խնդրեմ translator.am կայքը ստեղծելու նախաձեռնության մասին: Համակարգի նախաձեռնությունը եղել է 2000թ.-ին Ճարտարագիտական համալսարանի երկու դասախոսների կողմից: Սկզբում շատ դժվար էր: Ստեղծվել է թերահավատության միջավայրում: Մեր նպատակն էր ստեղծել անգլերեն-հայերեն իմաստային թարգմանիչ: Պետական ֆինանսավորում չի եղել, ամեն ինչ արվել է սեփական միջոցներով: 2004թ.-ին շահել ենք գրատային ծրագիր (ոչ պետական), իսկ պետական այրերից 2005թ.-ին աջակցել է Անդրանիկ Մարգարյանը, որի տրամադրած գումարը օգտագործվել է սերվերային համակարգ ստեղծելու համար: Նաեւ շնորհակալություն այն երիտասարդ ուժերին, մեր համալսարանի ասպիրանտներին, ուսանողներին եվ այլն, որ անձնական միջոցներն ու ժամանակը չեն խնայել կայքի աշխատանքներին օգնելու համար: Հիմա էլ մոտ 30 հոգի աշխատում են կայքի համար: Ունենք վեբ-խմբագրողներ, որ սեփական համակարգիչներով աշխատում են: Ինչպե՞ս կգնահատեք տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում: Ունե՞նք երիտասարդ մասնագետներ: Քանի որ այս ոլորտին խանգարողներ առայժմ չկան, չկա պետական աջակցություն, ամեն ինչ շատ լավ է: Սա այն ոլորտն է, որ առանց սկզբնական մեծ ներդրումների եւ ծախսերի կարելի է մեծ արդյունքների հասնել: Ոլորտն իրեն արդարացնում է: Եվ ինչու՞ է ոլորտի վիճակը այսքան լավ: Որեվհետեվ չկա վարչահրամայական ապարատ, նախարարություն, որ խանգարի ոլորտի առաջընթացին: Զարգացման անվան տակ են ուզում ստեղծել նախարարություն: Առանց նախարարության էլ մասնագետները գտել են իրենց ուղին ու աշխատում են: Հաճախ համեմատություն է անցկացվում translator.am-ի եվ google translate-ի միջեւ: Ի՞նչ կասեք այս մասին: Նախ եկեք համեմատենք ֆինանսական հնարավորությունները: Google-ի շրջանառությունը տարեկան կազմում է 300 մլրդ դոլլար, իսկ մերը մոտավոր 4000 դոլլար: Բայց մեր մոտեցումն է ուրիշ, որ մեզ թույլ է տվել այսքան քիչ միջոցներով հասնել նման արդյունքի, նույնիսկ մրցակցել google-ի հետ: Մեր կայքում հիմա տեղադրել ենք նաեւ google translate-ի հղումը, որ մարդը թարգմանի ու օգտվի միաժամանակ երկու թարգամնիչներից: Ուրեմն փառք ու պատիվ մեր մասնագետներին: Հասել ենք սրան, որ կարող ենք մրցակցել: Օգտվողների քանակը մեծ է: Google ֆիրման մեր կայքը գնահատել է 5 այն դեպքում, երբ հայաստանյան լավագույն կայքերին գնահատել է 6 միավորով: Որպես էլեկտրոնային բառարան-թարգմանիչի ստեղծող ի՞նչ կասեք հայերենի պահպանման մասին: Ինչպիսի՞ն է լեզվի ներկայիս վիճակը: Մինչ հարցին պատասխանելը ուզում եմ անդրադառնալ մեզ մոտ օտարալեզու դպրոցներ բացելու խնդրին: Նախարարության այս նախաձեռնությունը սխալմունք է, քանի որ դրանով մենք խոչընդոտում ենք հայկական լեզվամտածողության ձեվավորմանը աճող սերնդի գիտակցության մեջ: Հայ երեխան պիտի սովորի ու մտածի հայերեն, ապա նոր իր միտքը վերարտադրի օտար լեզվով: Ես դեմ չեմ, որ երիտասարդները սովորում են օտար լեզուներ: Բայց դա պիտի արվի ճիշտ ժամանակին ու ճիշտ տեղում: Հիմա պիտի ջանք ու եռանդ չխնայենք հայոց լեզվով կրթություն ապահովելու թե դպրոցներում, թե բուհերում: Լեզուն չի պահպանվի միայն կենցաղային մակարդակում, պետք է այն օգտագործել գիտական միջավայրում: Էական է ստեղծել հայերեն տերմիններ, որ գիտական ոլորտում հնարավոր լինի լիովին կիրառել մեր լեզուն: Լեզուն ընդհանրապես պահվում է բառարաններով եւ տերմիններով: Առօրյա խոսակցական օգտագործմամբ լեզուն չի պահվում: Դա խաբկանք է: Բառարանները լեզվի ու բառերի կրիչներն են, որոնցից մենք կարող ենք օգտվել: Հիմա չունենք նոր բառարաններ, սա ցավ է: Տեխնոլոգիական այս զարգացած դարում չկան հայերեն էլեկտրոնային բառարաններ: Translator.am-ը փորձում է լրացնել այդ բացը, բայց առանց լուրջ պետական մոտեցման ու հովանավորության, դա չափազանց դժվար է:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play