Պատկերացումը, թե ընդդիմության խոսքը պետք է անցնի, թյուր մոտեցում է. Դ. Հարությունյան


Պատկերացումը, թե ընդդիմության խոսքը պետք է անցնի, թյուր մոտեցում է. Դ. Հարությունյան

  • 16-11-2012 07:50:34   | Հայաստան  |  Հարցազրույցներ

-4-րդ գումարման Ազգային Ժողովը փոփոխություններ կատարեց ԱԺ-ի կանոնակարգ օրենքում` ընդդիմության դերակատարումը խորհրդարանում մեծացնելու համար: 5-րդ գումարման Ազգային Ժողովը արդեն չորս քառօրյա է անցկացրել, ու դրանց ընթացքում բավական բուռն քննարկումներ են եղել. Ձեր դիտարկումներով` մեծացե՞լ է ընդդիմության դերակատարումը խորհրդարանում: -Նայած ով ինչ է հասկանում` ընդդիմության դերակատարման մեծացում ասելով: Շատերը կարծում են, որ եթե ասում ենք ընդդդիմության դերակատարումը խորհրդարանում մեծացել է, դա նշանակում է, թե ընդդիմության խոսքը պետք է անցնի: Սա թյուր մոտեցում է, եւ խորհրդարանները դրա համար չեն: Խորհրդարանում որոշում կայացնողը, այնուամենայնիվ, մեծամասնությունն է եւ ոչ թե փոքրամասնությունը: -Այսինքն, ԱԺ կանոնակարգի փոփոխությունները ինքնանպատա՞կ էին: -Ամենեւին: Երբ մենք ասում ենք, թե ընդդիմության դերակատարումը մեծացել է, իրականում հասկանում ենք մեկ բան. ընդդիմությունը հնարավորություն է ստացել լայնորեն ներկայացնել իր տեսակետները, ինչը հող է ձեւավորում հաջորդ ընտրություններում ավելի հաջող հանդես գալու համար: -Ստացվում է, որ իշխանությունը ընդդիմության` հաջորդ ընտրություններին պատրաստվելու հնարավորությո՞ւնն է մեծացրել: -Ոչ ոք չի կարող հերքել, որ խորհրդարանում հայտնված ընդդիմադիր ուժերը արտախորհրդարանական ուժերի համեմատ առավելություն ունեն, ու այդ առավելությունը մեծանում է նաեւ ԱԺ կանոնակարգով սահմանված այս արտոնությունները օգտագործելով: Խորհրդարանում ընդդիմությունը հնարավորություն ունի հանրությանը ներկայացելու իր դիրքորոշումը, իշխանություններին ուղղված քննադատությունը, երկիրը ավելի լավ կառավարելու իր պատկերացումները: Այսօր խորհրդարանական ընդդիմությունը իսկապես օգտվում է իր այս հնարավորությունից, ինչով էլ այս Ազգային Ժողովը տարբերվում է նախորդից: -Բայց միեւնույն է, ընդդիմությունը խորհրդարանում որոշումների ընդունման վրա որեւէ ազդեցություն չի ունենում: -Չեմ պատկերացնում, թե ինչպես պետք է խորհրդարանական ընդդիմությունը կարողանար էական ազդեցություն ունենալ որոշումների ընդունման վրա, եթե կա մեծամասնություն, որը ստանձնել է պատասխանատվություն: Եթե Դուք ընտանիքում ստանձնել եք պատասխանատվություն, իսկ այս դեպքում էական չէ` պատասխանատվությունը ընտանիքի թե պետության համար է, շատ դժվար է պատկերացնել, որ Դուք կզիջեք որոշումներ կայացնելու հնարավորությունը ուրիշին` պահպանելով Ձեր պատասխանատվությունը: Բոլոր նրանք, ովքեր այսպես են մեկնաբանում ընդդիմության դերակատարման մեծացումը, նրանք դիտավորյալ կեղծում են իրականությունը` փորձելով ներկայացնել պառլմենտարիզմի անհեթեթ մոդել, որը չկա, կամ էլ նրանք իրականում բավարար կրթված չեն քաղաքագիտական առումով, որպեսզի հասկանան իրենց սխալը: -Պարոն Հարությունյան, այս խորհրդարանի` ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության կազմում ընդդիմադիրների թիվը ավելացել է 8 հոգանոց պատվիրակությունում միայն 3-ն են իշխանությունից` ՀՀԿ-ից, կա 2 ԲՀԿ-ական, 1 ՀՅԴ, 1 ՀԱԿ, 1 «Ժառանգություն»: Ձեր աշխատանքը, որպես պատվիրակության ղեկավար, սրանից չի՞ դժվարացել: -ՀՀԿ-ն, ունենալով խորհրդարանում մեծամասնություն, կարող էր միայն իր կոալիցիոն գործընկերոջ` ՕԵԿ-ի հետ միասին մեծամասնություն ունենալ ԵԽԽՎ պատվիրակության հիմնական կազմում: Բայց հարցը քննարկելուց հետո ԱԺ նախագահը որոշեց, որ պետք է պատվիրակությունում քաղաքական ուժերի ավելի մեծ ներկայացվածություն լինի: Ինչ վերաբերում է ընդդիմության այսպիսի ներկայացվածությանը, ասեմ, որ այն որոշ առումով, իհարկե, դժվարացնելու է աշխատանքը` իշխանության պաշտպանած գիծը ԵԽԽՎ-ում առաջ տանելու հարցում, բայց ես համոզված եմ, որ ընդունված որոշումը ճիշտ է: Ուրիշ դժվարություն չկա. ես` որպես պատվիրակության ղեկավար, պատվիրակության անդամների գործունեությունը «վերահսկելու» խնդիր չունեմ: Մենք երբեւէ չենք թելադրել, թե ով ինչ պիտի ասի կամ ինչի վերաբերյալ, եւ երբեք չենք ստացել գործադրի պատրաստի ելույթներ, որ այնտեղ ընթերցենք: parliamentmonitoring.am
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ