Բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնությանը մասնակցելու է 620 մարզիկ 68 երկրներից


Բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնությանը մասնակցելու է 620 մարզիկ 68 երկրներից

  • 26-11-2012 14:42:26   | Հայաստան  |  Սպորտ

 

Երեւանում նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 8-ին անցկացվելու է  ԱԻԲԱ (International Boxing Association- AIBA) բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունը, որը, ինչպես նոյեմբերի 26 լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի բռցնքամարտի ֆեդերացիայի նախագահ Արման Մուրադյանը, կնպաստի բռնցքամարտի զարգացմանը Հայաստանում եւ  ֆեդերացիայի աշխատանքներին։  
 
 Ա. Մուրադյանի  խոսքերով, այսօր Հայաստան է ժամանելու նաեւ Ադրբեջանի թիմը, որի անվտանգությունն ապահովված կլինի բոլոր առումներով։ Ադրբեջանի հավաքականը Հայաստան կժամանի վեց մարզիկով, իսկ պատվիրակությունն ամբողջությամբ բաղկացած կլինի 12 անդամից:
 
Ըստ Ա. Մուրադյանի, առաջնությունը ֆեդերացիային եւ հայ բռնցքամարտին կօգնի զարգանալ: «Առաջնությունը պաշտոնապես մեկարկել է նոյեմբերի 25-ից  եւ կավարվի դեկտեմբերի 8-ին: Բացումը տեղի կունենա նոյեմբերի 28-ին՝ երեկոյան ժամը 18:00-ին Երեւանի մարզահամերգային համալիրում:  55 երկրի մարզիկներն արդեն ժամանել են: Ընդհանուր առմամբ, մասնակցության համար ֆեդերացիային է դիմել 70 երկիր: Վերջին պահին երկու երկիր` Կոնգոն եւ Զամբիան հրաժարվել են մասնակցությունից, թեեւ նախապես ներկայացրել էին իրենց հայտը: Համաձայն վերջին վյալների,  առաջնությանը մասնակցելու է 620 բռնցքամարտիկ 68 երկրներից»,- ասաց Արման Մուրադյանը:
 
Անդրադառնալով Հայաստանի հավաքականին, նա փաստեց, որ Հայաստանի հավաքականը լիովին պատրաստ է: Ըստ Ա.Մուրադյանի, մարզումների համար ներգրավվել են Երեւանի բռնցքամարտի բոլոր մարզադպրոցները: Հայաստանի բռցնքամարտի հավաքականը ներկայացված կլինի բոլոր տասը քաշային կարգերում: «Մեր ընտրանին այժմ շատ կայուն վիճակում է, եւ հավաքականում կան արժանի երիտասարդներ: Կարծում եմ, տղաները հաջող հանդես կգան»,- ասաց Հայաստանի բռցնքամարտի ֆեդերացիայի նախագահը:
 
Նա տեղեկացրեց նաեւ, որ մրցաշարի անցկացման համար նախատեսված բյուջեն կազմում է 320 միլիոն դրամ (մոտ 800 հազար դոլար): 
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play