Իմ ժամանման առաջին իսկ պահերից ես ինձ զգում էի ինչպես տանը. Կրինա Պրունարիու


Իմ ժամանման առաջին իսկ պահերից ես ինձ զգում էի ինչպես տանը. Կրինա Պրունարիու

  • 01-12-2012 15:23:16   | Հայաստան  |  Հարցազրույցներ

 

Դեկտեմբերի 1-ը Ռումինիայի ազգային տոնն է՝ 1918 թվականի այս օրը հիմնադրվել է ժամանակակից Ռումինիան, ինչը նշանավորվել է Ռումինիայի եւ Տրանսիլվանիայի միավորմամբ։ 20 տարի առաջ՝  1992թ.-ի դեկտեմբերին, Հայաստանը եւ Ռումինիան հաստատել են դիվանագիտական հարաբերություններ։ Ինչպես են զարգացել հայ-ռումինական հարաբերություններն այս տարիների ընթացքում, որ ոլորտներում է առավել ակտիվ համագործակցությունը՝ <<Նոյյան Տապան>>-ի այս եւ այլ հարցերին է պատասխանում  Հայաստանում Ռումինիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Կրինա Պրունարիուն: 
 
Հարգարժան տիկին դեսպան, ինչպե՞ս կգնահատեք երկու երկրների հարաբերությունների ներկայիս մակարդակը: Ո՞ր ոլորտներում է համագործակցությունն առավել արդյունավետ:
 
Հայաստանի եւ Ռումինիայի հարաբերությունների զարգացումը դինամիկ բնույթ է կրում: Մենք համագործակցում ենք գրեթե բոլոր ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, մշակութային եւ այլն: Տնտեսական ոլորտում կա համաձայնագիր, որը, եթե չեմ սխալվում, ստորագրվել է 1993 թ.-ին: Այս համաձայնագրով Հայաստանն ու Ռումինիան դարձել են տնտեսական գործընկերներ:
 
Դուք Ձեր պաշտոնավարումը սկսել եք 2007թ.-ին: Ի՞նչ է փոխվել Հայաստանում այս տարիների ընթացքում:
 
Շատ բան է փոխվել: Երբ ես ժամանեցի Երեւան՝ գիշեր էր: Քաղաքը գրեթե լուսավորված չէր, փողոցները կեղտոտ էին: Այժմ՝ 6 տարի անց, Երեւանը դարձել է լուսավոր, մաքուր եւ բաց քաղաք: Նույնիսկ մարդիկ են փոխվել: Նրանք նույնպես ավելի բաց են դարձել եւ շփվող թե՜ օտարերկրացիների, թե՜ միմյանց նկատմամբ:
 
Ի՞նչ կարող եք ասել հայ եւ ռումին ժողովուրդների մասին: Արդյո՞ք կան նմանություններ, թե՞ միայն տարբերություններ կարող են նշվել:
 
Չեմ կարող ասել, որ շատ տարբեր ենք: Թերեւս այս է պատճառը, որ ժամանմանս առաջին իսկ պահից ինձ զգացել եմ ինչպես տանը: Հայերը հյուրասեր են, սիրում են հյուրեր ընդունել: Այս հատկանիշներով շատ նման են ռումինացիներին:
Ի վերջո պետք չէ մոռանալ, որ Ռումինիայում ապրում է հայկական համայնք, որի ներկայացուցիչները կարեւոր պաշտոններ են զբաղեցրել ռումինական բարձր ատյաններում եւ բնականբար ազդեցություն եւ որոշակի դեր են ունեցել Ռումինիայի քաղաքական, մշակութային եւ հասարակական կյանքում:
 
Ի՞նչ կասեք այսօրվա համայնքի մասին:
 
Մոտ 8000 հայ է ներկայումս ապրում Ռումինիայում: Նրանք ճանաչված են այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են երաժշտությունը, մշակույթը եւ քաղաքականությունը, ինչպես նշեցի: Ռումինիայի հայ համայնքի հայտնի ներկայացուցիչներից է Վարուժան Ոսկանյանը, ով անցած տարի հրատարակեց իր գիրքը:
 
Մենք ապրում ենք մշակույթների զանազանության աշխարհում: Յուրաքանչյուր անգամ մշակութային միջավայրը փոխելիս հաճախ մշակութային շոկ ենք ապրում: Դիվանագիտական ոլորտում աշխատող մարդիկ այս կամ այն կերպ պատրաստված են նման փոփոխությունների: Ունեցել ե՞ք մշակութային շոկի  <<փորձ>> մեր երկրում: Ի՞նչն է ամենից շատ Ձեզ զարմացրել Հայաստանում:
 
Չեմ կարող ասել, որ շոկ եմ ապրել կամ շատ զարմացել եմ այստեղ ինչ-որ բանից, քանի որ նախքան գալս ես ուսումնասիրել էի երկրի մշակույթը, պատմությունը: Ես շատ ընկերներ եւ ծանթներ ունեմ Ռումինիայի հայկական համայնքից: Ես գիտեի՝ ուր եմ գալիս, գիտեի ազգի էությունը: Միակ բանը, որ անչափ տպավորել է ինձ, եղել է այս երկրի հնությունը:
 
Կա՞ որեւէ բան, որ Ձեզ միանգամից Հայաստանն է հիշեցնում:
 
Ծիրանը, իհարկե: Բացի այդ այս տարիների ընթացքում մի հետքրքիր երեւույթ է ձեւավորվել իմ մեջ: Ամեն անգամ, երբ հեռուստատեսությամբ, կամ թերթում, կամ մի այլ տեղ տեսնում եմ հայի դեմք, միանգամից հասկանում եմ, որ հայ է: Գիտեք, հայի աչքերն ուրիշ են, դրանք մատնում են հայ լիենլը:
 
Դեկտեմբերի 1-ը Ռումինիայի միավորման տոնն է: Ինչպե՞ս են նշում ռումինացիներն այս տոնը, եւ ի՞նչ է նշանակում այս օրը ռումին ժողովրդի համար:
 
Այս տարի մենք նշում ենք Ռումինիայի ազգային տոնի 94-րդ ամյակը: Դեկտեմբերի 1-ը խորհրդանշում է երեք ռումինական մարզերի միավորումը 1918թ.-ին: Այս միավորմամբ է մեզ հաջողվել ստեղծել ժամանակակից Ռումինիան: Շատ երկրներ նշում են անկախության օրը, բայց մենք նշում են միավորման տոնը:
Ուզում եմ ավելացնել նաեւ, որ այս տարի մենք ունեցանք շատ իրադարձություններ, որոնք կարեւոր  են երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում: Այս տարվա օգոստոսին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Կաթողիկոսը ժամանեց Ռումինիա՝ մասնակցելու 500-ամյա հնություն ունեցող եկեղեցու բացման արարողությանը: Այս առիթով թողարկվեց համատեղ հայ-ռումինական նամականիշ:
Այս տարվա ազգային տոնը էլ ավելի է կարեւորվում, քանի որ ռումին ժողովուրդը   նշում է նաեւ ռումինական դիվանագիտության 150-ամյակը, ինչը նույնպես շատ լուրջ առիթ է մեզ համար:
 
Հարցազրույցը վարեց Գայանե Ղանդիլյանը

 

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ