ՎՐԱՍՏԱՆ. ՄԱՆԵՎՐԵԼՈՒ ՓՈՐՁ ՆԵՂ ԿԱԾԱՆՈՒՄ


ՎՐԱՍՏԱՆ. ՄԱՆԵՎՐԵԼՈՒ ՓՈՐՁ ՆԵՂ ԿԱԾԱՆՈՒՄ

  • 14-01-2013 19:19:10   | Հայաստան  |  Վերլուծություն

 

Վրաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները հատկանշական էին շատ առումներով։ Ե՛վ քվեարկության անսպասելի արդյունքներով, և՛ երկրի արդի պատմության մեջ դեմոկրատական ճանապարհով իրականացված առաջին իշխանափոխությամբ, և՛ նրանով, թե ինչ նախընտրական տեխնոլոգիաներ օգտագործվեցին, որքան արդյունավետ դուրս եկան հիմնական մրցակիցների տեղեկատվական և PR գործողությունները։
 
Երկրի քաղաքական դաշտում իրենց հայրենակցի ի հայտ գալը, որն անուն ու կապիտալ է ստեղծել այլ երկրում, ինքն է կազմակերպել իր PR-ը և ընտրարշավը (որը սկզբում թվում էր, թե ձախողվելու է) և այդ ամենի մեջ սեփական միջոցներն էր ներդրել, առանձին դիտարկման և ուսումնասիրման են արժանի այն առումով, որ կարող է կրկնվել ինչպես այդ նույն Վրաստանում, այնպես էլ հետխորհրդային տարածքի այլ երկրներում։
 
Սակայն ներկայում առավել հետաքրքիր է, թե ինչպես են հաղթողները տնօրինելու ընտրազանգվածի վստահությունը, փոխվելո՞ւ են արդյոք և ի՞նչ ուղղությամբ նոր իշխանության ներքին և արտաքին քաղաքական գերակայությունները։
 
Ընտրողների վստահության հարցը մի իրավիճակում, երբ Բիձինա Իվանիշվիլու հաղթանակը հնարավոր դարձավ հանրության մեջ բողոքի պոտենցիալի կուտակման պատճառով, որն էլ պայմանավորեց բողոք արտահայտող, ըստ էության՝ իռացիոնալ, հուզական երանգավորում ունեցող քվեարկությունը, առավել ակտուալն է և պահանջում է արագ արդարացնել հանրության սպասելիքները։
 
Բ.Իվանիշվիլու մեջ նրա համար քվեարկած ընտրողները տեսնում են քաղաքական գործչի, որը նրանց ազատելու է Վրաստանի Միասնական ազգային շարժման (ՄԱՇ) և անձամբ Միխայիլ Սահակաշվիլու կառավարումից, միլիարդատիրոջ, որը պատրաստ է ընտրություններում հաղթանակի դեպքում սեփական միջոցները ներդնել ոչ միայն տնտեսության բարեփոխման հեռանկարային ծրագրերի, այլ նաև սոցիալական ոլորտում, և սա էլ պայմանավորեց այն, որ նա ստացավ ձայների մեծամասնությունը՝ չունենալով մի ինչ-որ հանգամանալի նախընտրական ծրագիր։
 
Երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի փոփոխությունների դինամիկային հավելյալ ինտրիգ է հաղորդում նաև նրա հայտարարությունը, թե մտադիր է մեկուկես տարի հետո՝ 2014թ. մարտին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո, թողնել քաղաքականությունը։
 
Բ.Իվանիշվիլու հեռանալու ժամկետը նրա զինակիցների գործողությունների օրակարգ է մտցրել նրան փոխարինող գտնելու հարցը։ Իսկ այն փաստը, որ նրա կերպարը, ըստ էության, շաղախիչ դեր է խաղում «Վրացական երազանք» նախընտրական դաշինքի մեջ մտած և այդ երազանքն իրականացնելուն կոչված բավական տարաշերտ քաղաքական կուսակցությունների ու շարժումների համար, հիմք է տալիս անհանգստանալու արդեն մոտ ապագայում հաղթած ուժերի միասնության պահպանման առումով։
 
Բ.Իվանիշվիլու հայտարարությունից հետո, ամերիկյան քաղաքական սլենգով արտահայտվելով, Վրաստանի իշխանական բարձր էշելոններում ի հայտ եկավ արդեն ոչ թե մեկ, այլ երկու «կաղ բադիկ»1 (նա ինքն ու նախագահ Սահակաշվիլին)։
 
Նոր խորհրդարանական մեծամասնության ճամբար անկախ կամ էլ ՄԱՇ-ից ընտրված պատգամավորների անցման տեմպերի պահպանման դեպքում առաջիկայում «Վրացական երազանքը» խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն կստանա, ինչը թույլ կտա նրան ինքնուրույն նախաձեռնել և փոփոխություններ ու լրացումներ կատարել օրենքներում։
 
Սակայն այս ամենը, որ նախընտրական ամբոխահաճո խոստումներ են՝ հաշվարկված ավելի շուտ նախընտրական քարոզչության, այլ ոչ թե դրանում հաղթանակի հասնելու և հետագայում դրանց կատարման անհրաժեշտության համար (հաղթողներից ընտրողներն ավելին են սպասում; ժամանակավոր ցեյտնոտ, որի մեջ ինքն է իրեն ու ողջ «Վրացական երազանքը» գցել Բ.Իվանիշվիլին; ՄԱՇ և Մ.Սահակաշվիլու թիմի զգալի պոտենցիալի պահպանումը), խթանում է ամենահրատապ խնդիրների վրա (սոցիալ-տնտեսական և ներքաղաքական, ինչպես նաև արտաքին քաղաքական խնդիրներ, որոնք անմիջական և զգալի ազդեցություն ունեն Վրաստանի ներքին գործընթացների և ընտրազանգվածի տրամադրության վրա) նոր իշխանության կենտրոնացման անհրաժեշտությունը։ Փաստորեն, նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավն արդեն ընթանում է, և մրցակցային իրարանցման այդ իրավիճակը Վրաստանում կպահպանվի ընդհուպ մինչև իշխանության տեղական մարմինների ընտրությունները՝ մինչև 2014թ. գարուն։
 
Արտաքին քաղաքական հիմնական խնդիրների շարքում, որոնք Իվանիշվիլու թիմը հետաձգել կամ շրջանցել չի կարող, ամենահրատապները հետևյալն են.
 
Աբխազիայի Հանրապետության և Հարավային Օսիայի Հանրապետության հանդեպ փոխընդունելի և ռեալիստական քաղաքականության որոնում,
Ռուսաստանի Դաշնության հետ ունեցած խնդիրների լուծում, այդ թվում՝ դիվանագիտական հարաբերությունների վերականգնում և տնտեսական հարաբերությունների ընդլայնում,
մի կողմից՝ ՆԱՏՕ-ի, ԵՄ-ի, մյուս կողմից՝ ՌԴ-ի հետ հարաբերությունների ընդունելի հավասարակշռության որոնում։
Եվ արդեն այս խնդիրների լուծման շրջանակում են գտնվում այնպիսի հարցեր, ինչպիսիք են.
 
Աբխազիայի տարածքով երկաթուղային և տրանսպորտային հաղորդակցության բացումը,
Աբխազիայի և Հարավային Օսիայի աստիճանական ներգրավումն իր սոցիալ-տնտեսական տարածք,
Հյուսիսային Կովկասի ռուսական հանրապետությունների հանդեպ իր արտաքին քաղաքականության փոփոխություն և այլն։
Ռուսաստանի հետ հարաբերությունների անգամ մասնակի կարգավորումը կհանգեցնի, մի կողմից, Թբիլիսիի արտաքին քաղաքական և տնտեսական մանևրի ընդլայնման՝ տարածաշրջանային խնդիրների լայն շրջանակի առումով, մյուս կողմից՝ կնվազեցնի իր վրա թուրք-ադրբեջանական տանդեմի ազդեցության աստիճանը։ Դա չի կարող չանհանգստացնել Անկարային և Բաքվին։ Ուստի, Թբիլիսիի՝ Մոսկվայի հետ հարաբերությունների բարելավման անգամ ակնարկ պարունակող քայլերը վերջին երկուսի կողմից կընկալվեն զգուշավորությամբ և տհաճությամբ։
 
Եվ «ամենացավոտ» (ավելի շատ Բաքվի, քան թե Անկարայի համար) հարցերից մեկը Աբխազիայով հաղորդակցության վերականգնումն է։
 
Վրաց-ռուսական հարաբերությունների իրական կարգավորման հեռանկարների ծագման դեպքում չեն բացառվում ակտիվ հակազդեցության քայլերը, և այդ հակազդեցությունը միայն տնտեսական բնույթի չի լինի։ Այսպես, Բաքվից արդեն հայտարարություններ են ստացվել, թե Վրաստանի ադրբեջանաբնակ Քվեմո Քարթլի շրջանում իրավիճակը կտրուկ վատթարացել է Բ.Իվանիշվիլու իշխանության գալով2։
 
Ընդհանուր առմամբ, Աբխազիայի և Հար.Օսիայի հետ ուղղակի բանակցությունների ակտիվացումը Բ.Իվանիշվիլու հիմնական նախաձեռնություններից մեկն է և, միևնույն ժամանակ, նրա փոփոխությունների ծրագրի թույլ օղակը.
 
այժմ շատ բան նրա իմիջի համար կախված կլինի Սուխումի ու Ցխինվալի դիրքորոշումից,
Մոսկվան շատ մեծ հաղթաթուղթ է ստանում Թբիլիսիի հետ բանակցություններում, հարցն այժմ ոչ թե Աբխազիայի և Հարավային Օսիայի կարգավիճակի ճանաչումն է, այլ տարբեր հարթակներում բանակցությունների շարունակումը (առաջին հերթին՝ Ժնևի գործընթացի շրջանակում)։
Այս հարցի ակտուալացումը պայմանավորված է նրանով, որ դա Մոսկվայի ու Սուխումի գրեթե միակ շահագրգռությունն է և Թբիլիսիի հետ հարաբերությունների կարգավորումից իրական դիվիդենդներ ստանալու հնարավորությունը՝ անգամ նախնական մակարդակով։
 
Չնայած Աբխազիայի Հանրապետության իշխանությունների ներկայացուցիչների, որոշ ռուս և վրացի փորձագետների հայտարարություններին, թե Սուխումը շահագրգռված չէ տարանցման վերականգնմամբ, հարցի կարգավորման հեռանկարները բավական բարձր են։ Ամբողջովին չգնահատելով աբխազա-ռուսական հարաբերությունների ողջ համախումբը՝ նշենք.
 
ա. եթե Սուխումի վրա Մոսկվայի ազդեցությունն իսկապես գրեթե անսահմանափակ է, ապա Ռուսաստանի համար առանձնապես դժվար չի լինի առաջ մղել իր համար շահավետ այս սցենարը,
 
բ. եթե Սուխումի վրա Մոսկվայի ազդեցությունն ինչ-որ սահմանափակումներ ունի, և Աբխազիան փորձում է հնարավորինս ինքնուրույն քաղաքականություն վարել, ապա ինքն է շահագրգռված տարածաշրջանային ու արտատարածաշրջանային բոլոր դերակատարների հետ հարաբերությունների կարգավորմամբ, և Վրաստանն այստեղ բացառություն չէ։ Համենայնդեպս, շահերի ինչ-որ հավասարակշռություն ստեղծելու և Մոսկվայի ճնշմանը հակազդելու համար։ Բացի այդ, այդ դեպքում Սուխումը պետք է ավելի լրջորեն անհանգստացած լինի հավելյալ աշխատատեղերի ստեղծմամբ, տրանսպորտային ենթակառուցվածքի վերականգնմամբ ու զարգացմամբ, ուղևորափոխադրումներից ու բեռնափոխադրումներից եկամուտների ստացմամբ։ Միևնույն ժամանակ չմոռանալով, որ տրանսպորտային քաղաքականությունն ինքն է որոշելու։
 
Մի խոսքով՝ Աբխազիայի տարածքով տրանսպորտային հաղորդակցության վերականգնման հեռանկարներն իրականանալի են, եթե ելնում են Ռուսաստանի, Աբխազիայի և Վրաստանի շահերից, ներկա պահին Թբիլիսիում իրականացված իշխանափոխությունից և Մ.Սահակաշվիլու ժառանգության քննադատական վերիմաստավորումից հետո։
 
Այս առնչությամբ հարկ է նշել, որ այս հարցում Մոսկվայի ակտիվացմանը պետք է սպասել այն բանից հետո, երբ Թբիլիսին կհանի այն բոլոր սահմանափակումները, որոնք միակողմանիորեն մտցրել է Վրաստանի տարածքով 102-րդ ռուսական ռազմակայանի համար (տեղակայված է Հայաստանում, Գյումրի քաղաքում) ռազմական բեռների տեղափոխման հարցում3։
 
Սուխումն իր կողմից, այս նախագծի իրականացման շրջանակում, Թբիլիսիի հետ բանակցություններում կարող է պնդել, որ առաջին հերթին անհրաժեշտ է պակասեցնել Աբխազիայի հիմնականում Գալիի շրջանում գործող և «անհայտ է, թե ում ենթարկվող» զինված կազմավորումների սադրիչ-ահաբեկչական և քրեական ակտիվությունը։
 
Այս համատեքստում տեղին է հիշատակել ս.թ. օգոստոսի վերջին տեղի ունեցած իրադարձությունները Վրաստանի մեկ ուրիշ շրջանում՝ Կախեթում, երբ Լոպոտա կիրճում մի քանի օր տևած ռազմական բախման ընթացքում վերացվեց Վրաստանի քաղաքացիներից և օտարերկրացիներից բաղկացած զինյալների խումբը։
 
Թե ինչպիսին էր այս միջադեպի իրական շարժառիթը՝ արդյո՞ք Մ.Սահակաշվիլու կողմնակիցների չհաջողված և հապճեպ մշակված նախընտրական PR ակցիա էր, թե՞, այնուամենայնիվ, վրացական հատուկ ծառայությունների՝ միջազգային ահաբեկչական կազմակերպությունների գործունեությունը (զինյալներ հավաքագրելու, նրանց զինելու և նրանց Հյուսիսային Կովկաս նետելու ուղիներ ստեղծելու ուղղությամբ) կանխելու գործողություն, առայժմ հայտնի չէ։ Համենայնդեպս, կարելի է փաստել, որ ներկայում Վրաստանում կան իր իսկ տարածքում ապօրինի զինված կազմավորումների (ԱԶԿ) կուտակման պայմաններ, այդ թվում վարձկանների ու դրսից կամավորների ներգրավմամբ։
 
Աբխազիայի և Հար.Օսիայի հետ բանակցային գործընթացի ակտիվացման, Աբխազիայի տարածքով տրանսպորտային հաղորդակցության բացման դեպքում ԱԶԿ գործունեության նոր օջախների ի հայտ գալը միանգամայն իրական է թվում։ Իսկ դա ևս մեկ մարտահրավեր կդառնա Վրաստանի նոր իշխանությունների ներքին և արտաքին քաղաքականությանը։
 
Ինչ վերաբերում է Բ.Իվանիշվիլու թիմի տեղեկատվական գործողությունների անցկացմանը, ապա կարելի է բերել, մասնավորապես, երկու օրինակ։
 
Նախ՝ լրատվամիջոցներում հայտնվեց այն տեսանյութը, որտեղ պատկերված էր, թե ինչպես են Թբիլիսիի Գլդանի թիվ 8 բանտի պահպանության աշխատակիցները ծեծում ու ծաղրուծանակի ենթարկում բանտարկյալներին, ինչը, թերևս, ամենահուզական ու զանգվածներին համախմբող ակցիան էր, որը խափանեց ոչ միայն ընտրողների վստահությունը գործող իշխանությունների ու նախագահ Սահակաշվիլու հանդեպ, այլև ընտրությունների օրը նրա թիմի՝ վարչական ռեսուրսը գործի դնելու կարողությունն ու ցանկությունը։ Թեև Վրաստանում պատժի կրման հաստատություններում օրինականության խախտումների մասին տեղեկատվությունը նոր չէր. պարզապես մինչ այդ այն նման տարածում չէր ստացել։
 
Երկրորդը՝ Բ.Իվանիշվիլու կողմից Վրաստանի՝ ՆԱՏՕ մտնելու հարցի խթանումն է։ Մի կողմից՝ սա միանգամայն տրամաբանական է հենց Իվանիշվիլու այն հայտարարություններից ելնելով, թե Վրաստանի մուտքը ՆԱՏՕ և ինտեգրումը եվրոպական կառույցներին Վրաստանի համար ռազմավարական նպատակ են մնում, ինչը հաստատում է երկրի ընթացքն արդեն հարթված այդ ուղիով։
 
Մյուս կողմից՝ զուգահեռներ են առաջանում թուրքական քաղաքական փորձի հետ. վերջինի պարագայում տեղի ունեցավ արտաքին քաղաքական գերակայությունների շեշտադրումների փոփոխություն այն բանից հետո, երբ իշխանության եկավ Ռ.Էրդողանի Արդարություն և զարգացում իսլամամետ կուսակցությունը։
 
Բացի այն, որ Արդարություն և զարգացում կուսակցությունն աննախադեպորեն ակտիվացրեց բանակցությունները ԵՄ-ի հետ Թուրքիայի անդամակցության վերաբերյալ և վերցրեց այս հարցի նախաձեռնությունը, որը երկրի նախկին աշխարհիկ իշխանությունների ու բարձրաստիճան զինվորականության համար սկզբունքային նշանակություն ուներ, այն նաև պնդեց, որ իրեն հստակ արտահայտված պահանջներ առաջադրվեն, որոնց կատարումից հետո երկրի մուտքը Եվրամիություն ինքնաբերաբար տեղի կունենա։ Էրդողանի կուսակցության ճնշման տակ ԵՄ-ը ստիպված էր ձևակերպել իր պայմանները՝ փաստորեն Անկարային ցույց տալով, որ նրա ակնկալիքների իրականացումը պակաս հավանական է։ Որպես հետևանք՝ Թուրքիան վերանայեց և ճշգրտեց իր արտաքին քաղաքական գերակայությունները։
 
Ճիշտ նույն կերպ էլ այժմ Իվանիշվիլին է հորդորում ՆԱՏՕ-ին Վրաստանին ՆԱՏՕ ընդունելուն ուղղված արագ քայլեր իրականացնել. այս ֆոնին դաշինքի բարձրագույն ղեկավարությունն իսկապես կոչ արեց անդամ երկրներին դրական մոտեցում ցուցաբերել Վրաստանի անդամության գործողության պլանին։ Արդյունքում՝ դա կարող հանգեցնել այն բանին, որ հստակ պահանջներ ներկայացվեն Թբիլիսիին, որոնք ՆԱՏՕ մտնելու նրա պլաններն անորոշ ժամանակով կհետաձգեն. բավական է հիշատակել միայն պետության տարածքային ամբողջականության հարցի լուծման անհրաժեշտությունը։ Պատահական չէ, որ ս.թ. նոյեմբերի 29-ին Վրաստանի խորհրդարանում փակ բանավեճ տեղի ունեցավ ՆԱՏՕ-ի հետ փոխհարաբերությունների հարցի վերաբերյալ, որին մասնակցեցին արտաքին հարաբերությունների, Եվրոպայի հետ ինտեգրման, պաշտպանության և անվտանգության կոմիտեների, ինչպես նաև Թբիլիսիում ՆԱՏՕ-ի հետ կապի գրասենյակի ներկայացուցիչները։ Բանավեճի ընթացքում, արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Թեդո Ջափարիձեի խոսքերով՝ մասնակիցները «բացահայտ քննարկեցին փոխհարաբերությունների հարցն ու գնահատեցին մեր մոտեցումների իրատեսությունը»4։
 
Համենայնդեպս, Իվանիշվիլին օբյեկտիվ արդարացում է ստանում դաշինքին Վրաստանի անդամակցության արգելակման հարցում։ Ի վերջո, խոր ու նեղ կածանում կարելի է մանևրել միայն արգելակելով։
 
1 Անգլ.՝ «lame duck»:
 
2 «Ռեգնում» լրատվական գործակալություն, 27 նոյեմբերի 2012թ., http://www.regnum.ru/news/georgia/1597947.html
 
3 Աբխազիայի տարածքով հաղորդակցության բացման հեռանկարը զայրացնում է Բաքվին (փոքր-ինչ պակաս է արտահայտվում Անկարայի պարագայում)։
 
4 «Ռեգնում» լրատվական գործակալություն, 29 նոյեմբերի 2012թ., http://www.regnum.ru/news/georgia/1598953.html
 
Սերգեյ Սարգսյան 
«Նորավանք» ԳԿՀ Քաղաքական հետազոտությունների կենտրոնի փոխղեկավար
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play