Շահան Գանտահարյան. Վիլայեթի և ինքնավար շրջան


Շահան Գանտահարյան. Վիլայեթի և ինքնավար շրջան

  • 16-01-2013 12:15:23   | Լիբանան  |  Վերլուծություն

 

          
Ամերիկյան վերլուծումները ուշագրավ բաժիններով կենտրոնացել են Սիրիայի հարցով ԱՄՆ-Թուրքիա շահերի աններդաշնակության վրա: Եթե երեւութապես Սիրիայի վարչակարգի տապալումը համընկնում է թե՛ Վաշինգտոնի եւ թե՛ Անկարայի շահերին, ապա Սիրիայի հիմնախնդրի հանգուցալուծման մեջ կարեւոր գործոն նկատվող քրդական հարցի նկատմամբ միանշանակ չեն երկու պետությունների շահագրգռությունները: 
 
Արժե առանձնացնել ամերիկացի պատմաբան Գրայֆին Թարփլինի վերլուծման հետեւյալ բաժինը` Թուրքիայի եւ Սիրիայի հարցի մասին  կատարած իր վերլուծությունում.-
 
«Քրդստանի աշխատավորական կուսակցությունը  ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության  կողմից աջակցվող կազմակերպություն է: ԱՄՆ ՔԱԿ-ին օգտագործում է Իրանի դեմ:  Մեկ տարի առաջ, Իսրայելի արտաքին գործերի նախարար Լիբերմանը  Մարմարա նավի միջադեպի հետ կապված Թուրքիային պատժելու համար հայտարարեց, որ աջակցելու է ՔԱԿ-ին: Տեղեկություններ կան, որ ՆԱՏՕ-ն Հունաստանի միջնորդությամբ աջակցում է ՔԱԿ-ին: Այդ պատճառով, Անկարան պետք է հասկանա, որ դրա նպատակը Թուրքիայի վերացումն է»:
 
Եթե ԱՄՆ Պետքարտուղարությունը սկսել է խոսել Թուրքիայի մասնատման հավանականության մասին, ամերիկացի վերլուծաբանները բարձրաձայնում  են ընդհանրապես այդ երկրի վերացման մասին:
 
Թուրքական կողմը բնական է որ ՔԱԿ-ի կամ առհարսարակ քրդական գործոնի շահարկումը գերտերությունների կողմից նկատում է եւ համապատասխան քայլեր է ձեռնարկում: Շռնդալից ձեւով Օջալանի հետ համաձայնության գալը, իբրեւ թե համաձայնեցված կետերի հրապարակայնացումը եւ մանավանդ Փարիզի դեպքերի նկատմամբ  պիղատոսություն ցուցադրելը. տակավին Անկարայի պատվիրակատարների կողմից իրարահաջորդ հայտարարությունները` թե հակառակ Փարիզի դեպքերին բանակցությունները պետք է շարունակել ՔԱԿ-ի հետ, թուրքական միեւնույն մղձավանջի մաս կազմող դրսեւորումներ են: 
 
Ներսիրիական պատերազմին արտաքին զինվորական միջամտությունները բացառելը ճիշտ է որոշ առումով հենվում է ռուսական պարտադրանքի վրա: Այսուհանդերձ թվում է նաեւ, որ ԱՄՆ-ը կամ միջազգային ընտանիքը եւս վճռական չեն այդ ուղղությամբ: Ներսիրիական բախումներով մաշելու ու քանդելու քաղաքականությանն առընթեր Անկարան այս բոլորի մեջ խրելու միտումները տեսանելի են դառնում հաճախ ակներեւ կերպով:
 
Եւ եթե ամերիկյան կողմը պետական թե ոչ պաշտոնական մակարդակներով խոսում է Թուրքիայի անդամահատման կամ առհասարակ վերացման տեսանելիության մասին, Թուրքական կողմը ծայրահեղ հակազդեցություններ  է ցույց տալիս։ Ճիշտ է, որ ուղղակի կառավարական աղբյուր չէ հաղորդողը, այսուհանդերձ կառավարության անունով  է խոսվում (եւ մինչ այժմ չի հերքվել) Սիրիայի վալիի նշանակման մասին: Ընդ որում ոչ միայն Թուրքիայում ապաստանած սիրիացի գաղթականներին վերաբերող գործառույթներով զբաղվելու համար, այլ նաեւ Սիրիայի տարածքում Դամասկոսի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքների համար: Վալին կամ նահանգապետը վիլայեթ կամ նահանգ կունենա, իսկ այդ նահանգը, ըստ հրապարակված տեղեկության ներառում է թե՛ Թուրքիայի եւ թե՛ Սիրիայի տարածքները: Վալիի կամ վիլայեթի մասին թուրքական գյուտը առաջին հայացքից անհեթեթության դրսեւորում է: Խորքում սակայն հակազդեցություն է: Այս նորաստեղծ նահանգը, տրված լինելով, որ սիրիական տարածքներ է ներառում, Սիրիայի մասնատում  է ենթադրում: Վալիի նշանակումը ուրեմն, Թուրքիայի մասնատման դիմաց Սիրիայի մասնատման տեսությունն է, որ Անկարայի կառավարության անունով առաջ կքշվի:
 
Նորանշանակ Վալին սակայն պետք է շտապ տեղեկագրի իր կենտրոնական կառավարությանը, որ իր «վերահսկած» տարածքին անմիջական հավերանությամբ կազմված է արդեն քրդական ինքնավար մարզ, որը սպառնում է քրդական վիլայեթներ ստեղծել Թուրքիայի տարածքում: 
 
 Շահան Գանտահարյան
 
«Ազդակ»-ի գլխավոր խմբագիր
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play