Հայագետ լինելը կոչում է...

Տիգրան Գույումճյանի դիմանկարի ուրվագիծ

21-01-2013 01:57:17   | Ռումինիա  |  Նշանավոր հայեր

 

Ինչպես այսօր ապրող բոլոր հայերը, ժամանակակից ականավոր հայագետ Տիգրան Գույումճյանը ծնունդով, այսպես ասած, Ցեղասպանությունից է: Մայրը` Զաբել Գալուստյանը, եղբոր` Արշավիրի հետ որբացել են չարաբաստիկ 1915 թվականին: Գիտնականի պապը, որի պատվին նա նույնպես Տիգրան է կոչվել, եղել է ուսուցիչ, հետագայում առեւտրական գործակալ: Նա ձերբակալվել եւ սպանվել է հայ մտավորականության մյուս նշանավոր ներկայացուցիչների հետ միասին ճակատագրական ապրիլյան այն օրերին: Տատիկին իր երեխաների աչքի առաջ նստեցրել են բեռնասայլը եւ քշել «Մահվան հովիտ»` Դեր-Զորի սիրիական անապատը: Զաբել Գալուստյանը հրաշքով փրկվել է եւ հայտնվել Կոստանդնուպոլսի հայկական որբանոցում: Նրան այնտեղից վերցրել է հորեղբայրը` Լեւոն Գալուստյանը, որը մինչ այդ հաստատվել էր Չիկագոյում եւ նրա անունը հայտնաբերել որբերի այն մեծ ցուցակում, որ հրապարակում էին հայկական եւ ամերիկյան բարեգործական կազմակերպությունները:
 


Գիտնականի հայրը` Թորոս Գույումճյանը ծնվել է Կայսերիում, մեծացել Զմյուռնիայում: Հաճախել է Վենետիկի Մխիթարյան միաբանության դպրոցը: Նա նույնպես հրաշքով փրկվել է ցեղասպանությունից, հեռանալով Զմյուռնիայից 1922 թվականի ողբերգական իրադարձություններից անմիջապես առաջ, երբ թուրքական զորքերը Աթաթուրքի ղեկավարությամբ հարձակվեցին քաղաքի վրա եւ կազմակերպեցին հայ եւ հույն բնակիչների ջարդեր:
 
Թորոսը աշխարհով մեկ երկար թափառումներից եւ տանջալի ուղեւորությունից հետո հայտնվում է Չիկագոյում, իսկ նրա ընտանիքը հաստատվում Ռումինիայում, որտեղ բավական մեծաթիվ հայ համայնք կար: Հենց այնտեղ, ռումինական Տուլչա քաղաքում էլ 1934 թվականին ծնվում է Տիգրան Գույումճյանը: Այնտեղ էլ երկու տարի անց ծնվում է նրա կրտսեր եղբայր Արմենը:
 
Գույումճյանների ընտանիքը Ռումինիայում էր մնում մինչեւ 1939 թվականը: Սկսվում է Երկրորդ համաշխարհային պատերազմը, եւ ամերիկյան դեսպանությունը համառորեն խորհուրդ է տալիս իր քաղաքացիներին վերադառնալ ԱՄՆ: Ահա այդպես հինգ տարեկան Տիգրան Գույումճյանը հայտնվում եւ հաստատվում է Չիկագոյում:
 
Վիսկոնսինի համալսարանում ուսանելու տարիներին Տիգրան Գույումճյանը հասցնում է գործնականորեն ուսումնասիրել բոլոր գիտակարգերը, ֆիզիկական քիմիայից մինչեւ եվրոպական քաղաքակրթության պատմություն: Վիսկոնսինի համալսարանում նա ստանում է եվրոպական պատմության բակալավրի աստիճան, իսկ Բեյրութի ամերիկյան համալսարանում` արաբագիտության մագիստրոսի աստիճան, ինչպես նաեւ դոկտորական թեզ է պաշտպանում Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի Մերձավորարեւելյան եւ միջինարեւելյան լեզուների եւ գրականությունների ֆակուլտետում, ստանալով փիլիսոփայության եւ հայագիտության դոկտորի գիտական աստիճան:
 
1977 թվականին Տիգրան Գույումճյանին Փարիզից հրավիրում են Ֆրեզնո Կալիֆորնիայի համալսարանում հայագիտական նոր դասընթացի դասավանդման համար: Այստեղ նա վերակազմակերպում է հայ ուսանողական ընկերությունը եւ հիմնում հայերեն «Հայ շարժում» ուսանողական թերթը: 1985 թվականին նա կազմակերպում է Հայագիտական հետազոտությունների կենտրոնը:
 
Պրոֆեսոր Տիգրան Գույումճյանը երկար եւ անհարթ ուղի է անցել: Իր դասախոսական գործունեությունը սկսել է ավելի քան քառասուն տարի առաջ Բեյրութի ամերիկյան համալսարանում, մի քանի տարի նա վարել Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի հումանիտար գիտությունների դասընթացը, իսլամի պատմություն է դասախոսել եւ եղել է Արաբական ուսումնասիրությունների կենտրոնի օգնական Կահիրեի ամերիկյան համալսարանում: Յոթանասունական թվականների սկզբին նա ղեկավարել է Հայագիտական հետազոտությունների բաժինը Հայկազյան համալսարանում, հետո նորից վերադառնում Բեյրութի ամերիկյան համալսարան, որտեղ մի քանի տարի կատարել է Հայաստանի եւ Մերձավոր Արեւելքի պատմության պրոֆեսորի պարտականությունները:
 
1976 թվականի ՅՈՒՆԵՍԿՕ-ն պրոֆեսոր Տիգրան Գույումճյանին գործուղում է Լիբիայի Արաբական Հանրապետություն հատուկ առաքելությամբ` հնագիտական թանգարանների աշխատակիցներին ծանոթացնել դրամագիտության առանձնահատկություններին եւ գաղտնիքներին եւ հին դրամների պահպանությանը: Որոշ ժամանակ անց գիտնականը տեղափոխվում է Փարիզ, որտեղ դասավանդում է դասական, միջնադարյան եւ իսլամի պատմության ու արվեստ Փարիզի ամերիկյան համալսարանում:
 
Տիգրան Գույումճյանը իր նպաստն է բերել Երեւանի պետական համալսարանի եւ Ֆրեզնոյի համալսարանի միջեւ ծրագրի իրականացմանը եւ այս ծրագրի շրջանակում մի քանի տարի աշխատել ԵՊՀ արտասահմանյան լեզուների եւ գրականության ֆակուլտետում:
 
1987-1991 թթ. Տիգրան Գույումճյանը Փարիզի համալսարանի Արեւելյան լեզուների ինստիտուտի Հայոց լեզվի ամբիոնի վարիչն է:
 
Անսովոր մեծ է Տիգրան Գույումճյանի դասավանդած առարկաների ցանկը: Դա Հայաստանի պատմությունն է, իսլամի, դասական շրջանի եւ Բյուզանդիայի պատմությունը, Արեւմտյան եւ Արեւելյան հումանիտար գիտություններ, Ցեղասպանության պատմություն, Վիլյամ Սարոյանի ստեղծագործությունը: Ի դեպ, Տիգրան Գույումճյանը երկար տարիներ եղել է մեծ գրողի մոտ ընկերը:
 
Նույնքան տպավորիչ է գիտնականի գիտա-հրատարակչական գործունեությունը: Նա լույս է ընծայել տասներկու մենագրություն, հրապարակել հարյուրից ավելի ակադեմիական հոդված ու ուսումնասիրություն, զեկուցումներով հանդես է եկել 80-ից ավելի միջազգային գիտաժողովներում: Նա բազմաթիվ կարեւոր համաժողովների նախաձեռնողն ու կազմակերպիչն է եղել, նվիրված «Սասունցի Դավիթ» հայկական էպոսին, հայ ճարտարապետությանը, պատմահայր Մովսես Խորենացուն, Ադանայի հայկական ջարդերին, Վիլյամ Սարոյանի ստեղծագործությանը եւ այլն:
 
Տիգրան Գույումճյանի գործունեության մի ոլորտն էլ ցուցահանդեսների կազմակերպումն է, այդ թվում` մեծ ցուցահանդես, նվիրված միջնադարյան հայ արվեստին, որտեղ ցուցադրվում էին 210 ցուցանմուշներ, ներառյալ 30 խաչքարեր: Ցուցահանդեսի կատալոգը կազմում էր 470 էջ: Մյուս նշանակալի ցուցահանդեսը Սերգեյ Փարաջանովի գեղարվեստական աշխատանքների ցուցադրությունն էր: Նման ցուցահանդեսները քիչ չեն եղել:
 
Տիգրան Գույումճյանը ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ է, տասը գիտական խորհուրդների անդամ, Հայագիտական հետազոտությունների ընկերության հիմնադիրներից եւ ղեկավարներից մեկը: Նա անդամ է նաեւ հինգ հայագիտական հրատարակությունների:
 
Պրոֆեսոր Տիգրան Գույումճյանի գիտական եւ դասախոսական գործունեությունը, հայագիտության ոլորտին բերած իր ծառայությունները, ինչպես նաեւ կազմակերպչական աշխատանքը բազմիցս արժանացել են ամենաբարձր եւ հեղինակավոր պարգեւների: Նրան քանիցս շնորհվել է «Տարվա ականավոր պրոֆեսորի», «Տարվա համալսարանական գիտնականի», «Տարվա մարդու» կոչում:
 
Ինչպե՞ս է գիտնականին հաջողվում հասցնել այդ ամենը: Նշեմ այդ առնչությամբ, որ այս փոքր հոդվածում ես փորձեցի ընդգրկել իր կյանքի եւ գործունեության ամենակարեւոր շրջանները: Իսկ դեռ որքան էլ մնաց «կադրից դուրս»: Այդ հարցի պատասխանը ես չունեմ: Պատասխանը գիտի միայն մի մարդ` Տիգրան Գույումճյանն ինքը:
 
Գուրգեն Կարապետյան 
 
Նոյյան տապան   -   Նշանավոր հայեր
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից