Կառավարությունը կրկին խորհրդարան է ներկայացրել մեկ ամիս առաջ մերժված օրենսդրական նախաձեռնությունր


Կառավարությունը կրկին խորհրդարան է ներկայացրել մեկ ամիս առաջ մերժված օրենսդրական նախաձեռնությունր

  • 12-05-2011 17:02:46   | Հայաստան  |  Քաղաքական
Մայիսի 12-ին Ազգային ժողովը 59 «կողմ», 12 «դեմ» եւ 1«ձեռնպահ» ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության հեղինակած «Հանրային ծառայության մասին» օրենսդրական փաթեթը: Այն ԱԺ-ում անցել էր երեք ընթերցումների ընթացակարգով, սակայն վերջնական ընդունումն ապրիլի 15-ի արտահերթ նիստում տապալվել էր. քվեարկությանը չէին մասնակցել օրենսդրական նախաձեռնության հիմնական ընդդիմախոսները` ՀՅԴ խմբակցության անդամները: Օրինագծով սահմանվում են ՀՀ-ում պետական, համայնքային ծառայություններն ու պետական պաշտոններն ընդգրկող հանրային ծառայության սկզբունքները, կազմակերպման կարգը, էթիկայի կանոնները: Կարգավորվում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների ու փոխկապակցված անձանց հայտարարագրման հետ կապված հարաբերությունները։ Մասնավորապես, սահմանվում են նվերներ ընդունելու արգելքը, Հանրային ծառայողի եւ Բարձրաստիճան պաշտոնատար անձի էթիկայի հանձնաժողովների կազմավորման եւ գործունեության կարգերը: Նախօրեին, նախագծի քննարկման ժամանակ, առանձին դրույթների վերաբերյալ պատգամավորների բազմաթիվ հարցադրումներից եւ առարկություններից պարզ դարձավ, որ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը ոչ միանշանակ է ընդունվել: «Օրինաց Երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը քվեարկությունից առաջ հայտնեց, որ իրենք դեմ չեն «Հանրային ծառայությունների մասին» օրինագծին, «այլ պարզապես կան որոշակի դրույթներ, որոնց հետ կան անհամաձայնություններ», ուստի կներկայացնեն իրենց առաջարկությունները: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն էլ հայտարարեց, որ կառավարության ներկայացրած նախագիծն այս տեսքով իրենց համար «չի կարող վերջնական ընդունելի լինել»: «Նախագծում կան մեզ համար բազմաթիվ անընդունելի դրույթներ, որոնք կիրարկման դեպքում խնդրահարույց են լինելու, ուստի «Բարգավաճ Հայաստան»-ը, ինչպես եւ կոլիցիոն մեր գործընկերները, առաջին ընթերցմանը կողմ կքվեարկի պայմանով, որ մինչեւ երկրորդ ընթերցում կառավարության արձագանքը լինի մեր ներկայացվելիք առաջարկներին: Կլինի կառավարության արձագանքը դրական` երկրորդ ընթերցման ռեժիմում մեր քվեարկությունը կլինի դրական, չի լինի դրական` խմբակցությունը կքեարկի դեմ»: Ինչպես նկատեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, Հ.Բիշարյանն ու Ն.Զոհրաբյանը «բերեցին հենց այն փաստարկները, որոնց վրա հիմնվելով ՀՅԴ խմբակցությունը դեմ է քվեարկելու»: Նա նաեւ հավելեց, որ նախօրեին, իր ելույթից հետո, հիմնական զեկուցողը` ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, նախընտրեց եզրափակիչ ելույթ չունենալ ու հնչած առաջարկությունների վերաբերյալ դիրքորոշում չհայտնել:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play