Մարտի 3-ին կնշվի Վարդանանց Սուրբ նահատակների հիշատակության տոնը


Մարտի 3-ին կնշվի Վարդանանց Սուրբ նահատակների հիշատակության տոնը

  • 02-03-2011 18:31:45   | Հայաստան  |  Հասարակություն
Այս տարի մարտի 3-ին` Մեծ պահքին նախորդող հինգշաբթի օրը, Վարդանանց Սուրբ նահատակների հիշատակության տոնն է: Այդ առիթով բոլոր եկեղեցիներում կմատուցվի Ս. Պատարագ: Վարդանանցին նախորդող երեքշաբթի օրը Հայ եկեղեցին նշում է Սուրբ Ղեւոնդյանց ոգեկոչման օրը, այսինքն` Ղեւոնդ Երեցի, Հովսեփ Հողոցմեցի կաթողիկոսի եւ եւս յոթ հոգեւորականների նահատակությունը, ովքեր Ավարայրի ճակատամարտից հետո շղթայակապ տարվեցին Պարսկաստան, բանտարկվեցին եւ բազմաթիվ կտտանքներից հետո մահվան դատապարտվեցին: 428թ. Հայաստանում վերջ դրվեց Արշակունյաց թագավորությանը: Հայաստանի պարսկական տիրապետությանն անցած մասը դարձավ մարզպանություն եւ մարզպան նշանակվեց Վասակ Սյունին: Պարսից թագավոր Հազկերտը` Վռամի որդին, խիստ մոլեռանդ էր իրենց կրոնի օրենքները պահելու հարցում եւ 449թ. մի հրովարտակ է հրապարակում, որով տերության սահմաններում գտնվող բոլոր հպատակներին պարտադրվում է ընդունել զրադաշտական կրոնը: Այս ընթացքում հայ նախարարները սպարապետ Վարդան Մամիկոնյանի եւ կաթողիկոս Հովսեփ Հողոցմեցու գլխավորությամբ Արտաշատում ժողով են գումարում եւ պատասխանում Հազկերտին. ,Այս հավատից մեզ ոչ ոք չի կարող խախտել, ոչ հրեշտակները, ոչ մարդիկ, ոչ սուրը եւ ոչ հուրը, ոչ ջուրը եւ ոչ էլ որեւէ այլ դառն հարված: Մեր ամբողջ գույքն ու ստացվածքը քո ձեռքում են, եւ մեր մարմինները քո առաջ են, քո կամքի համաձայն արա, ինչ ուզում ես: Եթե այս հավատի մեջ թողնես, ոչ երկրի վրա ուրիշ տեր կընդունեք քո փոխարեն եւ ոչ էլ երկնքում ուրիշ Աստված` Հիսուս Քրիստոսի փոխարեն, Որից բացի ուրիշ Աստված չկաե: Պատասխանը խիստ զայրացնում է Հազկերտին եւ 451թ. գարնանը պարսկական զորքը Մուշկան Նյուսալավուրտի գլխավորությամբ մտնում է Հայաստան եւ հասնում Արտազ գավառ` բանակ դնելով Տղմուտ գետի աջ ափին: Պարսկական զորքը 200 հազար էր` հայկականից 3 անգամ ավելի: Մայիսի 25-ին զորքերը պատրաստվում են վճռական ճակատամարտի: Հոգեւորականները մկրտում են չմկրտված անձանց: Բոլորը Ս. Ավետարանի վրա երդումով միաբանվում են, որով Հայոց բանակատեղին նմանվում է շարժական եկեղեցու Ս. Ավազանով, Ավետարաններով, խաչերով, Սրբերի նշխարներով եւ անգամ եկեղեցական նվիրապետությամբ` կաթողիկոսից մինչեւ սաղմոսասաց: Մայիսի 26-ին սկսվում է ճակատամարտը: Ավարայրում, հերոսաբար մարտնչելով, իր զինվորների հետ նահատակվում է Վարդանը, եւ նրա հետ 7 երեւելի նախարարներ` Արտակ Պալունին, Խորեն Խորխոռունին, Հմայակ Դիմաքսյանը, Տաճատ Գնթունին, Վահան Գնունին, Արսեն Ընծայեցին, Գարեգին Սրվանձտյանը` իրենց տոհմակից ազնվականներով` 296 հոգի: Վարդանանց քաջերին Ս. Ներսես Շնորհալի հայրապետը ձոնել է ,Նորահրաշե շարականը` ամեն քառատող սկսելով նահատակ մի իշխանի անունով: Ճակատամարտին մասնակից էին նաեւ հոգեւորականները, ովքեր իրենց անմնացորդ ծառայությունը մատուցեցին Հայ Եկեղեցու, հավատքի ու հայրենիքի պաշտպանությանը: Նրանցից էին Ս. Ղեւոնդյանները: Ս. Ղեւոնդյանց մարտիրոսությունը տեղի ունեցավ Ս. Վարդանանց նահատակությունից երեք տարի երկու ամիս հետո, բայց եկեղեցական տոնացույցի մեջ սկզբում է դրված Ղեւոնդյանց տոնը` իբրեւ Վարդանանց պատերազմի գաղափարախոս նախապատրաստողների: Արարատյան Հայրապետական թեմի Մամլո դիվան
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play