Նոր հարթակ`մեկտեղելու քաղաքացիական հասարակության և լրատվական դաշտի ներուժը


Նոր հարթակ`մեկտեղելու քաղաքացիական հասարակության և լրատվական դաշտի ներուժը

  • 12-02-2013 11:10:42   | Հայաստան  |  Հասարակություն

Փետրվարի 11-ին տեղի ունեցավ նորաստեղծ «Մեդիա Կենտրոն»-ի բացման ասուլիսը: Ներկայացվեցին կենտրոնի նպատակները, առաքելությունը, նախընտրական  ու ընտրական շրջանում Մեդիա Կենտրոնում կայանալիք միջոցառումները եւ ԶԼՄ-ների հետ համագործակցության հնարավորությունները:

Ասուլիսին մասնակցում էին Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Էյվսը, Քաունթերփարթ ինթերնեշնլ Հայաստանի տնօրեն Կարել Հոֆստրան, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը, Հանրային լրագրության ակումբի ղեկավար Սեդա Մուրադյանը և «Մեդիա Կենտրոնի» համակարգող Գայանե Աբրահամյանը: 
 
«Մեդիա Կենտրոնը» նոր հարթակ է` մեկտեղելու քաղաքացիական հասարակության և լրատվական դաշտի ներուժը: Մեր հիմնական առաքելությունն է աջակցել լրատվամիջոցներին ընտրությունների լուսաբանման ողջ գործընթացում՝ հասանելի դարձնելով ընտրությունները վերահսկող հասարակական կառույցների, քաղաքացիական նախաձեռնությունների, ընտրատեղամասերում աշխատող դիտորդական խմբերի, հանրային լրագրողների կողմից ստացվող տեղեկությունները:
Մեծ Բրիտանիայի արտակարգ  և լիազոր դեսպան Ջոնաթան Էյվսը նշեց, որ իրենք փորձում են անել հնարավորը` նպաստելու ընտրությունների կազմակերպման եւ անցկացման գործին: «Ինչպես գործընկեր մյուս դեսպանատները եւ ներկայացուցչությունները` մենք նույնպես ուշադիր հետեւում ենք ընտրական գործընթացներին, եւ ուրախ ենք, որ կարող ենք աջակցել Հայաստանին վճռական որոշման մեջ` ձգտել եվրապական  չափանիշներին: Կարծում եմ այս կենտրոնն ունի այն հնարավորությունը, որ կարող է ապահովել ընտրական գործընթացների թափանցելիությունը եւ կապն ընտրողների, ԶԼՄ-ների եւ հասարակության միջեւ»,-ասում է Ջ. Էյվսը:
Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը նշեց, որ «Մեդիա Կենտրոն»-ը քաղաքացիական հասարակության ակտիվությունը, հմտությունները, տեխնոլոգիաների հնարավորությունը կամրջող օղակ կդառնա.  «Մեդիա Կենտրոն»-ն այդ ամենը հասու կդարձնի լայն հասարակությանը` ավելի վստահելի եւ թափանցիկ կդարձնի ընտրությունների լուսաբանումը»,-ասում է Լարիսա Մինասյանը: 
Քաունթերփարթ ինթերնեշնլ Հայաստանի տնօրեն Կարել Հոֆստրանն էլ նշեց, որ ԶԼՄ ներկայացուցիչները և քաղաքացիական հասարակությունը կարող են համախմբվել ի նպաստ հասարակական շահի: «Մեր ծրագրի գործոններից է քաղաքացիական հասարակությանը ռեսուրսներ տրամադրելը»,-ասում է Կ. Հոֆստրանը:
Հանրային լրագրության ակումբի ղեկավար Սեդա Մուրադյանը տեղեկացրեց, որ լրագրողները կենտրոնից կարող են ընտրությունների վերաբերյալ տեղեկություն ստանալ եւ օգտվել կենտրոնի հնարավորություններից` հարցազրույցներ անել դիտորդական առաքելություն իրականացնող ՀԿ-ների ներկայացուցիչների եւ նախագահների հետ, անհատական հարցազրույցներ վերցնել դիտորդներից: 
 Փետրվարի 18-ին` քվեարկության օրը,  «Մեդիա կենտրոն»-ն աշխատելու է 24 ժամ. կլինեն ասուլիսներ, Skype-ով միացումներ ընտրատեղամասերից եւ  հարցազրույցներ ինչպես վերլուծաբանների, դիտորդների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, այնպես էլ թեկնածուների կամ նրանց ներկայացուցիչների հետ:  
Տեղի ունեցած ասուլիսի ձայնագրված տարբերակը կարող եք դիտել Ա1+ի YouTube- էջում, այցելելով հետեւյալ հղումով` http://www.youtube.com/watch?v=IOfTV_plabk&feature=youtu.be 
Փետրվարի 11-ին «Մեդիա Կենտրոն»-ում տեղի ունեցավ նաեւ հարցազրույց  ՀՀ  նախագահի թեկնածու Արման Մելիքյանի հետ: Հարցազրույցի տեսաձայնագրությունը կարող եք դիտել այստեղ` http://www.youtube.com/watch?v=mtvbfjTi7_I&list=UUXdAEFA6DLFd-rcPYnATCRA&index=4:
 
 
«Մեդիա Կենտրոն»-ի մամլո ասուլիս-քննարկումների այս շաբաթվա ժամանակացույցը
Ամսաթիվ Թեմա Հյուրեր
 
12.02 (երեքշաբթի)
 
Ժամը` 12:00
 
Ընտրախախտումներ
 
ընտրացուցակներ, փակ հաստատություններում ընտրություններն ու քարոզարշավը (բանակ, կալանավայրեր), արտերկրում ապրող ՀՀ քաղաքացիների ընտրելու  իրավունքի խախտում Երկարաժամկետ դիտորդություն իրականացնող «Ընտրությունը քոնն է» ՀԿ-ի ղեկավար Հարություն Համբարձումյան, 
ԱԺ պատգամավոր (ՀՀԿ) Հովհաննես Սահակյան
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունց, 
«Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյան,
Անձնագրային և վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյան    
 
13.02 (չորեքշաբթի)
 
Ժամը` 12:00
Հասարակական խնդիրներ 
 
Բանակի, բնապահպանական և քաղաքաշինական  խնդիրները ՀՀ  նախագահի թեկնածուների ծրագրերում
 
«Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնությունից  Ծովինար Նազարյան, 
Լալա Ասլիկյան, Վարդինե Գրիգորյան, 
«Մեր քաղաքը» նախաձեռնություն ,
«Առողջ Հրազդան խումբ» քաղաքացիական նախաձեռնությունից Մովսես Մանուկյան, 
Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյան,
Թրանսփարենսի ինթերնեյշնլ ՀԿ փոխնախագահ Սոնա Այվազյան,
Զարուհի Փոստանջյան («Ժառանգություն»)
 
14.02 (հինգշաբթի)
 
Ժամը` 12:00
Ընտրական իրավունքի իրացման խնդիր
 
Հաշմանդամություն ունեցող մարդկանց  ընտրական իրավունքի իրացման խնդիրները, ընտրական գործընթացներում կանանց և երիտասարդների ներգրավվածությունը
 
Հատուկ կարիքներով մարդկանց աջակցության «Ունիսոն» ՀԿ ղեկավար ԱրմենԱլավերդյանը, ով կներկայացնի կազմակերպության երկարաժամկետ դիտորդների մոնիթորինգի արդյունքները, 
Անահիտ Բախշյան («Ժառանգություն» կուսակցություն), 
ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայան
 
15.02 (ուրբաթ)
Ժամը` 12:00
Բլոգոսֆերա, սոցցանցեր
 
Բլոգոսֆերա, սոցցանցեր, ինտերնետի ազդեցությունն ու ներգրավվածությունը ընտրական գործընթացներում, ազատ խոսք թե զրպարտություն
Բլոգերներ Տիգրան Քոչարյան, Էդգար Բարսեղյան, Սամվել Մարտիրոսյան, 
Ստյոպա Սաֆարյան («Ժառանգություն» կուսակցություն), Մամուլի աջակցության «Ինտերնյուս» ՀԿ փորձագետ  Գեղամ Վարդանյան, 
«Երևանի մամուլի ակումբ»-ի նախագահ Բորիս Նավասարդյան, 
«Հետք» թերթի գլխավոր խմբագիր  Էդիկ Բաղդասարյան, 
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի փորձագետ Գևորգ Հայրապետյան
 
Հավելյալ տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել ծրագրի համակարգող Գայանե Աբրահամյանին  (+374 55) 266886, (+374 60) 505898,  (+374 99) 755 898: Էլ փոստ` mediacenter@mynews.am :
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play